Հայաստանում քաղաքները ձևավորվում են լեռնաշխարհում քաղաքակրթության զարգացման հետ միասին որպես դրա հիմնական ու շարժիչ ուժը: Նրանց պատմությունն անցել է մարդկության զարգացման բոլոր փուլերը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հայկակական քաղաքներն ամբողջությամբ կիսեցին ժողովրդի հետ ակատագիրը, վերապրելով թե թռիչք և թե անկումներ:
Հայաստանյան հնագույն քաղաքներ
Հայկական լեռնաշխարհում քաղաքներն ի հայտ են գալիս մ. թ. ա. III–II հազարամյակներում՝ ուշբրոնզեդարյան ու երկաթեդարյան քաղաքակրթության և առաջին պետական կազմավորումների /Միտանի, Հայասա–Ազզիմ, Նաիրի/ հետ զուգահեռ: Առաջին բերդերն ու բերդաքաղաքները ցրված էին երկրի տարբեր կողմերում և ունեին հիմնականում ռազմական ու վարչական նշանակություն։
Ուրարտական պետության ժամանակներում (IX–VI դդ. մ.թ. ա.) հիմնադրվել էին պետության մայրաքաղաք Տուշպան (Վան), Մելիտեն (Մալաթիա), Մանազկերտն ու Արճեշը: Երկու բերդաքաղաքներ են եղել նաև Երևանի տարածքում` Թեյշեբաինինին և Էրեբունին: Արարատյան դաշտում ամենից հռչակվածը Արգիշտիխինիլին էր, որը համարվում էր պետության հյուսիսային բարեբեր երկրների գլխավոր կենտրոնը և Ուրարտուի երկրորդ մայրաքաղաքը, որը հիմք էր դարձել Երվանդյանների թագավորության (V–II դդ. մ. թ. ա.) մայրաքաղաք Արմավիրի: Մեծ քանակությամр բերդեր ու բերդաքաղաքներ են հայտնաբերված Ուրարտական պետության ոչ միայն հարավային (Ասորեստանի կազմում) և հարավարևելյան (Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած լեռնային երկրները) կողմերում, այլև հյուսիսային մասերում՝ Արաքսի միջին հոսանքի շրջանում։
Հայաստանի ուրարտական ժամանակաշրջանի քաղաքները ունեին իրենց պարսպապատ բերդերը։ Դրանք հիմնականում տեղադրված էին բլուրների վրա և վտանգավոր պահերին գիշերներն իրար հետ կապվում էին խարույկներով։ Իբրև բերդաքաղաքներ դրանցում զետեղվում էին հատուկ կայազորներ։ Քաղաքների մյուս առանձնահատուկ կողմն այն էր, որ դրանք վարչատարածքային միավորների կենտրոններ էին, և այդտեղ էր գտնվում տվյալ շրջանի վարչական ապարատը, այստեղ էր կենտրոնացվում բնակչությունից հավաքված բնամթերային հարկը։ Քաղաքներում ու նրանց բերդերում կային ժայռափոր կերտվածքներ, աստիճաններ, ստորերկրյա մուտքեր, որոնք այնքան բնորոշ էին ուրարտական, հնագույն հայկական ճարտարապետության համար։ Քաղաքի բնակչությունն ուներ սոցիալական խայտաբղետ կազմ։ Այն բաղկացած էր ստրկատերերից, արհեստավորներից ու առևտրականներից, գերի ստրուկներից, զինվորականներից։
Հայաստանյան անտիկ քաղաքներ
Տնտեսական կյանքի զարգացման հետ միասին, հելլենիզմի դարաշրջանում մեծ վերելք են ապրում նաև քաղաքները։ III – I դարերում (մ. թ. ա.) զարգացման նոր շրջան են ապրում Հայաստանի հին քաղաքները՝ Վանը, Արմավիրը, Մալաթիան, Մանազկերտը, Արճեշը և մյուսները։ Առաջանում են մի ամբողջ շարք նոր քաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան, Բագավան, Զարիշատ, Զարեհավան, Կարկաթիոկերտ, Արշամաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ և այլն։ Դրանք արդեն հելլենիստական տիպի քաղաքներ էին, որոնց բնակչության ամենահիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էր։
Քաղաքների էին վերածվում նպաստավոր դիրք ունեցող բերդերն ու ճանապարհային կայանները, որոնք երկրի տնտեսական զարգացմանը զուգընթաց ստանում էին կարևոր նշանակություն։ Առանձնապես կարևոր դեր էին խաղում այն քաղաքները, որոնք գտնվում էին քարավանային տարանցիկ առևտրի ճանապարհների վրա։ Իսկ հելլենիզմի դարաշրջանում Հայաստանի գլխավոր ճանապարհների հիմնական հանգույցն ու ելման կետը Արտաշատ մայրաքաղաքն էր։
I-III դարերում Հայաստանի հելլենիստական քաղաքները աստիճանաբար հետադիմում են։ Դրանց մի մասը վերածվում է ֆեոդալական քաղաքների և շարունակում իր գոյությունը /Տիգրանակերտ, Զարիշատ, Զարեհավան, Բագարան/, իսկ մյուս մասը աստիճանաբար նվազելով V–VI դարերից դադարում է գոյություն ունենալ /Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ/:
Վաղմիջնադարյան քաղաքները Հայաստանում
I–V դարերում Հայաստանում առաջացել են ֆեոդալական մի շարք քաղաքներ (Արզն, Բաղեշ, Խլաթ, Կարին, Ոստան, Ադամակերտ, Սպեր, Նախճավան, Մուշ և այլն), որոնցից կարևորները Վադարշապատը, Դվինը և Արշակավանն էին։ Նոր առաջացած ֆեոդալական քաղաքները քիչ էին տարբերվում մեծ գյուղերից, քանի որ հիմանակն զբաղմունքն այստեղ գյուղատնտեսությունն էր: Խոշոր քաղաքները /Վաղարշապատ, Դվին, Վան/ առևտրի և արհեստագործության մեծ կենտրոններ էին և որոնցում գյուզատնտեսությունը համեմատաբար սահմանափակ ծավալ ու կշիռ ուներ։
Հայաստանի քաղաքները V–VII դարերում առանձին զարգացում չեն ունեցել՝ Սասանյանների և Բյուզանդական կայսրության միջև չդադարող պայքարի պայմաններում: Վաղմիջնադարյան քաղաքների համընդհանուր անկումը տեղի է ունեցել արաբական տիրապետության շրջանում VII–IX դարերում, կապված երկրի տնտեսական կյանքի ընդհանուր հետադիմության հետ։ VII–VIII դարերի արաբական զավթողական ու պատժիչ արշավանքների հետևանքով ավերվում են Հայաստանի մի շարք քաղաքներ։ Դրանց մի մասը այնուհետև, մինչև IX–X դարերը, կորցրեց իր տնտեսական նշանակությունը (Վաղարշապատ, Զաբիշատ, Կարին, Արճեշ և այլն), իսկ որոշ քաղաքներ էլ ընդմիշտ դադարեցին գոյություն ունենալ (Արտաշատ)։ Նախորդ ժամանակաշրջանի քաղաքներից շատերը վեր են ածվում բերդաքաղաքների ու բերդերի, որոնցում զետեղվում են արաբական կայազորներ Մայրաքաղաք Դվինը, լինելով Հայաստանի մեծ մասից և Վրաստանից ու Աղվանքից կազմված «Էրմենիա» փոխարքայության կենտրոնը, կարողանում պահպանել իր նշանակությունը: Արաբական ոստիկանները (էմիրները) որոշ չափով հոգ էին տանում իրենց աթոռանիստը բարեկարգելու մասին, և VIII դ. վերջերից – IX դ, սկգբներից այն դառնում է արհեստագործության ու առևտրի Արևմտյան Ասիայի խոշորագույն կենտրոններից մեկը:
Հայկական միջնադարյան քաղաքները
Հայաստանում քաղաքային կյանքն աննախադեպ վերելք է ապրում քաղաքական անկախության շրջանում՝ IX–XI դարերում։ Աշխուժանում են հին քաղաքները՝ Դվինը, Վանը, Նախճավանը, Բաղեշը (Բիթլիս), Հերը (Խոյ), Բագարանը, առաջ են գալիս նոր քաղաքներ՝ Անի, Կարս, Արծն, Խլաթ, Մուշ, Լոռի, Կապան, Երազգավորս։ Քաղաքային կյանքի բուռն զարգացումը բացատրվում է ոչ միայն քաղաքական անկախությամբ, Արևելքի ու Արևմուտքի երկրների նկատմամբ Բագրատունյաց թագավորության տարանցիկ դիրքով, այլև տևական խաղաղությամբ։
Փոքր քաղաքները կամ գյուղաքաղաքները հիմնականում ֆեոդալականկալվածքների կենտրոններն էին ու տնտեսապես փոխկապակցված էին շրջապատի հետ: Այդ կարգի քաղաքներից էին Վասպուրականի թագավորությունում՝ Արտամետը, Ոստանը, Դատվանը, Հադամակերտը, Բերկրին, Սյունիքի թագավորությունում՝ Շաղատը, Եղեգիսը, Կապանը, Անի–Շիրակի թագավորությունում՝ Երևանը, Սուրմառին, Երազգավորսը:
Այլ բնույթ ունեին խոշոր քաղաքները՝ Անին, Դվինը, Կարսը, Վանը, Կարինը, Նախճավանը և այլն։ Սրանց կապը գյուղատնտեսության հետ համեմատաբար թույլ էր, դրանք հիմնականում արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոններ էին: Կային այսպես կոչված «ազատ» քաղաքներ, որոնք պարսպապատ չէին, գտնվում էին ոչ թե ֆեոդալական կալվածքներում, այլ ազատ հողերում։ Այդ կարգի քաղաքներից էին Արծնը և Սևանա լճի հարավային ափին՝ Դվին — Պարտավ ճանապարհի վրա գտնվող Ազատ քաղաքը, որոնց բնակչությունը գրեթե բացառապես զբաղվում էր առևտրով ու արհեստներով։
IX—XI դարերի Հայաստանի խոշոր քաղաքները բաղկացած էին երեք մասից` միջնաբերդից, բուն քաղաքից («շահաստանից») և արվարձաններից։ Միջնաբերդը սովորաբար գտնվում էր քաղաքի կենտրոնական մասում կամ այն մասում, որը պաշտպանական տեսակետից ավելի ապահով էր և իշխում էր ամբողջ քաղաքի վրա։ Քաղաքների միջնաբերդերը, սովորաբար ավելի շուտ էին կառուցվել և, մինչև նրանց շուրջը քաղաք ծավալվելը, դրանք բերդեր էին։ Միջնաբերդերը շրջափակվում էին աշտարակավոր պարիսպներով։ Դրա շուրջը տարածվում էր բուն քաղաքը՝ «շահաստանը», որն իր գրաված տարածքով մի քանի անգամ նրան գերազանցում էր։ Այստեղ էին գտնվում շուկա–հրապարակներ, խանութներ ու կրպակներ («կուղպակ»), արհեստանոցներ, որոնք ըստ արհեստի տեսակի զբաղեցնում էին քաղաքի մի փողոցը կամ փողոցի, շուկայի մի շարքը։ «Շահաստանը» նույնպես պարսպապատված էր, բայց կային և այնպիսի քաղաքներ, որոնց այդ մասը զուրկ էր պարսպից՝ բաց էր (օրինակ՝ Արծնը)։ Քաղաքի արվարձանները փռված էին «շահաստանից» դուրս։ Նրանք զբաղեցնում էին հսկայական տարածք, որովհետև քաղաքի այս մասի բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ:
Քաղաքը կառավարում էր տվյալ քաղաքի տեր ֆեոդալի կողմից նշանակվող կառավարիչը, որը կոչվում էր «շահապ», «քաղաքի վերակացու» կամ «ամիրա»։ Մայրաքաղաքների կառավարիչները նշանակվում էին թագավորի կողմից և անմիջականորեն ենթարկվում էին նրան։ Քաղաքներում կային նաև ֆեոդալների կողմից նշանակված հատուկ պաշտոնյաներ՝ «մութասիբ» կամ «մութսիբ»։ Սրանք հսկում էին շուկաներում չափ ու կշռի, վաճառվող ապրանքների գների վրա։ Հարկահավաք պաշտոնյաները կոչվում էին «բաժրար», «ձեռնավոր» կամ «կռփիչ»։ Խոշոր քաղաքներում X դարի վերջերից գործում էր քաղաքային ինքնավարություն, որի գլուխ կանգնած էր բավական լայն իրավունքներով օժտված ավագների խորհուրդը «երիցանին»։ Վերջինիս իրավունքներն ավելի ընդլայնվեցին XII — XIII դարերում։ Նրանց պարտականությունների մեջ առանձնահատուկ տեղ էր գրավում քաղաքի պաշտպանությունը, պաշտպանական պարիսպների ու բուրգերի կառուցումը և վերանորոգումը, հարձակումների ժամանակ ինքնապաշտպանության կազմակերպումը և այլն։
Հայաստանի այդ շրջանի քաղաքների բնակչությունը ազգային տեսակետից բավական միատարր էր. դրանց հիմնական զանգվածը կազմում էին հայերը։
IX—XI դարերում Հայաստանի խոշոր քաղաքներից (Անի, Դվին, Արծն, Կարս) յուրաքանչյուրի բնակչության թիվը հասնում էր մինչև 100 հազար մարդու։ Մյուս քաղաքների բնակչության թիվը նույն ժամանակներում տատանվում էր 10 — 25— 40 հազար մարդու սահմաններում։
XI դարում Հայաստանի ծաղկած քաղաքներից շատերը սելջուկյան արշավանքների հետևանքով կողոպտվում և ավերվում են /Արծն, Անի, Դվին, Արճեշ, Մանազկերտ, Կապան, Վան, Բերկրի, Մուշ/: Արշավանքների հետևանքով ոչ միայն ոչնչացան քաղաքային բազմահազար բնակիչներ, այլև հենց այդ ժամանակներից սկսվեց բնակչության զանգվածային արտագաղթ (մանավանդ՝ Անիից), որ այնքան մեծ հարված հասցրեց հատկապես քաղաքներին։
XII դարի երկրորդ կեսից մինչև XIII դարի 30 — 40-ական թվականները Վրաստանի օգնությամբ, Զաքարյան հայ իշխանների անմիջական գլխավորությամբ Հյուսիսարևելյան Հայաստանը ազատագրվում է սելջուկ–թուրքերի լծից և նորից բռնում զարգացման ուղի։ Հայաստանի այդ խոշոր հատվածի քաղաքներից կարևոր էին Անին, Դվինը, Կարսը: Սկում են կրկին բուռն զարգացում ապրել արհեստները:
Քաղաքների կառավարիչները (քաղաքապեւոները) կոչվում էին ամիրաներ և նշանակվում էին այն ֆեոդալի, իշխանի կողմից, որի իշխանության սահմաններում գտնվում էր տվյալ քաղաքը։ Խոշոր քաղաքների՝ Անիի, Դվինի և Կարսի կառավարիչները կոչվում էին «ամիրայից ամիրա»։ Ընդ որում, Անիի ամիրայից ամիրան նշանակվում էր Զաքարյանների կողմից, որովհետև այն համարվում էր վերջիններիս աթոռանիստ քաղաքը։ Անիում շարունակում էր գործել ներքին ինքնավարական մարմինը՝ «երիցանին», որի իրավունքները նախորդ ժամանակների համեմատությամբ ավելի ընդլայնվել էին։
Ուշմիջնադարյան քաղաքները Հայաստանում
Մոնղոլական արշավանքների ընթացքում անբուժելի հարված ստացան Հայաստանի նախորդ շրջանում արհեստագործության և առևտրի կենտրոններ դարձած քաղաքները։ XIII դ. 50–ական թվականներից, երբ մոնղոլական արշավանքները հիմնականում ավարտվում են, Հարավային Հայաստանի տնտեսական կյանքը և մեծ նշանակություն ստացած քարավանային առևտրի ճանապարհների վրա գտնվող քաղաքները /Վան, Արճեշ, Մանազկերտ, Մուշ, Մուֆարղին, Էրզրում, Երզնկա/, իսկ Հյուսիսային Հայաստանի քաղաքների մեծ մասը սկսում է դատարկվել: Անին վերածվել էր սովորական բնակավայրի, Դվինը՝ դադարել էր գոյություն ունենալուց։ Կիլիկիայի հայկական թագավորությունը մամլուքների կողմից գրավվելուց հետո (1375 թ.) Հարավային Հայաստանի քաղաքները ևս զրկվեցին տարանցիկ առևտրի կապերից ր սկսեցին անոկւմ ապրել:
Լենկթեմուրի, կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում (XIV—XV դդ.) Հայաստանի քաղաքները ենթարկվում են նոր, ավելի ահավոր կողոպուտի, ավերումների և գերեվարությունների։ Իրենց գոյությունը մի կերպ պահպանում էին Էրզրումը, Երզնկան, Կարսը, Մուշը, Վանը, Խոյը: Դառնալով վարչական կենտրոն (1440 թվականից) Կարակոյունլուների ժամանակ սկսում է բարձրանալ։ Երևանը:
Թուրք–պարսկական տիրապետության շրջանում քաղաքային կյանքի զարգացման համար չկային ո՛չ սոցիալ-տնտեսական և ո՛չ էլ քաղաքական նպաստավոր պայմաններ։ Այս ժամանակահատվածում Հայաստանի քաղաքներից համեմատաբար նշանավոր էին Երևանը, Էրզրումը, Վանը, Երզնկան, Կարսը, Բայազետը, Խլաթը, Բիթլիսը, Մուշը, Արճեշը, Սեբաստիան, Մալաթիան, Դիարբեքիրը, որոնց բնակչության թիվը տասը հազար մարդուց չէր անցնում: Երևանի, Էրզրումի, Վանի և Երզնկայի բնակչությունը հազիվ էր անցնում 12 հազարի: Միաժամանակ Արևելյան Հայաստանի քաղաքների բնակչության մեջ զգալի տոկոս են սկսում կազմել թաթարներն ու պարսիկները, իսկ Արևմտյան Հայաստանի՝ թուրքերն ու քրդերը։
Ուշմիջնադարյան քաղաքները սովորաբար ունեին ամուր պարիսպներով պատած միջնաբերդեր։ Իրենց ամուր բերդերով հռչակված էին Էրզրումը, Կարսը, Երևանը և, մասամբ, Բայազետը։ Քաղաքները բաժանված էին առանձին թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացում էր վարչական ու տնտեսական միավոր։ Քաղաքապետները կոչվում էին քալանթարներ և նշանակվում էին խանի (Արևելյան Հայաստանում) կամ փաշայի (Արևմտյան Հայաստանում) կողմից, իսկ թաղամասերի կառավարիչները կոչվում էին քեդխուդա կամ մելիք։ Հայկական թաղամասերի կառավարիչները սովորաբար նշանակվում էին հայերից և կոչվում էին մելիքներ։
Քաղաքային բնակչությունը առևտրից, արհեստագործությունից և այլ զբաղմունքներից բացի զգալի չափով կապված էր նաև գյուղատնտեսական աշխատանքների հետ։ Բնակավայրերը խիստ անբարեկարգ էին, մեծ մասը կառուցապատված առանց որոշակի հատակագծի։ Փողոցները նեղ էին, ոլորապտույտ ու ցեխոտ, չէին լուսավորվում։ Քաղաքներից շատերը չունեին խմելու համար պիտանի ջուր։ Փոշու առատության, նեխած ու ճահճային ջրերի առկայության, սանիտարական տարրական պայմանների բացակայության պատճառով անպակաս էին մահասփյուռ հիվանդությունները։
Նոր և նորագույն շրջանի քաղաքներ
1828 թ. պարսկական լծից ազատագրվելու և Ռուսաստանին միանալու շնորհիվ, Արևելյան Հայաստանում համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին տնտեսության զարգացման համար։ 1890-ական թվականներից այստեղ սկսում է արագ տեմպերով զարգանալ արդյունաբերությունը, որին մեծապես նպաստում է Թիֆլիս—Ալեքսանդրապոլ և Ալեքսանդրապոլ—Կարս երկաթուղիների կառուցումը։ Բայց և այնպես, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Արևելյան Հայաստանը հետամնաց գյուղատնտեսական երկիր էր, իսկ եղած արդյունաբերությունն էլ անկման հասավ պատերազմի տարիներին։
Արևմտյան Հայաստանում ամբողջ XIX դարում և XX դ. առաջին տասնամյակներում առևտուրը շարունակում էր մնալ միջնադարյան մակարդակի վրա` կրելով քարավանային առևտրի բնույթ։ Արդյունաբերական զարգացումը XX դարի սկզբուն աննշան էր ու ուղղակի կործանվեց 1915 թ. երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանության հետևանքով։
Հայաստանում խորհրդանին կարգերի հաստատումից հետո Արևելյան Հայաստանի քաղաքներն իրենց վրա կրում են խորհրդային քաղաքաշինության և ճարտարապետության ազդեցությունը, հարմարվելով ժամանակի պահանջների: Հետխորհրդային շրջանում քաղաքաշինության ոլորտում ի հայտ են գալիս նոր ժամանակակից մոտեցումներ: