Հայերը Մերձավոր Արևելքի հնագույն ազգերից են, պատկանում են մարդկության եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ (առաջավորասիական) տիպին: Մայրենի լեզուն հայերենն է, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի ուրույն ճյուղ է։
Հայերի թիվը աշխարհում կազմում է ավելի քան 13 միլիոն: Սակայն բուն հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքում այն միայն շուրջ 3,5 միլիոն է:
Հայերի պատմական կյանքն ընթացել է Հայկական լեռնաշխարհում: Հայերը, որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով: Հայկական էթնոսը շուրջ 4 հազարամյակի պատմություն ունի և անցել է ազգերի զարգացման բոլոր փուլերը` ցեղերից ժողովուրդ և ազգ:
Հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դիրքն իր կնիքն է դրել նրա ամբողջ պատմության վրա: Գտնվելով ասիական և եվրոպական աշխարհների սահմանում` հայերեը հնագույն ժամանակներից հաղորդակցվել են Արևմուտքի և Արևելքի մշակույթին, և բուն հայկական մշակույթը յուրացրել է այդ քաղաքակրթությունների շատ տարրեր: Դրա հետ միասին Հայկական լեռնաշխարհի տարածքը, իր աշխարհագրական դիրքի հետևանքով, բազմիցս է ենթարկվել արևմուտքից արևելք շարժվող նվաճողների, իսկ ավելի հաճախ` արևելքից եկած նվաճողների ասպատակությունների: Այդ հանգամանքը մեծապես կողմնորոշեց հայերի անցած ուղու օրինաչափություններն ու առանձնահատկությունները: Աշխարհաքաղաքական գործոնը չի կորցրել իր նշանակությունը նաև արդի դարաշրջանում:
Դարերի ընթացքում հայերի, ինչպես և այլ ժողովուրդների, արտագաղթը հայրենիքից պայմանավորված է եղել երեք հիմնական գործոններով՝ տնտեսական, կրոնական և քաղաքական, որոնք, ինքնուրույն պետականության բացակայության պայմաններում, մշտապես ուղեկցվել են օտարազգի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումներով և հալածանքներով։ Պատմական ծանր ճակատագրով է պայմանավորված հայկական հսկա սփյուռքը (8-9 միլիոն)
Հայկական լեռնաշխարհի տարածքում դեռևս ամենահին ժամանակներից առաջ են եկել տարբեր պետական կազմավորումներ, որոնք նպաստեցին հայ ժողովրդի նախնիների քաղաքական հասունացմանը եւ ձևավորմանը որպես ազգ: Այդ իշխանությունների, ցեղային միությունների ու փոքր թագավորությունների միավորումից հետագայում առաջ եկան առաջին համահայկական թագավորությունները: Այսօր պատմական հայրենիքի միայն 1/10 մասում գոյություն ունի 2 հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը։ Այստեղ բնակվում է ամբողջ հայության միայն մեկ երրորդը:
Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ` մշտապես գտնվելով տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում, բայց, միաժամանակ, պահպանելով իր ինքնատիպությունը և եզակիությունը:
Հայկական մշակույթը ուշագրավ երևույթ է նաև համաշխարհային մշակույթի հայեցակետից, քանի որ խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը դրանով իսկ արժանի ավանդ է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում:
Հավատացյալ հայերը մեծամասամբ միաբնակ քրիստոնյաներ են, պատկանում են առանձին Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն: Հայաստանը առաջին երկիրն է, որտեղ քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն` 301 թվականին: Հայերի նշանակալից մասը կաթոլիկներ են, ուղղափառ կամ բողոքական: Փոքր թիվ են կազմում մահմեդականություն դավանող (հիմնականում սունի) հայերը:
Ծագումն ու կազմավորումը
Ավանդազրույցներ հայերի ծագման մասին
Հայերեն
Ավանդական տարազ
Սփյուռք