Հայկական ճարտարապետությունը XII–XIV դարերում իր զարգացումն է ապրում նաև Կիլիկիայում: Տեղական շինարվեստը բուն Հայաստանի ճարտարապետական ավանդույթները զարգացրել է ըստ երկրի տեղական առանձնահատկությունների, սերտորեն առնչվելով Բյուզանդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մշակութային կյանքին: Ճարտարապետության զարգացումը մեծապես պայմանավորվել է քաղաքների զարգացմամբ, որոնք իրենց հերթին կանխորոշել են աշխարհիկ ճարտարապետության բուռն վերելքը։
Հայկական քաղաքաշինության համար նորույթ էր նավահանգիստ – քաղաքների հիմնադրումը։ Լեռնային շրջանների բնակավայրերի կազմավորման սկզբունքները գրեթե նույնն էին, ինչ բուն Հայաստանում։ Քաղաքն ունեցել է իր միջնաբերդը, որի մի կողմում կամ շուրջը ձգվել է բնակավայրը՝ նույնպես շրջապատված հզոր պարսպապատով։ Միջնաբերդում է եղել թագավորական պալատը, որը գերիշխել է քաղաքի ամբողջ տարածքի վրա։ Պալատները երկու – երեք հարկանի շենքեր էին՝ տարբեր գույնի մարմարներով երեսապատված, որմնանկարազարդ, սյունազարդ դահլիճներով, խճանկարազարդ հատակներով են (Անարզաբայի, Սսի, Տարսոնի և այլ պալատներ)։
Բուն քաղաքը կառուցապատվել է իշխանական ապարանքներով, հյուրատներով, քարավանատներով, առետրաարհեստավորական շենքերով, բաղնիքևերով ևն։ Քաղաքների ջրամատակարարումը կատարվել է զգալի հեռավորությունից բերված ջրմուղի գծերով։ Տեղանքի լեռնային բնույթով էր պայմանավորված կամրջաշինության լայն զարգացումը։
Կիլիկիայի պաշտամունքային ճարտարապետությանը բնորոշ էին թաղածածկ դահլիճ (ծավալից դուրս աբսիդով) և եռանավ բազիլիկ տիպի հորինվածքները (Անարզաբա, Կոռիկոս)։ Կառուցվել են նաև քառամույթ գմբեթավոր տաճարներ (Սիս)։ Վանական համալիրները (Հռոմկլա, Դրազարկ, Ակներ, Մլիճո վանք, Սկևռա ևն), որոնք միաժամանակ մշակութային և գիտական կարևոր կենտրոններ էին, կազմավորվել են տարբեր տիպի եկեղեցական շենքերով, որոնցում իրենց որոշակի տեղն ունեին զանգակատները, գրատները, բնակելի և օժանդակ կառույցները։ Վանական համալիրները նույնպես ամրացվել են և վտանգի պահին օժանդակ ամրոցների ղեր կատարել։
Կիլիկիայի վարպետները բարձր մակարդակի են հասցրել ամրաշինության արվեստը, որի սկզբունքները մեծապես կիրառվել են խաչակիրների կառուցած բազմաթիվ ամրոցներում։ Ամրաշինական արվեստի կատարյալ նմուշներ են Լևոն Բ–ի կառուցած բերդը (Լևոնկլա), Թումլուբերդը։ Սսի ամրոցը բաղկացած էր ներքին դարպասների միջոցով հաղորդակցվող, տարբեր մակարդակների վրա կառուցված 7 մասերից։ Կոռիկոսն ու Այասը բաղկացած էին երկուական ամրոցների համակարգից՝ ծովափնյա և ծովային (կառուցված կղզու վրա)։ Կիլիկիայի բազմաթիվ ամրոցները (Լամբրոն, Մուդ, Գուգլակ, Վահկա, Պապեռոն ևն) իրենց փոխդիրքավորմամբ կազմել են միասնական ռազմական համակարգ։