Հայկական լեռնաշխարհը իր երկրաբանական բնութագրով Անատոլիա-Իրանական ենթամայրցամաքի մասն է կազմում: Փոքր Կովկասը, նրա շարունակությունն արևմուտքում՝ Պոնտոսիդները և հարավ-արևելքում՝ Ղարադաղը, Թալիշը, էլբուրսը մի կողմից ու Տավրոս-Զագրոսյան լեռնաշղթաների համակարգը մյուս կողմից, կազմում են Անատոլիա—Իրանական ենթամայրցամաքի (միջին լայնությունը՝ մոտ 500 կմ, երկարությունը՝ 5000 կմ) եզրապատումը։ Նշված ենթամայրցամաքը նորագույն տեկտոնական պլանում արտահայտվում է միջլեռնային իջվածքի տեսքով, որը երկրաբանական․ կտրվածքի վերին մասերում բաղկացած է մինչքեմբրիի, պալեոզոյի և մեզոզոյի տարբեր ապարների վրա տեղադրված միոպլիոցենի մոլասներից ու հրաբխաքարերից։
Հյուսիսում ենթամայրցամաքի լեռնային եզրապատման հատվածը, Կենտրոնական Անատոլիայի Դալաթիա զանգվածից մինչև Ղարադաղ և Թալիշ, կազմում է դեպի հյուսիս ճկված մի աղեղնաձև կառույց՝ մոտ 800 կմ երկարությամբ և 200 կմ լայնությամբ։ Այդ հատվածի սահմաններում կուլիսաձև իրար են հաջորդում Արևելյան Պոնտոսիդները, Աջարիայի ու Թրիալեթի, Հայկական Պարի, Փոքր Կովկասի, Ղարադաղի և Թալիշի լեռնաշղթաները։ Հատվածն ընդհանրապես ունի ծալքաբեկորավոր հիմք, իսկ նրա ներքին ծալքավոր մարզերը զուգահեռ են աղեղի ընդհանուր ուղղությանը։ Աղեղը տարածման ուղղությամբ ալիքավորվում է (ունդուլացվում է), մասնատվում խոշոր խզումնային խախտումների ցանցով, որոնք ունեն ինչպես ընդհանուր կովկասյան, այնպես էլ հակակովկասյան (ուրալյան) տարածում։
Հյուսիս—հյուսիս-արևելքից Փոքր Կովկասը սահմանակից է Սևծովյան- Հարավկասպիական իջվածքների համակարգին, որի կենտրոնական մասը՝ Ռիոն-Կուրի դաշտավայրը, իր հիմքում ներկայացնում է տեկտոնական սալ՝ բաղկացած բայկալյան փոխակերպային (մետամորֆային) ապարներից։ Դրանք աններդաշնակորեն ծածկվում են լեյասի 10—12 կմ հաստությամբ արկոզներով և մեզոկայնոզոյի ավելի երիտասարդ հրաբխածին -նստվածքային առաջացումներով։ Այդ սալը շարժվում է դեպի հյուսիս և խորասուզվում Մեծ Կովկասի տակ։
Հայկական լեռնաշխարհի քարոլորտի (լիթոսֆերայի) սալի հարավային կեսի համանման խորասուզում ենթադրվում է Հյուսիս-Անատոլիական բեկվածքով (Անատոլիա-Իրանական ենթամայրցամաքի կենտրոնական մասում) դեպի հյուսիս և հյուսիս-արևելք․՝ Փոքր Կովկասի, Պոնտոսիդների և Հյուսիսային Իրանի տակ։ Աղեղի մինչև 6— 8 կմ հաստություն ունեցող ֆաներոզոյան ծալքավոր կոմպլեքսի հիմքում գտնվում են բայկալիդներ, որոնք տեղ-տեղ կրկնակի փոխակերպված և էապես վերամշակված են հերցինյան փուլում։
Ֆաներոզոյան ծալքավոր կոմպլեքսը բաղկացած է հետևյալ տեկտոնական միավորներից՝ քեմբրի-կարբոն, պերմ-տրիաս, ստորին-միջին յուրա, վերին յուրա-ստորին կավիճ, վերին կավիճ – էոցեն, օլիգոցեն – ստորին միոցեն, միջին միոցեն- ստորին պլիոցեն և պլիոպլեյստոցեն։ Մարզի կառուցվածքում առավել խոշոր լեռնակազմական (օրոգենետիկ) վերափոխումներ կատարվել են վաղ կարբոնի ու պերմի, ուշ տրիասի ու վաղ լեյասի, բաթի ու քելովեյի, ուշ նեոկոմի ու վաղ սենոնի սահմաններում, վաղ միոցենի վերջում և վաղ պլիոցենի վերջում։ Մարզի ծայրամասերում ծալքավոր և ֆլեքսուրային ձևախախտումներ (դեֆորմացիաներ) տեղի են ունեցել նաև չորրորդական ժամանակաշրջանում։ Հատվածի լեռնաշղթաների բարձրացումը ետմիոցենյան ժամանակահատվածում (մոտ 10 մչն տարի) կազմում է շուրջ 2000 մ։
Հատվածի երկրակեղևի երկրաշարժա – ձայնագիտական (սեյսմաակուստիկ) կտրվածքում առանձնացվում են մինչև 8 կմ հաստության նստվածքահրաբխածին ծածկոց, 15—25 կմ հաստության գրանիտային շերտ, 15—20 կմ ՝ բազալտային շերտ, 6—7 կմ հաստու թյամբ` վերածնված գերմաֆիտային շերտ [վերին պատյանի (մանթիայի) կազմում] ։
200—240 կմ խորություններում նշմարվում է որոշ չափով կա յուն բարձրահաղորդ շերտ, որը համարվում է Տավրոս-Կովկասյան ռեգիոնի քարոլորտի կիսահեղուկ հատակ։ Կտրվածքով վեր՝ 70—100 կմ, 25—30 կմ և 8— 15 կմ խորություններում առանձնացվում են առնվազն երեք ալիքակլանիչ շերտեր։ Ուժեղ երկրաշարժերի օջախները, գրեթե առանց բացառության, գտնվում են շուրջ 48 կմ հաստություն ունեցող երկրակեղևի վերին կեսում։
Աղեղի հյուսիսային` դեպի Սևծովյան—Կասպիական գոտին ուղղված զոնաները հիմնականում զարգացել են էվգեոսինկլինալային ռեժիմի պայմաննեում (հզոր հրաբխայնություն յուրայում, ստորին և վերին կավճում, պալեոգենում, հազվադեպ՝ դևոնում, կարբոնում և պերմում)։ Միջին ուշ պլիոցենում, պլեյստոցենում և հոլոցենում նորագույն հրաբխայնության բավականին հզոր դրսևորումը պատկանում է եզրափակիչ և սուբսեկվենտ (ետլեռնակազմական) տիպերին։ Գրանիտային մագմայականությունը (մագմատիզմը) արտահայտված է բայկալյան (Արզականի զանգված), հերցինյան (Լոքի զանգված), ուշ կիմերյան (Սոմխեթա—Ղարաբաղի և Ծաղկունյաց—Զանգեզուրի զոնաներ) և նոր ալպյան [էոցենի ու ստորին միոցենի հասակի բազմաթիվ գրանիտակերպ ներժայթքումներ (գրանիտոիդային ինտրուզիաներ)] ցիկլերում։
Գունավոր և հազվագյուտ մետաղների (Cu, Mo, Au, Pb, Zn, Fe) կարևոր արդ․ հանքավայրերը կապված են ալպյան և կիմերյան գրանիտակերպերի հետ։ Ռեգիոնի պղնձահրաքարային տիպի հանքավայրերը ծագումով կապված են մեզոզոյի և կայնոզոյի ապարների էքստրուզիվ և էֆուզիվ կոմպլեքսների, իսկ երկաթի հանքավայրերը՝ պալեոգենի գաբբրոային մագմայի ածանցյալների հետ (Սվարանց, Կալաքար, Աբովյան)։ (Տես` Հայկական լեռնաշխարհ. Բնական ռեսուրսներ)
Հայաստանի օֆիոլիթների հայտնի զոնաները, որոնք հարավում Վանի «կամրջի» միջոցով միանում են Զագրոսի զոնային, Հայկական լեռնաշխարհի հյուսիս- արևմտքում (Երզնկա քաղաքի շրջան) կազմում են Դալաթիա գլխավոր գոտու փնջավորումը։ Դրանց ծագումը կապված է Տավրոս-Կովկասյան ռեգիոնի էպիկիմերյան քվազիպլատֆորմի կազմախախտման (դեստրուկցիայի) և գերմաֆիտների, գաբբրոների և այլ ապարների ներդրման հետ, որը տեղի է ունեցել ուշ կավճի սկզբում՝ նոր ալպյան տեկտոնական ցիկլի ընթացքում։ Ուշագրավ է օֆիոլիթային տրոգների հետագա վերափոխումը (սենոն, պալեոգեն) ֆլիշային տրոգների։
Սալատեկտոնական խոշոր ձևախախտված (դեֆորմացիոն) կառուցվածքների գոյացման և քարոլորտի առանձին սալերի տեղաշարժման պրոցեսում հիմնական դերը պատկանում է Եվրասիայի և Գոնդվանայի գերսալերի հարատև մոտենալուն, այդ թվում՝ Արաբական սալի շարժմանը դեպի հյուսիս ու նրա սուբդուկցիային և համապատասխանաբար Անատոլական ու Իրանական սալերի հեռացմանը (դրեյֆին) Հայկական լեռնաշխարհից (Սևան, Վան և Ուրմիա լճերի եռանկյունուց) դեպի արևելք և արևմուտք։
Ներկայումս ֆլեքսուրաբեկվածքային տեկտոնիկայում կարևոր տեղ է տրվում մոլորակային մասշտաբի այն բեկվածքին, որը ձգվում է Մարմարա ծովից դեպի Արաքսի հովիտը և այևուհետև Հյուսիսային Իրան (ըստ աջակողմյան կողաշարժի մեխանիզմի), ինչպես նաև Տրանսկովկասյան ֆլեքսուրային, որը էլբրուսի, Կազբեկի, Արագածի, Արարատի, Սիփանի, Նեմրութի հրաբխային շրջաններով ձգվում է դեպի Արևելա-Աֆրիկյան ռիֆտային համակարգը։ ժամանակակից սեյսմիկ և հրաբխային ակտիվությունը շատ բանով պայմանավորված է վերոհիշյալ երկրադինամիկական երևույթներով։
Պատմաերկրաբանական տեսանկյունից էական հետաքրքրություն է ներկայացնում մոտ 5000 կմ երկարություն ունեցող (Էգեյան ծովից մինչև Արևմտյան Հիմալայները) միևնույն մոլորակային աղեղի հետ հզոր հրաբխայնության և տարբեր գրանիտա կերպ ներժայթքումների ու դրանց հարող միատիպ մագմայածին (մագմատոգեն) հանքավայրերի կապը, ինչպես նաև մի կողմից Տավրոս—Զագրոսյան համակարգի, իսկ մյուս կողմից Պոնտոս—Փոքրկովկասյան համակարգի կայուն, միանման երկրաբանական զարգացումը։