ԼՈՒՏԿԻ
Լուտկին Վան – Վասպուրականի պարերից է, վերաբերվում էր ծաղրածու – խեղկատակների պարերին։ Շատ տեղերում միայն տղամարդկանց պար է, և միայն վերջերս են սկսել պարել համատեղ, խառը:
Անվան բացատրությունը տալիս է լույտ արմատը, որից էլ առաջանում են լուտալ և լուտանալ բայերը և լուտանք գոյականը: Երբեմն անվանում են նաև “Լութ”:
Պարի մեջ ոտ զարնելը կատարվում է ոտքի ողջ ներբանով, և ոտնաթաթով: Շարվում են կողք-կողքի, որը չի փոփոխվում նույնիսկ դարձումների ժամանակ: Բռնում են ճկույտներով, արմունկները ծալված ուղիղ անկյան տակ: Դաստակները գոտկատեղի բարձրությամբ առաջ պարզած, և գրեթե անշարժ են:
ԹԱՐՍՊԱՐ
Պարաձևը նշանակել է ողբ՝ համայնքին, ընտանիքին հասած աղետի, անհաջողության, վնասի կապակցությամբ։ Երբեմն այն նաև մոգական ծիսակարգ էր վնասակար, չարիք, աղետ, չարն ու փորձանք կանչել թշնամու գլխին և ուղեկցվում էր կախարդական շարժումներով և երգեր – հմայությամբ։
Պարաշարքը շրջանաձև է: Պարողները ձեռքերը բռնում են ճկույթներով, իրարից բավականաչափ հեռու կանգնելով, այնպես, որ պարողների 45˚-ով առաջ պարզած դաստակները գտնվում են պարողների մեջտեղում: Արմունկները ծալված են սուր անկյունով: Քայլերը բոլորը բավականաչափ մեծ են:
Սարիղամիշի պարաձևը կազմված է միահյուսված քայլերից, «խորամանկ խառնահյուսքերից»՝ գալարուն, ոլորապտույտ, ծուռումուռ հետագծով:
ՖԸՆՋԱՆ
Պարաձևը բնորոշ է Բարձր Հայքի՝ Կարնո և այժմ Ջավախքի և Ախլցխայի ազգաբնակչությանը: «Ֆընջան-ֆինջան» թուրքերենում նշանակում է փոքր, հախճապակյա գավաթ:
Ձեռքերը բռնում են ափ-ափի, դաստակները կրծքի բարձրությամբ, արմունկները սուր անկյան տակ դեպի վեր ծալված: Տեմպը դանդաղ է, ունի նաև թռիչքներով երկրորդ մաս, որի ընթացքում արագանում է: Ռիթմը հավասարաչափ է:
Ջավախքում ամենաշատ տարածված պարաձևերից է «Չորս ոտք» անվանմամբ պարաձևը: Երկու ոտք և Չորս ոտք պարերին տալիս են նաև ջուխտ (զույգ) ոտք անունը: Այս դեպքում ընդգծվում է քայլերի զույգ լինելու պայմանը` երկուս գնալ, երկուս դառնալ։
Չորս ոտք պարերն ըստ ձևի բաժանվում են երկու խմբի` չորս ոտք, թաթի զուրկ զարկերով և չորս ոտք, ոտքը խաղացնելով: Չորս ոտք պարերի համարկա մեկ ուրիշ ձև, ըստ որի մեկ առաջ են գնում, մեկ հետ, մեկ աջ, մեկ ձախ: Սակայն այն գրեթե չի հանդիպում: Ձեռքերը բռնում են ափ-ափի, արմունկները դեպի վեր 45˚ սուր անկյամբ ծալած, դաստակները կրծքի մակարդակին: Տեմպը առաջին մասում դանդաղ է, ռիթմը` անհավասարաչափ:
ԷՋՄԻԱԾԻՆ
Բարձր Հայքի՝ Կարնո պարանմուշներից է, հանդիսանում է “Ետ ու առաջ” պարաձեերից մեկը: Այն պարում են թե քաղաքներում և թե գյուղերում՝ հատուկ օրերի և միայն ծածկի տակ։ Ընդ որում քաղաքներում կատարում են դանդաղ ու հանդիսավոր, գյուղերում՝ արագ ու թռիչքներով: Ներկայումս պարում են ամեն տեղ, ցանկացած ժամանակ:
Կարինից Ախալցխայում և Ջավախքում վերաբնակված հայերի մոտ պահպանվել են Ետ ու առաջ-ի մի քանի ձևեր: Նրանց թերևս կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ պարզ և բարդ պարաձևեր:
Բարձր պահվող ձեռքերը խորհրդանշում են Էջմիածնի Մայր Աթոռը, խոնարհումները նվիրված են խորանին: Պարը կազմված է երեք մասից:
Առաջինը, որ ետ ու առաջ է, շարժումը կատարվում է անկյունագծով՝ աջ ու առաջ, և խորը խոնարհումներով: Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը ի սկզբանե փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին: Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում: Երկրորդ մասում վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով: Ամբողջ պարաձևի ընթացքում, թե աջ, թե ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից:
ԹԱՄՈՒՐ
«Թամուր», «Թամուր աղա», «Թամրաղի» և նմանատիպ անվանումներով պարերի բովանդակությունը հերոսի մահվան ողբն ու սուգն է, որն արտահայտվում է գերեզմանի շուրջ թաղման թափորը ներկայացնող պարով (մինչև գերեզման իջեցնելը), և հետո նրա հերոսության գովերգումը:
Պարի մեղեդին հանդիսավոր է, էպիկական: Պարաշարքում կանգնում են կողք կողքի, ուս ուսի, գծային շարքով, որը կարող է նաև կորանալով աղեղնաձև դառնալ: Ձեռքերը որոշ տարբերակներում բռնում են ճկույթներով, որոշներում՝ ափերով:
Պարի ինչ-որ հատվածում պարողները կողք գնացող շարժումներով ուղղվում են դեպի կենտրոն և վերջում կքանստում՝ ըստ երևույթին հերոսին գերեզման իջեցնելը նկարագրելով: Նմանատիպ շարժում պարի ընթացքում կատարվում է հիմնականում մեկ անգամ, ընդ որում, այդ պահին պարը նաև մեկ կարճ դադար է առնում, որից հետո պարողները թիկունքով հետ-հետ են գնում՝ վերականգնելով պարի ելման դրությունը:
ԾԱՂԿԱՁՈՐԻ
Վասպուրկանի Ծաղկաձորին այն պարաձերոից է, որը կատարում էին բոլոր տոների և տոնակատարությունների ժամանակ: Հիմնականում պարել են ուխտատեղիներում, ուխտագնացությունների ժամանակ, և նրա անվանման ծագումը կարելի է կապել Վասպուրականում գտնվող համանուն տեղանքի հետ։
Կապված է պտղաբերության աստվածությունների, և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի վրա մոգական ազդեցություն ունեցող, հաջողության կոչող մոգական ակտերի հետ,մ ինչը մատնանշում են նրանում տեղ գտած բարձր թռիչքները։
Ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության, երբեմն բնության մեջ տեղի ունեցող բացասական պրոցեսների, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների` երաշտների, կարկուտների և այլն ազդեցությունը պտղաբերության վրա:
Պարաքայլերը վերջանում են դեպի աջ գնացող թռիչքներով, և որպես վերջաբան տեղում սովորականից ավելի բարձր կատարվող թռիչքով, քանի որ պարը չպետք է վերջանա ձախ գնացող պարաքայլով որպես ողբերգության, բնության ամլացման խորհուրդ:
ԼՈՐԿԷ
Պատկանում է հին հայկական ծիսական պարերին, երգ-պար է: Լորկէ անվանման ճշմարիտ մեկնությունը կարելի է բացատրել Լոր թռչունի անվանումով, փաղաքշական լորիկ, որն էլ վկայում է, որ այն վերապրուքն է լորի պատվին տոտեմական պարերի:
Կատարվում էր հարսանիքներում հարսը հայրական տնից հանելու ժամանակ և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ժամանակ: Վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները, իսկ տղաներին չէր թույլատրվում: Կատարվում էր այն նաև ուխտագնացությունների ժամանակ:
Պարաշարքը կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում են ճկույթներով: Տեղում 4 բարձրացնող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ապա նույն կերպ կատարվում է ծնկածալ: Մեկ թռիչք կատարվում է աջ ոտքի վրա, ձախը թողնելով հետևում, ապա նույնը կատարվում է ձախ ոտքով: Այս թռիչքները կատարվում են երկու անգամ:
Սարիղամիշի Հոպ, Ջանիման պարը կառուցվածքով շատ նման է Լորկէ տեսակին:
ԲԵՐԴ ՊԱՐ
Պարի արմատները հին հայկական Վասպուրական քաղաքից են։ Այն հայ հին ազգային «Գմբեթախաղ» խաղից է։
Պարի ժամանակ պարողները հագնում են միայն հայկական ազգային հագուստ (տարազ)։ Ամենակարևոր իմաստը ընթացքում բերդ կառուցելն է, որը իրենից ներկայացնում է «երկու հարկանի» պատ, որի համար պարողները կանգնում են մեկը մյուսի ուսերին։
Բերդը աշխարհում միակ պարն է, որն ունի այդպիսի հատկություն։ Տղամարդիկ այն կատարել են ճակատամարտերի ընթացքում։