Հայաստանի քաղաքական ու սոցիալ – տնտեսական վիճակը XV–XVIII դդ․ բարենպաստ չի եղել ճարտարապետության համար, այն ընթացել է պատերազմների, թշնամու ասպատակությունների ու ավերածությունների պայմաններում, սակայն այս դժվարին ժամանակաշրջանում էլ հայկական ճարտարապետությունը պահպանել է դարերից եկող իր ավանդներն ու նվաճումները, շարունակել հաջորդական զարգացումը։ Միայն XVII դարից Արևելյան Հայաստանում որոշ զարթոնք է նկատվում՝ ճարտարապետական ավանդական ոճերի պահպանմամբ: Հայկական ճարտարապետությունն իր ուրույն զարգացումն էր ապրում գաղթօջախներում:
Հայկական ճարտարապետության համար XIV դարի 2-րդ կեսից սկսվել է ծանր ժամանակաշրջան՝ քաղաքական և տնեսական անբարենպաստ պայմանների հետևանքով շինարարական կյանքը երկրում ընդհատվել է։ XV–XVI դդ․ Հայաստանում ոչ մի մոնումենտալ շենք չի կառուցվել։ Բարձր զարգացման հասած հայկական քարկոփության արվեստը այս դարերում կիրառում է գտել միայն ճարտարապետական փոքր ձևերում՝ խաչքարեր, օրորոցաձև տապանաքարեր, մատուռներ։ Հայ ճարտաչապետներն ու շինարար վարպետները այս ժամանակաշրջանում լայնորեն ընդգրկվել են երկրում իշխող մահմեդական վերնախավի համար պալատներ, բերդեր, դղյակներ, դամբարաններ կառուցելու գործում։
XV–XVI դդ․ հայ ճարտարապետները կարևոր դեր են ունեցել Օսմանյան Թուրքիայի շինարարական կյանքում։ Հայազգի ճարտարապետ Սինանը (1490–1588) Կ․ Պոլսում կառուցել է բազմաթիվ շենքեր, որոնք նշանավորել են օսմանյան ճարտարապետության զարգացումն ու գագաթնակետը։ XVIII դ–ից Կ․ Պոլսում սկսվել է հայ ճարտարապետների հռչակավոր գերդաստանի՝ Պալյանների գործունեությունը (մինչև XIX դ․ վերջ)։ Կրելով պալատական ճարտարապետի տիտղոսը, այս ընտանիքի ներկայացուցիչները Թուրքիայի մայրաքաղաքում կառուցել են տեղական գեղագիտական պահանջներից թելադրված բազմաթիվ շինություններ, եվրոպականացրել թուրքական ճարտարապետությունը, ուղի հարթել նրա հետագա զարգացման համար։
XIV դ․ 2-րդ կեսից, երբ բուն Հայաստանում ընդհատվել էր շինարարական կյանքը, հայկական ճարտարապետությունը որոշ առանձնահատկություններով գոյատևել է բազմաթիվ գաղթավայրերում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղրիմում, Լեհաստանում, Մոլդովայում, Պարսկաստանում և այլուր։
XIV–XVI դդ․ Ղրիմի հայաշատ գյուղերում ու քաղաքներում՝ Կաֆայում (Թեոդոսիա), Սուրխաթում (Ստարի Կրիմ), Բախչելիում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ և աշխարհիկ շենքեր։ Միայն Թեոդոսիայում գործել է 24 հայկական եկեղեցի (պահպանվել է 7-ը)։ Ղրիմի հայկական ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից են․ Սուրբ Խաչ վանքը (1358), Թեոդոսիայի Հովհաննես Մկրտիչ (1348), Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց (1408), Ս․ Գևորգ (XIV–XV դդ․) եկեղեցիները, Բախչելի գյուղի Ս․ Փրկիչ վանքը (XIV դ․), որոնք իրենց մի շարք առանձնահատկություններով հանդերձ հիմնականում կառուցվել են հայկական աqqային ճարտարապետության ավանդներով։
XIV դ․ 2-րդ կեսին գմբեթավոր բազիլիկ հորինվածքով խոշոր տաճար է կառուցվել Լվովում, ուր նույնպես հաջողությամբ զուգակցված են հայկական ճարտարապետության սկզբունքները տեղական շինարվեստի առանձնահատկությունների հետ։
XIV–XVII դդ․ հայկական գաղթավայրեր են առաջացել Մոլդովայի մի շարք քաղաքներում՝ Բոտոշանում, Ցասսիում, Սուչավայում։ Այս քաղաքներում ազգային ոճով կառուցված հայկսկսն եկեղեցիները որոշ ազդեցություն են ունեցել Մոլդավիայի, ինչպես և Ռումինիայի ճարտարապետության զարգացման վրա։
Ժամանակաշրջանի բազմաթիվ եկեղեցիներ ու աշխարհիկ շենքեր են կառուցվել Վրաստանի հայ գաղթավայրերում, նախ՝ Թիֆլիսում և Գրեմիում։ Հայկական և պարսկական ճարտարապետական ոճերի ինքնատիպ սինթեզով առանձնանում են Նոր Ջուղայի գաղթավայրի հուշարձանները, որոնք Արևելքի ժողովուրդների արվեստում եզակի նմուշներ են․ քրիստոնեական տաճարի հորինվածքը զուգակցված է մահմեդական ճարտարապետության ձևերի հետ։
XVII դ․ 2-րդ քառորդից Հայաստանի համար սկսվել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջան և երեքդարյա ընդմիջումից հետո երկրում ստեղծագործ աշխատանքի, շինարարական կյանքի հնարավորություն է ստեղծվել։ Շինարարությունը տարվել է հիմնականում երեք ուղղությամբ․ վերականգնման աշխատանքներ, նոր եկեղեցիների, վանքերի ու անապատների կառուցում և նախկինում կառուցված եկեղեցիները, վանքային համալիրները լրացվել են նոր շինություններով՝ զանգակատներ, գավիթներ, սրահներ, պարսպապատեր ևն։ Շինարարական խոշոր աշխատանքներ են տարվել Վաղարշապատում․ վերակառուցվել է Մայր տաճարը, նորոգվել են Գայանե եկեղեցին, Հռիփսիմեի տաճարը։
Եկեղեցական նոր շենքեր կառուցվել են ոչ թե նախորդ՝ X–XIV դդ․ հուշարձանների հորինվածքների, այլ IV–VII դդ․ հայկական ճարտարապետության սկզբնավորման շրջանում տարածում գտած գմբեթավոր բազիլիկ, թաղածածկ դահլիճ, գմբեթավոր դահլիճ և, հատկապես, եռանավ բազիլիկ հորինվածքային տիպերի օրինակներով։ XVII դ․ կառուցված եռանավ բազիլիկները, ի տարբերություն վաղ միջնադարի համանման կառույցների, արտաքուստ անպաճույճ են, առանց որևէ դեկորատիվ հարդարանքի, հաճախ անմշակ քարով կառուցված (Սյունիք), ներսի տարածությունը երեք նավի է բաժանվում հիմնականում երկու զույգ (Դառնի, XVII դ․, Տաթև, 1646, Գնդեվազ, 1686, Եղեգիս, 1708, գյուղերի եկեղեցիները, Նախճավանում՝ Բիստի Ս․ Աստվածածին, 1637, Փառակայի Ս․ Շմավոն, 1680, Շոռոթի Ս․ Լուսավորիչ, 1708), իսկ որոշ դեպքերում՝ մեկ զույգ մույթերով [Հերմոնի վանքի (Կնևվանք) Ս․ Գրիգոր, XVII դ․, Կուսանաց անապատի Ս․ Աստվածածին, 1676, Երևանի Զորավոր, 1691 – 1705]։
XVII դ․ գմբեթավոր եկեղեցիներ համեմատաբար քիչ են կառուցվել։ Գմբեթավոր դահլիճ հորինվածք ունեն Խոր Վիրապի մեծ եկեղեցին (1666) և Էջմիածնի Շողակաթը (1694)։ Գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցիներ կառուցվել են հիմնականում Սյունիքում և Նախճավանում։
Այս շրջաններում, ուր հիմնական շինանյութը բազալտն էր, գմբեթավոր եկեղեցիների կառուցումը աշխատատար գործ էր, կապված մեծ ծախսերի հետ, այդ պատճառով օգտագործել են մատչելի և ավելի էժան շինանյութ՝ աղյուս։ Քարաշեն որմնախարիսխի վրա ամբողջովին աղյուսակերտ են Աստապատի Կարմիր վանքի, Քարատակի Ա․ Ստեփանոս վանքի (XVII դ․ 2-րդ կես) եկեղեցիները ևն։ Մեղրիում (Ս․ Աստվածածին, XVII դ․ 1-ին կես), Ագուլիսում (Վերին թաղի Ս․ Քրիստափոր եկեղեցին, 1671–75), Շոռոթում (Ս․ Հակոբ, 1664) կառուցվել են գմբեթավոր բազիլիկներ, որոնց հիմնական ծավալը իրականացվել է բազալտից, իսկ թմբուկը և գմբեթը՝ աղյուսից։ Տարբեր շինանյութերի նման զուգակցումը նորույթ էր հայկական ճարտարապետության մեջ։ XVII դ․ գմբեթավոր բազիլիկներից արժեքավոր է և բարձրարվեստ Մուղնու Ս․ Գևորգ եկեղեցին (1664–69, ճարտարապետներ՝ Սահակ Հիզանեցի և Մուրադ)։ Ճակատների երեսպատման մեջ օգտագործված քարերի բազմազանությունը, գմբեթի հովհարաձև ծածկը, եկեղեցուն օրգանապես կապված կամարակապ սրահն ու զանգակատան թեթև ռոտոնդան ստեղծում են տպավորիչ ու այդ դարի կառույցների համար բացառիկ արտահայտիչ կերպար։
XVII–XVIII դդ․ տարածում է գտել զանգակատների շինարարությունը, սրանք հիմնականում երկհարկ կամ եռահարկ թեթև աշտարակներ են՝ պսակված ռոտոնդաներով։ Կառուցվել են գոյություն ունեցող եկեղեցիների արևմտյան ճակատին կից (Էջմիածնի Մայր տաճար, 1654–58), իսկ նորակառույցներում՝ գավթի (ավանդական կամ եռակամար բաց սրահի ձևով) հետ զուգակցված։
XVII–XVIII դարերում եթե Արևմտյան Հայաստանում դեռևս կիրառվում է գավթի ավանդական տիպը՝ հատակագծում ուղղանկյուն, 4 սյուներով կենտրոնակազմ կառույց (Վասպուրականում՝ Վարագավանք, 1698, Աղթամար, 1763, Նարեկավանք, 1787), ապա Արևելյան Հայաստանում տարածում են գտել եռակամար բաց սրահները, որոնք կառուցվել են գոյություն ունեցող եկեղեցիների արևմյան ճակատին կից (Գայանե, 1683), իսկ նորակառույցներում (հաճախ զանգակատան ռոտոնդայով պսակված)՝ որպես նախապես մտածված հորինվածքային բաղկացուցիչ (Մուղնու Ս․ Գևորգ, էջմիածնի Շողակաթ, Երևանի Զորավոր)։
Հայաստանում XVII դ․ սկսված մշակութային ընդհանուր վերելքը նպաստել է ճարտարապետական խոշոր անսամբլների՝ վանքերի, անապատների կառուցմանը։ Հարանց անապատը (Սյունյաց Մեծ անապատը, հիմնադրվել է 1608–13-ին) ուշ միջնադարի հայկական հոգևոր, մշակութային և ճարտարապետական զարթոնքի առաջնեկն է եղել, սակայն կործանարար երկրաշարժից հետո միաբանությունը 1660-ին տեղափոխվել է մի այլ վայր և կառուցել նոր՝ Տաթևի Մեծ անապատը, որը ուշ միջնադարի հայ ճարտարապետության ամենաարժեքավոր և ուշագրավ անսամբլներից է։
XVII–XVIII դդ․ վանքային համալիրները, անապատները, ի տարբերություն նախորդ՝ IX–XIV դդ․ ճարտարապետական անսամբլների, ստեղծվել են ոչ թե հարյուրամյակների ընթացքում, այլ մեկ շինարարական ժամանակահատվածում, միասնական մտահղացմամբ։ Ունեին հորինվածքային ընդհանրություններ, համալիրը, որը կառուցվում էր կրոնական ու պաշտամունքային շինությունների տարրերի զուգակցման միասնական մտահղացմամբ, ընդգրկում էր հիմնականում ուղղանկյուն, պարսպապատերով շրջափակված տարածք, կենտրոնում՝ ագատ կանգնած (առանց կից կառույցների) միակ եկեղեցին էր, պարսպապատերի պարագծով՝ մեծ թվով բնակելի ու տնտ․ սենյակներ։ Որպես վանք –ամրոց են կառուցվել Շատին, Խոր Վիրապ, Ամարասի, Դարաշամբի Ստեփանոս Նախավկա, Ագուլիսի Ս․ Թովմա վանքերը են։ Այդ դարերում նոր կառույցներով են լրացվել ու ամրացվել (շրջափակվել են պարսպապատերով) նախկինում կառուցված վանքային համալիրները՝ Գնդեվանքը, Տաթեը, Նորավանքը, Թադեի վանքը, Հոգոց վանքը, Գեղարդավանքը ևն։
XVII դ․ տնտեսական կյանքի, առևտրի աշխուժացումը նախադրյալներ են ստեղծել երկրում ճանապարհների բարեկարգման, կարավանատների ու կամուրջների վերանորոգման, ինչպես և նորերի կառուցման համար։ Բազմաթիվ խոշոր կամուրջներ են կառուցվել Հրազդան, Քասաղ, Որոտան, Մեղրի և այլ գետերի վրա։ Ուշ միջնադարի Հայաստանի ինժեներականկառույցներից հատկապես ուշագրավ են Աշտարակի (1664), Երեանի (1679), Օշականի (1706) բազմաթռիչք կամուրջներն իրենց հաջող տեղադրությամբ ու ինքնատիպ ուրվագծով։
XVII–XVIII դդ․ Հայաստանում տնտ․ և առևտրական․ կյանքի վերելքը նպաստավոր էր քաղաքաշինության համար։ Հայկական բնակավայրերից զգալի զարգացում են ապրել Վանը, Կարսը, Բաղեշը, Մուշը, Կարինը, Երզնկան և հատկապես Երևանը, որը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոնն էր։ XVII–XVIII դարերում Երևանի տարածական կառուցվածքը եռաստիճան էր՝ բերդ, փարթամ այգիներով բնակելի թաղամասեր և քաղաքը շրջապատող բազմաթիվ բնակավայրեր։ Բնակելի թաղամասերը երեքն էին՝ Հին թաղը կամ Շահարը, Կոնդը Ձորագյուղի հետ և հարավ – արմևմտուտքում` Քարհանքի թաղը։
XVII դ․ սկսված բուռն շինարարական աշխատանքները Հայաստանում շարունակվել են մինչև XVIII դ․ սկիզբը: 1724-ին թուրքերի նոր հարձակումը Արևելյան Հայաստանի վրա, վերսկսված թուրք–պարսկական պատերազմները նորից ընդհատել են հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը։ XVIII դ․ 2-րդ կեսից այլևս քիչ թե շատ նշանակալից շենքեր չեն կառուցվել։ Կատարվել են միայն վերանորոգումներ, կամ գոյություն ունեցող անսամբլները լրացվել են որոշ շենքերով։ Սակայն XVIII դ․ հատկանշական է եղել հայկական ճարտարապետության համար ամրոցաշինության կարճատև, սակայն, ուշագրավ վերածննդով։ Դավիթ Բեկը ոչ միայն նորոգել ու օգտագործել է նախկինում կառուցված ամրոցներ՝ Ռրոտնաբերդը, Բաղաբերդը, Զեյվաբերդը, այլ հիմնովին վերակառուցել է Մեղրիի բերդը և Հալիձորը՝ ժամանակի ռազմական պահանջներին համապատասխան։