Հայերը որպես ժողովուրդ ձևավորվել են մ.թ.ա. II – I հազարամյակների ընթացքում, և այդ կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում:
Հայությունն անցել է ժամանակակից ազգերի զարգացման բոլոր փուլերը` նախնադարյան ցեղերից և միջնադարյան ժողովուրդից արդի ազգ: Այնուամենայնիվ, ինչպես վկայում են վերջին հետազոտությունները, հայերի գենոֆոնդը, մանավանդ կանանց մոտ շուրջ 4 հազար տարի չի փոփոխվել, միաժամանակ՝ մաս կազմելով նաև հարևան ժողովուրդների գենոֆոնդի:
Հայերը պետականաստեղծ ժողովուրդ են: Հայկական պետական կազմակվորումները հանդես են գալիս հայ ժողովուրդի ծագման հետ գրեթե միաժամանակ՝ խթանելով ժողովրդաստեղծ գործընթացը:
Հայերը, որպես էթնիկական կազմավորում առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով: Լեզվաընտանիքի հայրենիքն է Հայկական լեռնաշխարհը և հարակից երկրամասերը` Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելքը և Իրանական բարձրավանդակի հյուսիսը: Դեռ նեոլիթի դարաշրջանում այստեղ կատարվել է հնդեվրոպական լեզվով խոսող ցեղերի տրոհումն առանձին լեզվաբարբառների, ապա`ցեղակից լեզուների: Անտրոպոլոգներ Ֆ.Լուշանի, Է.Շանտրի, Վիրխովի, Պանտյուխովի, Տվարյանովիչի, Դ. Անուչինի և այլոց մանրակրկիտ ուսումնասիրությունների համաձայն`այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով:
Հայաստանի տարածքում գտնված գանգերը (Սևան, Լճաշեն և Շենգավիթ), որոնք թվագրվում են մ.թ.ա. III – II հազարամյակներին, ունեն վառ արտահայտված եվրոպոիդ և արմենոիդ ռասայի հատկանիշներ։ Սակայն II հազարամյակի գանգերը տարբերվում են բավական լայն դեմքով։
Մ.թ.ա. V-IV հազարամյակներում հնդեվրոպական ցեղերի մի մասը տեղաշարժվելով` Հայկական լեռնաշխարհից և Փոքր Ասիայից տարածվել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը, որոնց թվում խեթական, հայկական, հունական և իրանական ցեղերը մնացել են նախահայրենիքի տարածքում: Այս բոլորը վկայում են հայերի տեղաբնիկ լինելու մասին:
Ն.Ի.Վավիլովի և ուրիշ գիտնականների ուսումնասիրությունները հանգեցրին այն եզրակացության, որ վաղ անասնապահական և երկրագործական մշակույթների, մասնավորապես` առանձին հացահատիկային բույսերի ու խաղողի տեսակների, թանկարժեք քարերի, օբսիդիանի կամ վանակատի, պղինձի, անագի, երկաթի և այլ գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհում, որտեղ գերիշխող էին հայկական ցեղերը: Ու.Տ. Օլկոտտի կարծիքով` մ.թ.ա III հազարամյակում Հայկական լեռնաշխարհում և Փորք Ասիայում սկիզբ են առել երկնակամարի 12 համաստեղությունների մասին գաղափարը, դրանց անունները, ինչպես նաև արեգակնային օրացույցը:
Հայերի ծագման, անվան և կազմավորման վերաբերյալ պահպանված ժողովրդական ավանդությունները հեռու չեն պատմական ճշմարտությունից: Հայոց ծննդախոսական առասպելը, որը բերում է Մովսես Խորենացին (V դար), հայ ժողովրդի անվանադիրը (էպոնիմ) համարում է Հայկին, իսկ նրա «արմեններ» օտարաշխարհիկ անունը կապում է Հայկի հաջորդներից մեկի` Արամի անվանը:
Հայ ժողովրդի կազմավորմանը մասնակցել են տարբեր ցեղեր և ցեղային միություններ` ինչպես հնդեվրոպական, այնպես էլ` հարակից լեզվաընտանիքների ներկայացուցիչներ: Դրանք աստիճանաբար միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ: Յուրաքանչյուր ցեղ կամ ցեղային միություն, որը մասնակցել է հայ ժողովդրի կազմավորմանը, վերցրել է հայկական ցեղերի լեզուն, էթնիկ անվանումը, միաժամանակ փոխանցել իրենց մարդաբանական կերպարանքը, լեզուն, նյութական կամ հոգևոր մշակույթը:Ե.Ֆոռերը, Գ.Ղափանցյանը, Ս.Երեմյանը և ուրիշ ուսումնասիրողներ հայ ժողովրդի «հայ» ինքնավանումը կապել են Բարձր Հայք և Փոքր Հայք նահանգներն ընդգրկող այն երկրանվան հետ, որը խեթական արձանագրություններում հիշատակվում է որպես Հայասա: Աստվածաշնչում այս երկրամասը հիշատակվում է որպես «Տուն Թորգոմայ»:
Մ.թ.ա II հազարամյակի վերջում – I հազարամյակի սկզբներին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերն ասորաբաբելոնական սեպագիր արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, բայց որպես պետական – քաղաքական կազմավորումներ: Հայերի կազմավորման պրոցեսն ավելի ուժեղացավ հատկապես Ուրարտու պետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX-VII դդ. ), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասան աշխարհաքաղաքական միասնության: Արդեն մ.թ.ա VII դ. վերջին և VI դարում Հին կտակարանի մի շարք գրքերում, Աքեմենյան արձանագրություններում, հին հունական հեղինակների երկերում և այլ սկզբնաղբյուրներում Հայկական լեռնաշխարհը ներկայացվում է որպես գրեթե միատարր երկիր: Աքեմենյան թագավորների եռալեզու արձանագրություններում Հայաստանը աքքադերեն անվանվում է «Ուրաշտու» (Ուրարտու), հին պարսկերենում` «Արմինա», էլամերենում` «Հարմինույա», իսկ հայերը հիշատակվում են համապատասխանաբար որպես «ուրաշտայա», «արմինիյա» և «հարմինուայա»: Մ.թ.ա. VI դարում հույն հեղինակ Հեկատեոս Միլետացու «Աշխարհի քարտեզում» նշված է «Արմենիա» երկիրը, իսկ հայերը հիշատակվում են որպես «արմեններ»:
Երվանդունիների պետության ժամանակահատվածում (մ.թ.ա. VII դ. վերջ – IV դ.) հայ ժողովրդի կամզավորման պրոցեսն ավարտվեց: Հունա-մակեդոնական նվաճումներից հետո (մ.թ.ա. IV դ) հույն հեղինակները Հայաստանը ներկայացնում են որպես միալեզու և միատարր երկիր: Այդ միատարրության հիմքի վրա Արտաշես I (մ.թ.ա. 189-160թթ.) հիմնեց Մեծ Հայքի թագավորությունը, որն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան II Մեծի ժամանակ ( մ.թ.ա. 95-55):
Հայաստանում մ.թ. I դարում իշխանության եկած Արշակունիների օրոք հայերը բնակվում էին ոչ միայն բուն Հայկական լեռնաշխարհում, այլ նաև Հյուսիսային Միջագետքում, Փոքր Ասիայի արևելլյան մասերում: Շուրք 312 հազար քառ. կմ տարածք ունեցող Մեծ Հայքում հայերի թիվը անցնում էր 4 միլիոնի: 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո հայկականությունը մեծամասամբ կապվում էր Հայաստանյան Առաքելական Եկեղեցու հետնորդ լինելու հետ: 405 թվականից հայերն ունեն սեփական գիրը:
IX դարից`աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներով պայմանավորված շատ հայեր զանգվածաբար հեռացան հայրենի բնաշխարհից և սփռվեցին զանազան երկրներում: 1080 թվականին հայերը Փոքր Ասիայի հարավարևելյան մասում` Կիլիկիայում ստեղծեցին անկախ պետականություն: Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ թափ հավաքեց հատկապես XII –XVIII դարերում` մոնղոլական արշավանքների, թուրք և պարսկական տիրապետությունների ժամանակ:
Հայերի համար պատմականորեն նոր դարագլուխ էր Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի հիմնական մասի միավորումը (1828թ.), որով Հայաստանի այդ հատվածը դարձավ հայերի ազգային համախմբման, հոգևոր-մշակութային վերածնության կենտրոն: Սկվեց հայերի, որպես ժամանակակից ազգի, ձևավորումը, որն ավարտվեց XIX դարի վերջում: Հայերը չունեին ազգային պետականություն, Հայաստանը տրոհված էր Ռուսաստանի, Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև: Սոցիալական և ազգային ճնշումներն ավելի սրեցին հայերի ազգային ինքնագիտակցությունը, ծավալվեց ազգային-ազատագրական պայքար, որը, թերևս ունեցավ նաև դառը փորձություններ: Սուլթանական կառավարության իսլամիստական քաղաքականության հետևանքով 1984-1896 թթ. ավելի քան 300 հազար հայեր ոչնչացվեցին: Օսմանյան կայսրությունում հայերի գոյապահպանման և հայկական պետականության վերականգնման հարցը դարձավ եվրոպական մեծ տերությունների դիվանագիտության սակարկությունների առարկա: 1915 թվականին, երիտթուրքական իշխանությունների կիրառած ցեղասպանության հետևանքով ավելի քան 1,5 միլիոն հայեր բնաջնջվեցին, Արևմտյան Հայաստանը գրեթե զրկվեց հայերից: Եղեռնից փրկված հայերը տարագրվեցին տարբեր երկրներ, ավելի քան 300 հազար ապաստանեցին Անդրկովկասում և Ռուսաստանի այլ վայրերում: Ձևավորվեց հայկական սփյուռքը:
Հայկական պետականությունը վերականգնվեց 1918 թվականի մայիսի 28-ին` Մայիսյան հերոսամարտի շնոհիվ: Հայերը ոչ միայն տապալեցին հետագա ոչնչացման թուրք իշխանավորների մտադրությունը, այլ նաև ապացուցեցին սեփական անկախ պետականություն ունենալու իրավունքը: Սկվեց հայերանդարձության նոր ալիք: Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ), նոր թափով շարունակվեց հայերի տնտեսկան և մշակութային վերելքը:
Խորհրդային կարգերի տապալումով և ԽՍՀՄ փլուզման հետևանքով 1991 թվականին անկախացան երկու հայկական պետականություն` Հայաստանի Հանրապետությունը և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը: Անկախ ազգային պետականության պայմաններում հայությունը զարգացման նոր հնարավորություն ստացավ: