Հայաստանի աշխարհագրական մասնատվածության հետևաքնով՝ բնակիչների տնտեսական և մշակութային որոշ տեղայնացումը և մեկուսացումը հիմք հանդիսացան համահայկական լեզվի տրոհմանը բարբառների: Բարբառը լեզվի տերիտորիալ (տարածքային) տարբերակ է, համաժողովրդական լեզվի ճյուղավորում, որը սպասարկում է հասարակության որոշակի հատվածի։
Յուրաքանչյուր բարբառ ընդհանուր (գրական) լեզվի ու այլ տարածքային տարբերակների հետ ունենում է ակնհայտ ընդհանրություններ, սակայն բնորոշը նրա համար հնչյունական, բառային, քերականական ու ոճաբանական այն առանձնահատկություններն են, որոնք պայմանավորում են նրա ինքնուրույնությունը։ Բարբառների գոյացումն ու անկախ ինքնուրույն զարգացումը հատկանշական են դեռևս ցեղային, էթնիկական լեզուների շրջանին, դրանք ակնառու կերպով դրսևորվում են նաև ֆեոդալական մասնատվածության պայմաններում։ Ազգային լեզուների զարգացումը տանում է դեպի բարբառների աստիճանական վերացում։
Հայերենի բարբառների մասին առաջին տեղեկությունները վերաբերում են V դարին. հայերենն ուներ տարածքային մի քանի տարբերակներ` արևմտյան (բյուզանդահայ), հարավ – արևմտյան (Կիլիկիայի), ծայր հարավ – արևմտյան (Անտիոքի), հարավ – կենտրոնական, հարավ – արևելյան, հյուսիս – արևելյան բարբառներ, որոնք ունեցել են բազմաթիվ ենթաբարբառներ:
Ձևաբանական տարբերակմամբ` հայերենի բարբաները դասակարգվում են ըստ բայի սահմանական եղանակի ներկա ժամանակի կազմության ձևի. առանձնացվում են ՈՒՄ, ԵԼ, ԿԸ ճյուղեր:
ՈւՄ ճյուղի (ասում եմ) մեջ մտնում են արևելյան բարբառների մեծ մասը և գրական արևելահայերենը, ԵԼ, որ հետագայում կոչվեց նաև ԼԻՍ, ճյուղին են պատկանում (ասել(իս) իմ) արևելյան խմբակցության մի քանի միավորներ, իսկ ԿԸ ճյուղը (կասեմ) ընդգրկում է գրեթե ողջ արևմտյան խմբակցությունը, ինչպես նաև` գրական արևմտահայերենը: Բազմահատկանիշ դասակարգմամբ հայերենի բարբառային միավորները նախ բաժանվում են երկու ճյուղերի` արևմտյան և արևելյան խմբակցություններ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի բարբառային խմբերից: 20-րդ դարասկզբի դրությամբ հայերենի բարբառները բաժանվում են 2 ճյուղի, 11 բարբառախմբերի, 44 բարբառների, 120 խոսվածքների:’
Առաջին համաշխարհային պատերազմի (1914—18) տարիներին Մեծ եղեռնի և հայերի զանգվածային տեղահանումների հետևանքով խախտվել է բարբառների տարածական շարունակականությունը, արևմտահայ բարբառների մեծ մասը զրկվել է իր տարածական հիմքից և պահպանվել միայն աշխարհում սփռված առանձին բարբառախոս խմբերի խոսակցական լեզվում։ Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքում, ինչպես նաև Սփյուռքում, ներկայումս միևնույն բնակավայրում ապրում են տարբեր բարբառների ներկայացուցիչներ։ Ուժեղացել է բարբառային փոխներթափանցումների, գրական լեզուների ազդեցությամբ բարբառների արտամղման և աստիճանական անհետացման գործընթացը։
Որոշ բարբառներ, ունենալով տարածական հիմք և խոսողների համեմատաբար մեծ թիվ (Կարինի, Արցախի, Սասունի, Արարատյան), ի հայտ են բերում զգալի կայունություն և գոյատևելու կարողություններ։ Քանի որ հայերենի բարբառների զգալի մասն այժմ իր պատմական տարածքում չի տեղաբաշխված, դրանց անվանումները պայմանական բնույթ ունեն և արտացոլում են 1915-ից առաջ եղած իրավիճակը։
Բարբառների դասակարգում
Բարբառների դասակարգումն ընդհանուր գծերով ունի հետևյալ տեսքը․
Ա․ Բարբառների արևմտյան խմբակցություն․
I․ Անտիոքի կամ ծայր հարավ-արևմտյան բարբառախումբ․ Քեսաբ-Ավեդիայի, Բեյլանի բարբառներ։
II (I—III)․ Կիլիկիայի կամ հարավ-արևմտյան միջբարբառախումբ․ Հաճընի, Մարաշ— Զեյթունի բարբառներ։
III․ Փոքր Ասիայի կամ արևմտյան բարբառախումբ․ Կարինի, Շապին Գարահիսարի, Սեբաստիայի, Եվդոկիայի, Մարզվան- Ամասիայի, Ղրիմ – ֊Նոր Նախիջևանի, Պոլսի, Սիվրիհիսարի, Կյուրինի, Սյոլյոզի, Մալաթիայի, Կեսարիայի, Խարբերդ— Երզնկայի, Ասլանբեկի, Ակնի, Արաբկիրի բարբառներ։
IV (I—III—VI)․ Համշենի կամ հյուսիս – արևմտյան միջբարբառախումբ․ Համշենի, Եդեսիայի բարբառներ։
V (III—VI)․ Առդևալի (Առտիալի, Տրանսիլվանիայի) կամ ծայր հյուսիս-արևմտյան միջբարբառախումբ․ Առդեալի (Առտիալի, Տրանսիլվանիայի) բարբառ։
VI․ Մուշ-Տիգրանակերտի կամ հարավ-կենտրոնական բարբառախումբ․ Մշո, Տալվորիկ-Մոտկանի, Աասունի (Գելիեգուզանի), Տիգրանակերտի (Դիաբեքիր) բարբառներ։
VII (VI—VIII)․ Վանի կամ հարավային միջբարբառախումբ․ Վանի, Դիադինի բարբառներ։
Բ․ Բարբառների արևելյան խմբակցություն․
VIII․ Խոյ-Մարաղայի կամ հարավ-արևելյան բարբառախումբ․ Խոյ-Մարաղայի բարբառ։
IX․ Արարատյան կամ հյուսիս-արևելյան բարբառախումբ․ Երևանի կամ Արարատյան, Ջուղայի, Բայազետի, Աստրախանի, Արդվին-Թբիլիսիի բարբառներ։
X (IX—XI)․ Արցախ (Ղարաբաղ)—Շամախիի կամ ծայր հյուսիս-արևելյան միջբարբառախումբ․ Մեհտիշենի, Արցախի (Ղարաբաղի), Ղազախի, Գանձակի (Գյանջայի), Կռզենի, Հավարիկի, Շամախիի, Բուրդուրի բարբառներ։
XI․ Ագուլիս-Մեղրիի կամ արևելյան բարբառախումբ․ Ագուլիսի, Մեղրու բարբառներ։Բազմաթիվ գաղթերի, բնակչության տեղաշարժերի հետևանքով հնարավոր չէ ճշգրիտ որոշել յուրաքանչյուր բարբառի կրողների թիվը։ Ամենատարածված բարբառախմբերն են Արարատյանը և փոքրասիականը:
Աոանձին բարբառներով (Արարատյան, Թբիլիսիի, Նոր Ջուղայի, Արցախի) XVII —XIX դդ․ ստեղծվել է հարուստ գրականություն (չափածո և արձակ), գրի առնվել մեծ քանակությամբ բանահյուսական նյութ։ Այժմ բարբառային տարրերը ոճավորման նպատակներով օգտագործվում են գեղարվեստական գրականության մեջ: