«Մշակութային ցեղասպանության հետևանքով մեծապես տուժել է հայկական ասեղնագործությունը»
Հայկական մշակութային ժառանգության անսպառ գանձարանում իր ուրույն տեղն ունի ասեղնագործությունը: Դարեր շարունակ հայուհու հրաշագործ մատներից ծնունդ են առել չքնաղ ասեղնագործ աշխատանքներ, որոնք մեծ հռչակ են վայելել ամբողջ աշխարհում: Բազմաթիվ աղբյուրներում ուշագրավ փաստեր կան այն մասին, որ հայոց արքաները հայկական ձեռարվեստի մեկ նմուշի վաճառքից ռազմական նավ են գնել, լուծել շատ ազգային հարցեր: Հայկական ասեղնագործության հրաշք նմուշները զարդարել են ոչ միայն հայ մարդու կյանքն ու կենցաղը, այլև թագավորական պալատներն ու վանքերը, դժբախտաբար, նաև օտար զավթիչների սեղանները…
…1915-ի Ցեղասպանության ժամանակ կողոպտվել և ոչնչացվել են նաև ասեղնագործության բազմահազար նմուշներ, վերացել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի ասեղնագործության շատ դպրոցներ:
Ժողովրդական վարպետներ Անահիտ և Անժելա Աբգարյանները արդեն 30 տարի զբաղվում են պրոֆեսիոնալ ասեղնագործությամբ և հասցրել են վերծանել ու վերակենդանացնել բազում անհետացած դպրոցներ՝ Ուրֆա, Վան-Վասպուրական, Մուշ-Տարոն, Տիգրանակերտ, Սեբաստիա, Սյունիք-Արցախ, Սվազ, վերջերս նաև՝ Պոլիս և Անի…
-Մեր նախնիները ՝ ի գին իրենց արյան, մեզ համար հզոր ժառանգություն են ստեղծել ու պահպանել: Եթե ուզում ենք երկիր պահենք, պետք է նախևառաջ պահպանենք մեր մշակույթը,- սա է քույրերի բանաձևը:
Երկխոսություն ազգային անցյալի հետ

Նվեր Ժողովրդական արվեստի թանգարանին 2009թ.
Ամեն անգամ, երբ փոքրիկ ասեղի մեծ վարպետները սկսում են ստեղծագործել, նրանք մտովի սկսում են զրուցել այն անանուն գրիչների ու ծաղկողների , քարտաշ վարպետների ու ճարտարապետների հետ, ովքեր, զգալով հայկական ասեղնագործության արժեքը, ջանք չեն խնայել ձեռագիր մատյանների մանրանկարներում, եկեղեցիների պատերի ու դռների վրա անմահացնել մեր ազգային նախշերը: Հենց սրանք են այն կարևորագույն սկզբնաղբյուրները, որոնց հիման վրա Անահիտ և Անժելա Աբգարյանները վերականգնում են հայկական ասեղնագործության ՝ Ցեղասպանության հետևանքով անհետացած դպրոցները, որոնք դառնում են մահվանը հաղթած ու վերածնվող ազգի խորհրդանիշը:
– Հայկական ասեղնագործությունը դարերի պատմություն ունի: Նրա մասին բազմաթիվ հիշատակություններ կան ինչպես հայ, այնպես էլ՝ օտար պատմագիրների աշխատություններում: Հայկական ասեղնագործությունը իր ազդեցությունն է թողել նաև հարևան ժողովուրդների մշակույթի վրա:Մեր պատմական հնավայրերի պեղումներից ձեռքբերված նյութերը վկայում են այն մասին, որ հայկական ասեղնագործությունը մշտապես եղել է բարձր հիմքերի վրա՝ Անի, Դվին….Նույնիսկ վերջերս Արենիի պեղումների արդյունքում գտնվել է հյուսված ծղոտ, ինչը դրա վկայություններից է,- փաստում է Անժելան:
– Հայկական ասեղնագործության վերաբերյալ հարուստ հնագիտական նյութեր կան նաև ուրարտական ժամանակներից,-հավելում է Անահիտը:- Օրինակ, մի քանի արձանիկների վրա եղած հագուստներից երևում է, որ դեռևս այն ժամանակներից ի վեր հայ կինը գործել է թանկարժեք կտորներ և կատարել ասեղնագործ աշխատանքներ: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր ստեղծագործ նախնիները ասեղնագործությունը փորձել են պահպանել նաև ձեռագիր մատյանների կազմաստառների վրա: Եվ մենք մեր ուսումնասիրությունների ժամանակ միշտ հայտաբերում ենք հնագույն , կենդանի նմուշներ և սկսում վերծանել՝ ո՞ր դարաշրջանին և ո՞ր դպրոցին է այն պատկանել: Այժմ պետք է թույլտվություն վերցնենք՝ Էջմիածնի գանձատուն մտնելու համար:

Նվեր Հայաստանի Պատմության թանգարանին 2009թ.
Աբգարյան քույրերը սրտի թրթիռով են հիշում այն օրը, երբ Հայաստանի Պատմության թանգարանում իրենց հնարավորություն ընձեռվեց մոտիկից տեսնել և ուսումնասիրել 1884-1916թթ. ընթացքում ակադեմիկոսներ Ն. Մառի և Հ. Օրբելու կողմից Անիի պեղումների ժամանակ անեցի մեծահարուստ Տիգրան Հոնեցու տոհմական դամբարանից գտնված մանկահասակ աղջկա հագուստները, որոնք պատկանում են 10 – 13 – րդ դարերին:
– Երեխայի մետաքսե վերնազգեստի թեզանիքը զարդարված է նուրբ ասեղնագործությամբ , իսկ գոտկատեղին ամրացված է մետաքսե թելից հյուսված գոտի, որը ապարանջանի դեր է կատարել: Փոքրիկի գլխին գցված է եղել սև գույնի շղարշե նուրբ կտոր՝ միմյանց հետ կռվող վագրի և առյուծի պատկերներով: Գլխատակից գտնվել է թռչունների երամի բարդ պատկերներով զարդանախշված մետաքսե կտոր: Եվ մենք սրանց հիման վրա կարողացանք վերակենդանացնել Անիի ասեղնագործության տեխնիկան,-ասում են զրուցակիցներս:
– Եվ գիտե՞ք՝ ինչն է կարևոր,- ընդգծում է Անահիտը,- ասեղնագործ աշխատանքները ոսկեթել են եղել, ինչի շնորհիվ էլ այդ դարաշրջանի հագուստի գործվածքը պահպանվել է: Սրանք թագավորական զգեստների ասեղնագործության բարձրարվեստ նմուշներ են:
-Հայտնի է, որ յուրաքանչյուր պատմական նահանգ ունեցել է ինչպես իր տարազը, գորգագործությունը, ժանեկագործությունը այնպես էլ՝ ասեղնագործությունը: Կխոսե՞ք Արևմտյան Հայաստանի ասեղնագործության դպրոցների մասին:

Հայաստանի Ազգային պատկերասրահ
– Ասեղնագործության դպրոցները բազմազան են՝ թե՛ իրենց տեխնիկայով, թե՛ գունային լուծումներով: Եվ մի գաղտնիք բացեմ. մենք նաև բացահայտել ենք, թե ո՞ր պատմական նահանգի դպրոցն է եղել հիմքը, որի վրա էլ զարգացել է ամբողջ միջնադարյան ասեղնագործությունը: Մենք հետագայում այս մասին կգրենք ու կհրատարակենք մեր աշխատության մեջ,- ասում է Անժելան:
– Պատմական Հայաստանի ասեղնագործության բոլոր դպրոցներն էլ աչքի են ընկել բարձրարվեստությամբ: Եվ դրանք վերծանելու համար պետք է կարողանաս մտածել ադ դարաշրջանի նման,-նշում է Անահիտը:
-Ես գիտեմ, որ Դուք նպատակ ունեք վերականգնելու նաև Պոլսի և Ջուղայի ասեղնագործությունը: Ի՞նչ ընթացքի մեջ են այդ աշխատանքները:
-Մենք արդե՛ն վերծանել ենք Պոլսի ասեղնագործութան տեխնիկան,-ասում է Անահիտ Աբգարյանը և ցույց տալիս մի չքնաղ նմուշ՝ ոսկե թելով արված մի վարդ, որը բարձրաքանդակ է հիշեցնում:-Այժմ աշխատում ենք Ջուղայի ասեղնագործությունը վերծանելու ուղղությամբ:
-Եվ դեռ շատ աշխատանքներ կան անելու: Բազմաթիվ դպրոցներ կան, որ պետք է ուսումնասիրել, ինչը երկար ժամանակ է պահանջում: Ամեն մի դպրոց ուսումնասիրելիս նոր բաներ ենք բացահայտում: Չէ՞ որ հայկական մշակույթի բոլոր ճյուղերը սերտորեն կապված են միմանց,- փաստում է Անժելա Աբգարյանը:

Երևան քաղաքի պատմության թանգարան
Նշենք, որ այս հրաշալի հայուհիները 1990-ական թվականներից մինչ օրս իրենց հարուստ գիտելիքներն են փոխանցել 10.000-ից ավելի սաների՝ անվճար հիմունքներով: Նրանք հիմնել էին նաև «Ազգային Ձեռարվեստի գիտակրթական կենտրոն», որը գոյատևեց 8 տարի: Այն հիմք էր հանդիսանալու մեր ամբողջ ժառանգությունը պահպանելու, դարերով կուտակված հմտությունները նոր սերնդին խորությամբ ուսուցանելու , գիտական աշխատություններ հրատարակելու համար: Սակայն կենտրոնը պետական աջակցություն ստացավ ընդամենը 6 ամիս և փակվեց: Մինչդեռ Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող ժողովուրդը պետք է հենց պետական մակարդակով պահպանի այն արժեքները, որոնք դարեդար եղել են մեր ինքնապահպանման և հարատևման ազդակներից մեկը: Սակայն , ինչպես հատուկ է մեծ նվիրյալներին, Անահիտ և Անժելա Աբգարյանները շարունակում են ստեղծագործել՝ սերունդների համար ամբարելով մեր ազգային հարստությունները:
-Երբ մարդ աշխարհ է գալիս, պետք է իմանա՝ ինչի՞ համար է ապրում: Մենք սա ազգի համար ենք անում: Չէ՞ որ Ցեղասպանության հետևանքով մենք կորցրել ենք Արևմտյան Հայաստանը, սպանվել է 1,5 միլիոնից ավելի մարդ: Եվ մենք մեր կատարած աշխատանքով պահպանում ենք նրանց հիշատակը, ովքեր մեզ են ժառանգել այս գանձերը,- ասում են նրանք…
Ճանաչենք, որ պահենք ու հարատևենք

Նվեր նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն
…1915-ին հայ ժողովուրդը իր պատմական բնօրրանում ենթարկվեց Ցեղասպանության: Եվ մենք կորցրեցինք նաև մեր մշակույթի բազմաթիվ շերտեր՝ բարբառներ, պատմաճարտարապետական կոթողներ, ժողովրդական կիրառական արվեստի բազմահազար նմուշներ….
-Մշակութային ցեղասպանությունից ամենաշատը տուժել է ասեղնագործությունը, որովհետև թուրքերը կողոպտում և յուրացնում էին մեր այդ անանց արժեքները: Ճիշտ կլիներ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում հայ մշակույթը ներկայացվեր նաև ասեղնագործության մասով: Մենք այսօր պետք է կարողանանք արժանապատիվ կերպով Հայ մշակույթը փոխանցել սերունդներին: Իսկ այս ամենը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է կոնկրետ հասցե և ամուր հենք՝ <<Ազգային Ձեռարվետի գիտակրթական կենտրոն>>: Միայն մեր ժառանգությունը պահելով և զարգացնելով կարող ենք արժանի հակահարված հասցնել մեր հարևաններին, ովքեր նենգափոխում են պատմությունը և փորձում են իրենց վերագրել հայկական մշակույթի շատ երևույթներ, այդ թվում՝ ասեղնագործությունը,-ասում է Անահիտը:
-Իսկ ի՞նչ դժվարությունների եք հանդիպում Արևմտյան Հայաստանի ասեղնագործությունը վերականգնելու աշխատանքների ընթացքում:
– Դժվարությունն այն է, որ պետք է երկրեերկիր գնանք, ինչը ֆինանսական խնդիր է: Եթե մեր պետությունը մեզ աջակցի, կարող ենք գնալ տարբեր երկրների թանգարաններ և տեղում ստեղծել հայկական ասեղնագործության նմուշների կրկնօրինակաները,-պատրաստակամորեն ասում են քույրերը:

Ազգային տարազով տիկնիկների հավաքածու
Ցեղասպանության հետևանքով մեր բազմաթիվ մշակութային արժեքներ սփռվեցին աշխարհով մեկ: Ժողովրդական վարպետները կարևորագույն խնդիր են համարում դրանք մեկ առ մեկ ի մի բերելը և ասեղնագործության յուրաքանչյուր դպրոցի մասին գրքեր հրատարակելը: Ըստ նրանց սա կարող է անել այն մարդը, ով տիրապետում է այս արվեստի բոլոր նրբություններին:
-Մեզ համար մեծ կարևորություն ունի այն արժեքը, որը Հայն է ստեղծել: Մեծ անհրաժեշտություն կա նման աշխատանքներ ծավալելու: Ճիշտ է՝ կան գրքեր, որոնք ողջունելի են: Բայց գիրքը կկորցնի իր արժեքը, եթե ասեղնագործության նմուշների լուսանկարները չուղեկցվեն պատմագիտական ու բացատրական նյութերով,-ասում է Անժելան:
Հայկական ասեղնագործության պահապաններն ու նվիրյալները ոչ միայն վերծանում են կորած դպրոցները, այլև, հենվելով նախորդ զարգացած դարերի հզոր ավանդույթների վրա, ուղենշում են նաև 21-րդ դարի հայկական ասեղնագործությունը: Նրանց ստեղծագործությունները գտնվում են բազմաթիվ թանգարաններում, անգամ՝ Հռոմի Պապի նստավայրում: Դեռ տարիներ առաջ Անահիտ և Անժելա Աբգարյանները առաջարկ էին ստացել Անգլիայից՝ թագավորական պալատում աշխատելու և թագուհու շորերը ասեղնագործելու համար: Մերժել էին՝ առանց երկմտելու:

Այնթապի դպրոցի ասեղնագործություն
– Եթե գնայինք, մեզ հետ կտանեինք մեր ամբողջ ազգային ժառանգությունը: Եվ չի բացառվում, որ հետագայում տվյալ երկիրն իրեն վերագրեր այս ամենը, ինչպես հաճախ է պատահել մեր ժողովրդի պատմության մեջ,- ասում են նրանք:
Եվ այս ազգասիրական ու մշակութապահպան ոգին նրանք ժառանգել են իրենց մշեցի տատից, ումից էլ ժամանակին առան ասեղնագործության առաջին դասերը: Հիմա նրանք մի երազանք ունեն. վերաբացել «Ազգային Ձեռարվեստի գիտակրթական կենտրոնը», որի լսարանները կզարդարեն իրենց իսկ ձեռքով արված Պատմական Հայաստանի ասեղնագործության դպրոցների նմուշները և տարազները՝ եկեղեցական ու թագավորական բարձրարվեստ ու բարձրաշխարհիկ զգեստները՝ Սեբաստիա, Մուշ-Տարոն, Այնթապ …դրանց շարքում ուրույն տեղ ունի մի բարդ ասեղնագործ աշխատանք, որտեղ նրանք գաղտնագրել են «Տերունական աղոթքը»:
…Անահիտ և Անժելա Աբգարյանները շարունակում են ապրել ազգային ծրագրերով ու արժեքներով՝ թշնամու կողմից ցեղասպանված մշակույթը վերակենդանացնելով և ոչինչ չստանալով՝ ժողովրդի սիրուց բացի: Թո՛ղ որ ասեղնագործված «Տերունական աղոթքը» միշտ փարոս լինի նրանց ստեղծագործական որոնումների և մեր ժողովրդի հավերժի ճամփին: Իսկ ժողովուրդը հավերժ է իր նվիրյալ զավակներով:
Հասմիկ Պողոսյան
Լուսանկարները` Գագիկ Պողոսյանի