Հայկական բարձրավանդակում մ․թ․ա․ VI դարից քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը թևակոխել են զարգացման նոր փուլ, ի հայտ բերելով որակական նոր հատկանիշներ։ Պահպանվում է նաև ուրարտական ճարտարապետական ավանդույթը, որին մ.թ.ա VI — IV դարերում գալիս են լռացնելու աքեմենյան` իսկ մ.թ.ա. IV դարից` հելլենիստական տարրերը: Տձև քարերից անշաղախ շարվածքի հետ մեկտեղ սկսել է կիրառվել նաև կանոնավոր ձևի քարերից անշաղախ շարվածքը՝ արճճով մածուցված երկաթի կապերի միջոցով։
Աքեմենյան ճարտարապետական ավանդույթի փոխթափանցումը հայկական ճարտարապետություն առավել ցայտում է պալատական ճարտարապետության մեջ: Առավել ցայտուն օրինակն է Էրեբունու միջնաբերդը: Աքեմենյանների օրոք ուրարտական այս քաղաքի միջնաբերդը (Արին-բերդ բլուր) շինարարական նոր գործունեության վայր է դառնում։ Հիմնական վերակառուցումները զգալի չափով փոխում են միջնաբերդի շենքերի ճարտարապետական կերպարը։ Քանի որ աքեմենյան ճարտարապետությունը հարուստ է սյունազարդ նման դահլիճներով (հին պարսկական ապադանա), ապա ժամանակաշրջանի քաղաքային տաճառներում և պալատներում սկսում է ևս գերակշռել ապադանան:
V դարում արմատական վերակառուցման ենթարկվեց նաև ուրարտական պալատի միջին մասը, որտեղ ուրարտական է «սուսի» կոչվող տաճարի աոջև գտնվում էր սյունազարդ ներքին բակ։ Այդ աշխատանքների ընթացքում փակվեցին դեպի բակ նայող դռները, վերացվեցին բակի սյուները, կառուցվեցին նոր պատեր, որի հետևանքով նախկին ուրարտական տաճարը և նրա աոջևի բակը մի մեկուսացված ամբողջություն կազմեցին՝ սկզբունքորեն բավականին նման աքեմենյան կրակի տաճարներին, Ուրարտական «սուսի» տաճարների նախկին շենքում հայտնաբերված մոխրի հաստ շերտը և մուտքի աոջև կանգնեցված նոր մույթը վկայում են, որ այն վերափոխվել է մշտական կրակի պահպանման վայրի։
Երևան են գալիս նաև մի մեծ երկարավուն և կողքից հարող երկու փոքր սենյակներով, առանց լուսամուտների կամ լուսավորության այլ աղբյուրների շենքեր, որոնք, բացի մուտքից մեծ սենյակի պատերը ներսից ունեն կամարակապ խորշեր: Այպիսի շենքերը ևս հարուստ են մոխրով և ամեն կողմից,պարփակված են` հանդիսանալով կրակի տաճար:
Երվանդունիների (մ.թ.ա VI-III դդ) օրոք` հարստության առաջին մայրաքաղաքներ Վանը և Արմավիրը գոյանում են նախորդ` ուրարտական ժամանակաշրջանի քաղաքների հիման վրա (Տուշպա, Արգիշտիխինիլի): Արտաշեսյանների (մ.թ.ա III – I դդ) ժամանակաշրջանի քաղաքների՝ Արմավիրի, Երվանդաշատի, Երվանդակերտ դաստակերտի, Արտաշատի, Վաղարշապատի, Աշմուշատի, Արկաթիակերտի (Կարկաթիակերտի), Զարիշատի, Զարեհավանի, Մծուրնի, Տիգրանակերտի առաջացումը որպես վարչական և առևտրաարհեստավորական կենտրոններ, տեղի է ունեցել մ․ թ․ ա․ Ill—I դդ։ Դրանք, ինչպես և նույն ժամանակաշրջանի ամրոցներն (Գառնի, Արտագերս, Անի-Կամախ, Օշական, Դարույնք ևն) ու հեթանոսական սրբավայրերը (Բագավան, Բագրևանդ, Աշտիշատ, Երիզա, Անի-Կամախ ևն) հանդիսացել են քաղաքաշինության և ճարտարապետության կազմավորման հիմնական օղակները։
Ըստ գրավոր աղբյուրների, մասամբ նաև Գառնիի, Արմավիրի, Արտաշատի և անտիկ այլ հնավայրերի պեղումներից ստացված նյութերի, Հայաստանի ավանդական քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը մ․ թ․ ա․ IV դ-ից զարգացել են հունա- հելլենիստական, իսկ մ․ թ․ ա․ I դարից նաև հռոմեական մշակույթի ազդեցությունների ներքո, կազմելով «հայկական հելլենիզմ» կոչված մշակույթի բաղադրիչ մասը։ Քաղաքաստեղծ գործոնները, այդ թվում պաշտպանական նկատառումները, որոշակի նմանություն են ունեցել հելլենիստականին։ Քաղաքի առուցապատման համար տեղանքը ընտրվել է գետերի (Երասխ, Արածանի ևն) ափին, որոնք քաղաքի կենսական կարիքները բավարարելուց բացի, նրա պաշտպանական համակարգի մասն էին կազմում։ Քաղաքատարածության բնական պաշտպանվածությունը լրացվել է արհեստական շինություններով (պարիսպներով, հողաթմբերով, ջրլեցուն խանդակներով), որոնցով առանձին-առանձին շրջապատվում էին քաղաքի երկու բաղադրիչ մասերը`միջնաբերդն ու բուն քաղաքը։ Արմավիր մայրաքաղաքի համար միջնաբերդ է ծառայել ուրարտական ժամանակաշրջանի Արգիշտիխինիլի քաղաքի արևելյան միջնաբերդը, որը ընդարձակվել է նոր շենքերով ու կառույցներով, լրացվել պարիսպների նոր հատվածներով։ Երվանդաշատի միջնաբերդը տեղադրվել է Երասխի ձախափնյա անմատչելի մի ժայռազանգվածի վրա։
Տեղանքի թելադրանքով միանգամայն տարբեր լուծում է ստացել Արտաշատ մայրաքաղաքի բարդ պաշտպանական համակարգը։ Այն ընդգրկել է պարիսպներով շրջափակված մեծ և փոքր 9 բլուրներ (մեկի վրա միջնաբերդը), որոնք իրար և բլուրների միջև սփռված քաղաքատարածության հետ հաղորդակցվել են պարսպապատերով պաշտպանված ճանապարհներով։ Արմավիրի, Երվանդաշատի և Արտաշատի մոտով հոսող Երասխի ջրերը պաշտպանական դեր են կատարել։ Վաղարշապատում այդ դերը իրականացվել է ջրլեցուն «Պարկեն-փոս»-ի միջոցով։ Առանձնապես հզոր և հուսալի են եղել Տիգրանակերտի պարիսպները, որոնց բարձրությունը 25 մ-ից ավելի էր, իսկ հաստությունն այնքան, որ հնարավոր է եղել տեղավորել հեծելազորի ձիերի փարախները, պահեստներ։ Տեղանքի նպատակահարմար ընտրությամբ և պաշտպանական շինությունների հզորությամբ աչքի է ընկնում նաև թագավորական ամառանոց Գառնին (մ․ թ․ ա․ III— II դդ․), որի՝ բնականից չպաշտպանված հատվածները (հատկապես հյուսիսային) ողջ երկայնքով պատված են ամրակուռ բրգավոր պարիսպներով։ Երվանդաշատը և Տիգրանակերտը ունեցել են թագավորական դաստակերտներ (Տիգրանակերտում՝ զբոսավայրերով և որսատեղերով)։Պատմագրական աղբյուրների և մինչև այժմ կատարված պեղումների տվյալներով տակավին աղոտ են տեղեկությունները միջնաբերդերի և բուն քաղաքների կառուցապատման վերաբերյալ։ Պատմիչները հիշատակում են Արտաշատի միջնաբերդում թագավորական պալատի, փողերանոցի և տաճարի, Վաղարշապատի միջնաբերդում՝ թագավորական պալատի և ներքին փողոցների գոյության մասին։ Նույն աղբյուրները տեղեկացնում են, որ Արտաշատում և Տիգրանակերտում գործել են թատրոններ, որոնք հավանաբար եղել են անտիկ ամֆիթատրոնների տիպի։ Գառնիի ամրոցում կատարված պեղումներով բացվել են թագավորական պալատի և բաղնիքի (նախասրահը՝ խճանկարագարդ հատակով) մնացորդները։ Արտաշատի թաղամասերում բացվել են բաղնիքների, արհեստավորական շարքերի, դարպասները պահպանող պահականոցների, ջրամատակարարման համակարգի մնացորդներ, շենքերի ճարտարապետական և քանդակագործական բեկորներ, կենցաղային և կիրառական արվեստի նմուշներ (վերջինները կրում են անտիկ մշակույթի ազդեցությունը)։
Ք
աղաքներում, ամրոցներում և սրբավայրերում գտնվող հեթանոսական տաճարների ճարտարապետությունը, աղերսվելով հնավանդ ձևերին (Մուսասիրի տաճար), դատելով Գառնիի տաճարի օրինակով, ընդհանրություններ է ունեցել հունա-հռոմեական տաճարների ճարտարապետության հետ։ Դա հետևանք է հելլենիստական աշխարհի պանթեոնի նույնության, Հայաստանի հեթանոսական տաճարներում հեթանոսական աստվածների կուռքերի տեղադրության (Փոքր Ասիայի հեթանոսական տաճարներից փոխադրվել են Արտաշես Ա-ի և Տիգրան Բ-ի գահակալության օրոք)։
Կառուցողական տեխնիկայի ուսումնասիրությունը նույնպես վկայում է տեղական և անտիկ հունահելլենիստականի և հռոմեականի զուգակցություն։ Տձև քարերից անշաղախ շարվածքի հետ մեկտեղ (Արմավիրում, Երվանդաշատում, Արտաշատում) կիրառվել է նաև կանոնավոր ձևի քարերից անշաղախ շարվածքը՝ արճճով մածուցված երկաթի կապերի միջոցով։ Այդ տեխնիկայով են կառուցված Գառնիի ամրոցի պարիսպներն ու տաճարը (ուր կիրառված է նաև անտիկ սյունահեծանային համակարգը) և Արմավիրի որոշ կառույցներ։
Հույն պատմիչ Քսենոփոնը մ.թ.ա. 5-4 դարերի եզրերին անցնելով Հայկական լեռնաշխարհը հարավից մինչև հյուսիս տեսնելով իր ճանապարհին գյուղական բնակավայրերը տվել է դրանց թռուցիկ նկարագրությունը։ Ըստ դրա Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանների գյուղերի ճարտարապետությունը տարբերվում է կենտրանականից։ Հարավային Հայաստանի տները աշտարակավոր էին։ Այդ առանձնհատկությունը բացատրվում է, ըստ երևույթին, պաշտպանողական առումով։ Քսենոփոնը աշտարակաձև տներ է հանդիպել նաև Պոնտոսի լեռներում, մոսինոյկների երկրում։ Ըստ երևույթին նման տների ակունքը ետք է որոնել ուրարտական ճարտարապետության մեջ, հենց որտեղից էլ քաջ ծանոթ են աշտարաակաձև կառույցները, ինչպես նաև աշտարակաձև բնակարանները։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային գյուղերը այլ կառուցվածք և ճարտարապետություն ունեին։ Սրանք ստորերկրյա էին, վերևից ջրհորանման բացվածքով, որը լայնանում էր ներքևի մասում։ Այս բացվածք – մուտքով մարդիկ իջնում էին սենյակ՝ սանդուղքով։ Անասունների համար հատուկ մուտք էր փորված գետնի միջով։ Այս ինչպես նաև բրոնզի և երկաթի դարաշրջանների մեջ հարկավոր է տեսնել հայկական ժողովրդական տան վաղ օրինակը, որն հանդիսանում է ճարտարապետական ավելի զարգացած ձևի՝ գլխատան նախատիպը: