Հայկական երաժշտությունը հայ ժողովրդի մշակույթի բազմադարյան ոլորտներից մեկն է։ Սաղմնավորվելով ժողովրդական բանահյուսության ընդերքում, հայկական երաժշտարվեստի արմատները հասնում են հազարամյակների խորքը։ Կրելով հարևան քաղաքակրությունների մշակութային ազդեցությունը, այն կարողացել է վերամշակել և ազգային դարձնել որոշ տարրեր, միաժամանակ` թողնել է իր ազգային ներկապնակի ազդեցությունը` տալով համամարդկային արժեքներ:
Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի նշանակալից բաժիններից է ժողովրդական երաժշտությունը։ «Հայ ժողովրդական երաժշտություն» հասկացության մեջ, գյուղական և քաղաքային միջավայրում ոչ–մասնագետ հորինողների ստեղծած երաժշտությունից բացի, սովորաբար ներառնում են նաև ժողովրդական մասնագիտացած երգահանների՝ գուսանների ու աշուղների արվեստը։ Հայկական բուն ժողովրդական երաժշտությունը կոլեկտիվ հորինողության տիպական արգասիք է, սերնդից սերունդ փոխանցվել է բացառապես բանավոր հաղորդմամբ և, բոլոր ժամանակներում, ազգային երգարվեստի բոլոր մյուս տեսակների ու ճյուղերի համար ծառայել է որպես ոճական հիմք և սնուցող աղբյուր։
Ընդհանուր կերտվածք
Հայ ժողովրդական երաժշտությունն իր ընդհանուր կերտվածքով միաձայնային է։ Բաղկացած է երգային (մեներգ, զուգերգ, խմբերգ), նվագարանային (մենակատարում և անսամբլ) և նվագերգային տեսակներից։ Տարածված են նաև մենապարին ու խմբապարին ուղեկցող երգեցողության ու նվագի տարբեր տեսակներ։ Գլխավոր տեղը պատկանում է երգեցողությանը։
Հայկականերաժշտության ձևակերտման հիմքը մոնոդիան է` զուտ մեղեդիական նախասկիզբը։ Բազմաթիվ դարերի ընթացքում մշակվել ու հաստատվել է նրա հիմնական դիատոնիկ հնչյունաշարը՝ բաղկացած մաժոր քառալարերի միակցումից։ Տեմպերացիան հավասարաչափ չէ, ինչի շնորհիվ հնչյունաշարում առկա է ինտերվալների արտակարգ բազմատեսակություն։ Ձայնակարգերը (լադերը) միատոնիկային են, հիմնական՝ միքսոլիդիական, էոլական, լոկրիական և ածանցյալ՝ հիպոհոնիական, հիպոդորիական և հիպոփռյուգիական հնչյունաշարերով, որոնք հանդես են գալիս ոչ միայն բնական, այլև ալտերացված (գերազանցապես կիսատոնով իջեցված) աստիճաններով և դրա շնորհիվ լադերում գոյանում են նոր, մասնավորապես մեծացված սեկունդա ինտերվալներ։ Առանձին տեղ է գրավում էոլական քառալարից կրկնակի ալտերացիայով (2-րդ աստիճանի իջեցումով և 3-րդի՝ բարձրացումով) գոյացած «հարմոնիկ» քառալար պարունակող լադը, որ հնագույն ժամանակներից բնական լադերի հետ կիրառվել է հավասարապես։
Բոլոր ձայնակարգերում պահպանված է, դարձյալ հնից եկած, օժանդակ հենակետի (տոնիկայից բացի երկրորդ համեմատական կայուն աստիճանի) ֆունկցիան, որը (օժանդակ հենակետը) յուրաքանչյուր լադում ինտերվալային մի նոր հարաբերության մեջ է տոնիկայի հետ։ Դիատոնիկ հնչյունաշարի յուրատեսակ տեմպերացիայի, լադային բնական ու ալտերացված հնչյունաշարերի և օժանդակ հենակետերի բազմազանության շնորհիվ հայ ժողովրդական երաժտության ձայնակարգերը ունեն դինամիկական և երանգային արտահայտչության հարուստ հնարավորություններ և դարձել են այդ երաժշտության ինքնատիպությունը որոշող կարևոր գործոն։ Երաժշտական ստեղծագործության մեջ դրանք հանդես են գալիս միմյանց հետ որոշակի հարաբերություններով (լայնորեն կիրառվում են լադա–տոնայնական շեղումներն ու մոդուլացումները ) և միասին վերցված կազմում են ամբողջական համակարգ։
Բազմահարուստ է ռիթմը։ Թե՝ վոկալ, և թե՝ նվագարանային երաժըշտության մեջ հավասարապես կիրառված են ռիթմի կազմակերպման տարբեր սկզբունքները՝ պարային (համեմատաբար կարճաշունչ, կրկնվող ռիթմական պատկերներով), երգային (համեմատաբար երկարաշունչ, չկրկնվող պատկերներով) և իմպրովիզացիոն (ազատ մետրի հիման վրա տարատեսակ ռիթմական պատկերներով), ինչպես և դրանց զանազան զուգորդումները։ Ռիթմական զարգացման, մասնավորապես ռիթմա–ինտոնացիոն տարբերակման արտահայտչական նշանակությունն առանձնապես ակներև է երկարընթաց, շարունակվող մեղեդիներում, ուր հնչյունային անընդմեջ հոսքը առաջ է բերում մտքի խտացվածույուն և լարման ինտենսիվություն։ Բնոոշ է նաև բազմազան խառը մետրերի շնորհիվ եղանակների (օրինակ, պարեղանակների) ռիթմի ընդգծված իմպուլսիվությունը։
Հայ ժողովրդական երաժշտությունը նկատելի տարբերվում է արևելյան այլ ժողովուրդների երաժշտությունից: Իր գաղափարա–հուզական բովանդակությամբ և երաժշտաոճական հատկանիշներով հայ ժողովրդական երաժշտությունն աշխարհի բազմազգ ֆոլկլորը լրացրել ու բազմազանել է ազգային վառ նկարագիր ունեցող մի ամբողջական ու բարձրարժեք հատվածով։
Հայ ժողովդրական երաժշտությունը հանդես է գալիս իր գյուղական և քաղաքային տարբերակներով, որոնք հիմնարար դեր են կատարել ազգային մասնագիտացված (կոմպոզիտորական) արվեստի հիմնավորման ու զարգացման գործում։
Նոտագրում
Հայ ժողովրդական երգերի բանաստեղծական մի շարք բնագրեր տեղ են գտել դեռևս միջնադարյան ձեռագիր տաղարաններում, որտեղ դրանք երբեմն կրում են նաև խազագրության հետքեր։ Բնագրերի կանոնավոր հավաքումը սկիզբ է առել XIX դ․ 2-րդ կեսից (Ղ․ Ալիշան, Ռ․ Պատկանյան, Մ․ Միանսարյանց, Գ․ Սրվանձտյան, Ա․ Սեդրակյան, Գ․ Շերենց, Գ․ Հովսեփյան, Ե․ Լալայան, Ա․ Մխիթարյան, Կոմիտաս, Մ․ Աբեղյան և շատ ուրիշներ)։
Եղանակների նոտագրումը մինչև XIX ղ․ 3-րդ քառորդը, իրականացված նաև ռուս երաժիշտների ձեռքով, պատահական բնույթ է կրել։ XIX դ․ 2-րդ կեսից տարածվել են հայկական նոտաներով ժողովրդական երգեր պարունակող ձեռագիր երգարաններ։ Եղանակների կանոնավոր հավաքումն ու գրառումը սկիզբ է առել 1870-ական թվականներից (Ս․ Ամատունի, Ք, Կարա–Մուրզա, Ն․ Տիգրանյան, Կոմիտաս, Ա․ Բրուտյան, Մ․ Դեմուրյան, Հ. Հարությունյան, Մ․Մելիքյան, Մ․ Թումաճան, Ա․ Քոչարյան և ուրիշներ), նախ կատարողից՝ անմիջականորեն լսողությամբ, ապա, 1913-ից՝ նաև ձայնագրող սարքերով։ Այս բնագավառում ամենամեծ երախտիքը Կոմիտասինն է, որ հայ գեղջկական երաժշտությունը երևան բերեց ողջ բազմատեսակությամբ ու գաղափարական–գեղարվեստական լիակատար խորությամբ։ Հավաքված երգերը (տպագրված է 2000-ից ավելի նմուշ) չնայած տարբեր ժամանակների ու տեղավայրերի արգասիք են, բայց ներկայացնում են հայ ժողովդրական երգի ոճական ամբողջականությունը։
Պատմական զարգացում
Հայկական երաժշտության զարգացումը դարերի ընթացքում առաջնորդվել է գաղափարական և կոմպոզիցիոն կայուն նորմերով։ Նրանում մշակված արտահայտչամիջոցների սեփական համակարգը և դրանց գործադրման սեփական եղանակները, ձևավորված ինքնատիպ երաժշտա–բանաստեղծական կերպարները և կառուցվածքների ընդհանուր յուրատեսակ արխիտեկտոնիկան, այս բոլորի հետ նաև հուզականության դրսևորման ինքնահատուկ կերպը՝ այդ երաժշտությունը դարձրել են ազգային բնավորությամբ օժտված ավանդական արվեստ։
Հայկական երաժշտարվեստի զարգացումը ընթանում էր պատմական մի քանի փուլերով` հնագույն (մ.թ.ա IV-I հազարամյակներ), հին (մ. թ. ա. VI – մ.թ. III դարեր), վաղմիջնադարյան (IV–VII դարեր), զարգացած միջնադարյան (IX – XIV դարեր), ուշմիջնադարյան (XVII–XVIII դարեր), նոր ( (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) և նորագույն (1918 թվականից):
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը