Հայ բեմական պարի և բալետի ասպարեզում առաջին քայլերն արվել են XIX դ․ կեսին արևմտահայ մշակութային կենտրոններում՝ ֆրանսիական դասական պարարվեստի ազդեցության տակ։ Հայկական պապրավեստի դասական դպրոցի ձևավորումը շարունակվել է XX դ․ սկզբին արևելահայ միջավայրում՝ արդեն ռուսական կայսերական բալետի ազդեցությամբ։
Հայկական բալետի ձևավորումը
Հայկական բալետը ծնունդ է առնում Օսմանյան կայսրությունում՝ պոլսահայության շրջանում։ Առաջին կայուն բալետային խումբը գործել է “Արամյան” թատրոնում (1849-1866 թթ․)։ Առաջին հայ պարողներից հայտնի էր Գևորգ Չիլինկիրյանը (Զեննե Գևորգ), պարուհիներից՝ Թագուհին, Անտիկը, Մառին։ Խմբում ներառված էին նաև իտալացի և ֆրանսիացի պարուհիներ։ Հայկական բեմական պարի զարգացմանը մեծապես նպաստել է հայկական օպերետային թատրոնի ձևավորումը։ Երանոս Չափրաստը ոչ միայն բեմադրել է պարեր, այլ նաև հիմնադրել կենցաղային-պարահանդեսային պարի դպրոցներ Կոստանդնուպոլսում (1868), ապա Զմյուռնիայում և Ադանայում։
XIX դ․ 60-70-ական թվականներին պարերի ստեղծմանը ձեռնամուխ են եղել հասարակական գործիչ Գ. Կոստանդյանը, դերասաններ Գ․ Ռշտունին և Ա․ Պենկլյանը, ինչպես և կոմպոզիտոր Տ․ Չուխաճյանը, որի գրչին են պատկանում բազմաթիվ կենցաղային պարեր, պարային տեսարաններ «Արիֆ», «Քյոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետներում, բալետային ինտերմեդիաներ «Արշակ Բ» և «Զեմիրե» օպերաներում։ 70-ական թվականներից արևելյան հայ թատրոնի բեմում կատարվել են հայկական և ասիական պարեր՝ թե՛հայ դրամատուրգների պիեսների բեմադրություններում և թե՛ համերգներում։ Արդեն 1900-ին Վ․ Խաչիկյանը (Կոստանդնուպոլիս) արևելյան պարերով մասնակցել է Փարիզի համաշխարհային փառատոնին։
XX դ․ սկզբին բեմական պարի բուռն զարգացում է տեղի ունենում Արևելյան Հայաստանում, ինչը կապված է երաժշտական թատրոնի հետագա վերելքի հետ։ Հայտնի օպերետային խմբերում հանդես են եկել հայ պարողներ ու պարուհիներ։ Ասիական պարերի կատարող Ալբերտը (Գ․ Շահինով) 1920-ական թթ․ հանդես է եկել Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնում։ Բալետի պարող Կորգանովը 1910 – ականներին հանդես է եկել Բաքվում՝ Մայիլյանների թատրոնում, Ամիրագոյի օպերետային խմբում, 1920-ականներից՝ որպես Բաքվի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Բաքվում է ստեղծագործել նաև պարերի բեմադրող Ս․ Կևորկովը։
1910-ականներին առանձնակի համբավ է վայելել պարուհի Արմեն Օհանյանը, որն իրականացրել է արևելյան պարերի և Այսեդորա Դունկանի «ազատ» ոճի սինթեզը։ 1910-ին նա հիմնել է առաջին դրամատիկական խումբը Թեհրանում։
1917-ին, Ս․ Ս․ Լիսիցյանը Թիֆլիսում հիմնադրել է «Արտասանության ռիթմի և պլաստիկայի ստուդիա» (1924-ին վերակազմավորվել է Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտի)։
1920-ականերին բալետի մի շարք հայազգի դերասաններ կրթություն են ստացել Թիֆլիսի Ս․ Պերինիի և Ս․ Մորդկինի, Բաքվի Ս․ Կևորկովի ստուդիաներում, ապա դարձել օպերայի և բալետի հայտնի թատրոնների մենակատարներ։ Հայ ազգային բալետի հիմնադիրներից Ի.Արբատովը (Ցաղուբյան) 1922-ից աշխատել է Բաթումի թատրոնում, 1926-ից՝ Թիֆլիսի, Տաշքենդի, Աշխաբադի, Բաքվի, Ուֆայի, Կազանի, Խարկովի օպերայի և բալետի թատրոններում։ 1922-ից Մ․ Վանշիրի ղեկավարությամբ գործել է Դոնի Ռոստովի երաժշտական կոմեդիայի հայկական թատրոնը։
Բալետը Խորհրդային Հայատսանում
1920-ական թվականներին բալետի դպրոցներ հինվում են նաև Խորհրդային Հայաստանում։ 1923 – ին կազմակերպվել է Ալեքսանդրոպոլի (Գյումրի) օպերա-օպերետային թատերախումբը (ղեկավար Շ․ Տալյան)։ 1923 – 24-ին Երևանում են գործել Ս․ Մխիթարյանի կենցաղային պարերի և Վ․ Ավետիքյանի ռիթմի ու պլաստիկայի դպրոցները։ Վ․ Արիստակեսյանը 1924 թվականին Երևանում հիմնադրել է պարարվեստի պետական ստուդիա, որտեղ դասավանդվել են հայկական, կովկասյան, դասական և բնութագրական պարեր։ 1926-ին Երևանում առաջին անգամ ներկայացվել են «Ջուլհականոց» երկպատկեր բեմադրությունը և Լ․ Դելիբի «Կոպելիա» բալետը։ 1927-ին ստուդիան մասնակցել է Սոսկվայում կայացած ՍՍՀՄ ժողովուրդների արվեստի հոբելյանական ստուգատեսին:
1927-ին Երևանում Ա․ Դուրինյանը և Հ․ Սիրունյանը կազմակերպել են ռիթմի և պլաստիկայի ստուդիա։ 1930-ին Վ․ Արիստակեսյանի և Դուրինյան-Սիրունյանի ստուդիաների միավորմամբ ստեղծվել է Երևանի ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի տեխնիկումը (1931-ից՝ ռիթմի պլաստիկայի և պարի տեխնիկում, 1937-ից՝ Երևանի պարարվեստի ուսումնարան)։ 1962-ին Իջևանում կազմակերպվել է բալետային ստուդիա (հիմն. և առաջին ղեկավար՝ Ժ․ Խաչատրյան)։ 1980-ին ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կամերային բալետային խումբը (ղեկավար և բալետմայստեր՝ Ռ․ Խառատյան)։
1933 – ին Երևանում բացված օպերայի և բալետի թատրոնի (1939-ից՝ Ա․ Սպենդիարյանի անվան) բալետային խումբը և թատրոնին կից բալետային ստուդիան (1934) ստեղծել է Վ․ Պրեսնյակովը։ Թատերախումբն առաջին անգամ հանդես է եկել թատրոնի բացմանը՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բալետային տեսարաններում (1933, բալետմայստերներ՝ Վ․ Արիստակեսյան, Վ․ Պրեսնյակով)։ 1938-ին թատերախումբը լրացվել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներով։ Այդ շրջանում թատրոնում են աշխատել նաև բալետմայստերներ Յու․ Ռեյնեկեն, որը թատրոնում բեմադրել է առաջին բալետային ներկայացումը՝ Չայկովսկու «Կարապի լիճը» (1935)։
Նույն ժամանակահատվածոիմ ազգային օպերաներում մշակվել են ազգային պրոֆեսիոնալ պարարվեստի սկզբունքները։ Կարևոր իրադարձություն էր Խաչատրյանի «Երջանկություն» բալետը (1939), որտեղ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ի.Արբատովն առաջին անգամ իրականացրել է դասական բալետի և հայկական ժողովրդական պարային ձևերի ու լեզվի սինթեզը։
1947 -ին Լենինգրադից հրավիրված Լ․ Սեմանովան, Ի․ Ուշակովան և Վ․ Բորիսովը իրենց գործունեությամբ հայկական բալետը հարստացրել են Լենինգրադյան (Սանկտ- Պետերբուրգ) դպրոցի կատարողական ավանդույթներով։
Արդեն 1960-70-ականներին հայ կոմպոզիտորները ստեղծել են մի շարք բալետային պարտիտուրներ, որոնք արտացոլել են սիմֆոնիկ երաժշտության և երաժշտական թատրոնի ձևերի ու արտահայտչամիջոցների սերտ կապը (Արիստակեսյանի «Պրոմեթևս», Օրբելյանի «Անմահություն» բալետները, Երկանյանի «Օրեստես» և «Էդիպ արքա» խորեոգրաֆիկ սիմֆոնիաները, Հովհաննիսյանի «Անտունի» բալետը՝ խմբերգային դրվագներով, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը),ընդլայնվել է նաև բալետի թեմատիկ դիապազոնը (Հովհաննիսյանի «Հավերժական կուռք», Եղիազարյանի «Արա գեղեցիկ և Շամիրամ», Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն», Խաչատրյանի «Դիմակահանդես», Շաքարյանի «Ֆիզիկոսներ», Սակկիլարիի «Չոփչոփիկը», Մելիք- Մուրադյանի «Կարմիր գլխարկ» ևն)։
1967-71-ին Սպենդիարյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Մ․ Մարտիրոսյանը, ով իր բեմադրություններով ազգային պարարվեստը հարստացրել է նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներով, որոնք դասական, ժամանակակից և հայկական ժողովրդական պարի տարրերի յուրօրինակ հարաբերակցության, կից արվեստների (հատկապես հայկական զարդանկարի և մանրանկարի) և կինեմատոգրաֆիական ոճաձևերի պարային վերարտադրման արդյունք էին։ 1960-80-ական թվականներին Սպենդիարյանի անվան թատրոնում բալետներ են բեմադրել նաև Մոսկվայի, Սանկտ- Պետերբուգի, Թբիլիսի, Օդեսայի օպերայի և բալետի թատրոնների բալետմայստերները՝ Ս․ Սերգեևը, Ն․ Դուդինսկայան, Յու․ Ժդանովը, Օ․ Վինոգրադովը, Տ․ Նիկիտինան, Գ․ Ալեքսիձեն, Ն․ Ռիժենկոն և Վ․ Սմիռնով-Գոլովանովը։
Ժամանակակից բալետը
Հայաստանի անկախացումից հետո հայկական բալետը հայտնվեց ծանր իրավիճակում՝ պայմանավորված երկիրի սոցիալ-տնտեսական վիճակով:Տարիների ընթացքում խարխլվել է 1970-80-ականներին կառուցած հիմքը, իսկ ռուսական դպրոցի ավանդույթների կողքին փորձ է արվում զարգացնել և ամրապնդել ժամանակակից տենդենցները: Հայկական բալետի առջև կանգնած լրջագույն մարտահրավերներից մեկը պրոֆեսիոնալների պատրաստելն է և սերնդափոխության հարցը` բալետի դպրոցի գրեթե բացակայության պայմաններում: Բալետի զարգացումը մեծ կախվածություն ունի պետական աջակցությունից, քանի որ տարիների ընթացքում այն կորցրել է երբեմնի հրապարակայնությունը և հանրության կողմից լայն համակրանքը:
Այնուամենայնիվ մի շարք անվանի կոմպոզիտորների գործունեության շնորհիվ հայկական բալետը համալրվում է նոր ներկայացումներով։ 1990-ական թթ-ից բեմադրվել են Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը», Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» (1990), Լորիս Ճգնավորյանի «Օթելլոն» (1993), Է. Հովհաննիսյանի «Վարդանանք» (2008) և այլ բալետներ։ Բալետի զարգացմանը նպաստել են դիրիժորներ Օհան Դուրյանը, Յուրի Դավթյանը, Կարեն Դուրգարյանը, Կոնստանտին Օրբելյանը և ուրիշներ։
Forceful feeling․ Դրվագ
Է․Համբարձումյան. «Երազ»
“Stabat Mater”
Շալախո
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը