Հայկական ճարտարապետության նոր վերելքը սկսվել է XII դ․ վերջին քարրորդում՝ Զաքարյանների իշխանության ներքո գտնվող հյուսիս – արևելյան նահանգներում: Հիմնականում պահպանվում են Բագրատունիների ժամանակաշրջանի ճարտարապետական տենդենցները, հանդես են գալիս նորերը: Զարգացում են ապրում վանական համալիրների համակարգերը, որպես առանձին տարր հանդես է գալիս զանգակատունը: Մշակութային փոխներգործության արդյունքում այս ժամանակաշրջանում համամարդկային նշանակություն ունեցող գոհարներ: Այս փուլն ընդունված է համարել նաև հայկական ճարտարապետության »արծաթե դարը»:
XII դ․ վերջի – XIII դ․ 1-ին կիսամյակի կառույցները (Հառիճավանք, 1201) ապացուցում են, որ մեկ դարից ավել տևած սելջուկյան տիրապետությունը ճարտարապետության զարգացման բնագավառում որևէ խզում չի առաջացրել։ Ոճական բնորոշ նոր գծերը, մշակված X–XI դդ․, համեմատաբար փոքրաչափ կառույցների շինարարական պրակտիկայի շրջանակներում, լիովին պահպանվել են, դեկորատիվ ձևերն ավելի նրբացել, մանրացել և նրանցում տեղ են գտել որոշ արևելյան ընդհանուր մոտիվներ։
XIII դ․ Անիի ճարտարապետությունը նոր վերելք է ապրել։ Կառուցվել են որմնանկարազարդ շքեղ դահլիճներ, եկեղեցիներ, վերաշինվել է միջնաբերդի պալատը։ Աշխարհիկ կառույցներից իրենց չափերով և հարուստ մշակումով ուշագրավ են Պարոնի պալատը և հյուրատները։ Իրենց շքեղությամբ առանձնացել են Անիի մեծատունների մենատները։ Աշխարհիկ ճարտարապետության շքեղազարդ ոճի որոշակի ազդեցությունը կրել են Անիի պաշտամունքային կառույցները [Գրիգոր Լուսավորչի (Տիգրան Հոնենցի), Աղջկա բերդի և այլ եկեղեցիներ], ինչպես և երկրի իշխանական տիրույթներում կառուցված վանական համալիրների (Հովհանավանք, Գոշավանք, Նորավանք) շենքերը։ Վանական համալիրները XIII դ․ արագորեն աճել են և համալրվել նորատիպ կառույցներով։
Չնայած նրան, որ XIII դ․ պաշտամունքային ճարտարապետությունը ներկայանում է հիմնականում երկու կանոնիկ տիպերով (գմբեթավոր դահլիճ և ուղղանկյուն, ներքուստ քառաթև հորինվածքներով), այդուհանդերձ կառույցները օժտված են ձևերի բազմազանությամբ և աչքի են ընկնում կառուցողական վարպետությամբ [Գանձասարի (1216 – 1238), Մակարավանքի (1205), Հովհանավանքի (1216–21) և շատ ուրիշ համալիրների գլխավոր եկեղեցիները]։
Վանական անսամբլների կազմավորման տարրերը եկեղեցիներից բացի գավիթներն էին, տոհմային գավիթ – դամբարանները, գրատները, սեղանատները, զանգակատները, ինչպես նաև մեմորիալ կառույցները։ Քաղաքական և հասարակական ակտիվությամբ պայմանավորված՝ գավիթները ստանում են ոչ միայն ծիսական, այլ նաև հասարակական կարևոր նշանակություն որպես հավաքատեղի: Հնագույն գավիթները հիմնականում երկայնական թաղածածկ դահլիճներ էին (Վահանավանքի, X դ․, Գնդեվանքի, 999 ևն գավիթները), սակայն, արդեն Հոռոմոսի վանքի գավիթը կառուցվել է (1038) քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով, որը, հավանաբար, վաղ միջնադարյան տոհմային դամբարանական ձևերի անդրադարձն էր։ 1181-ին Սանահինում կառուցվել է հայկական ճարտարապետության ամենանշանավոր գործերից մեկը` քառասյուն դամբարան – գավիթը (ճարտարապետ.՝ Ժամհայր)։
XII դ–ից տարածում է գտել գավիթների հատկապես փոխհատվող կամարների համակարգով հորինվածքը՝ կիրառված Հաղպատի գավթում (1210) և Հովհաննավանքում (1250),: Այն հնարավորություն էր ներսը ընձեռում սյուներով չմասնատել ներքին ամբողջական տարածությունը։
Հայաստանում մշակված քարային կառուցվածքի փոխհատվող կամարների համակարգը կիրառվել է նաև սեղանատների (Հաղարծին, 1248), գրատների (Սաղմոսավանք, 1255) և այլ շենքերում։ Հայաստանի վանական համալիրները իրենց տեղադրությամբ, կառուցապատմամբ, շենքերի տիպերով բազմապիսի են և, չնայած նույն անսամբլի շենքերի միջե ընկած կառուցողական հաճախ մեծ ժամանակահատվածների, աչքի են ընկնում կառույցների փոխադարձ ներդաշնակությամբ և ընդհանուր հավասարակշռությամբ (Սանահին, Հաղպատ, Դադիվանք, Գանձասար)։ Վանական համալիրների մեծ մասում կառույցներն իրգանապես ներդաշնաված են բնության հետ: Շինարար վարպետների տարբեր սերունդների ջանքերով պահպանվել են համալիրների ոճական և գեղարվեստական ամբողջականությունն ու միասնականությունը: Քաղաքների, արհեստների զարգացումը, այլ երկրների հետ կապերի ուժեղացումը, երկրի մասնակցությունը տարանցիկ առևտրին՝ տվյալ դարերում պայմանավորել են կարավանատների և կամուրջների շինարարության վերելքը։ Սելիմի կարավանատունը ձգված համաչափություններով ցածրանիստ եռանավ դահլիճ է, մարդկանց, գրաստների և բեռների համար նախատեսված առանձին բաժան– մունքներով։ Իր համարձակ ինժեներական մտահղացմամբ աչքի են ընկնում Անիի (X–XI դդ․) և Սանահինի (XII դ․) կամուրջները։
Մեծ է եղել հայ ճարտարապետների մասնակցությունն ու ներդրումը սելջուկյան ճարտարապետության ձևավորման գործում։ XII – XIV դդ․ մահմեդական երկրների հետ կապերի ուժեղացման հետևանքով Հայաստան են ներթափանցել արևելյան առանձին զարդաձևեր՝ միաձուլվելով տեղական ավանդական մոտիվներին։
XII–XIV դդ․ հայկական ճարտարապետության մեջ իրենց որոշակի տեղն ունեն հուսակառույցները՝ սկսած գողտրիկ խաչքարերից մինչև խաչքար–մոնումենտները, իշխանական երկհարկ դամբարան–եկեղեցիներն ու մոնումենտալ տոհմային դամբարանները։ Այս ժամանակաշրջանի հուշակառույցները հիմնականում ներկայանում են խաչքարերով, որոնք բնորոշ են միայն հայկական մշակույթին և կանգնեցվել են ամենատարբեր նշանակությամբ (հանգուցյալի հիշատակին, որպես կոթող հաղթանակի կամ շինարարության ավարտի ևն)։ Խաչքարեր կերտել են և՝ ժողովրդական վարպետները և՝ նշանավոր ճարտարապետները, նկարիչ–քանդակագործները (Պողոս, Սիրանես, Մոմիկ)։
XII – XIV դդ․ որոշակի զարգացում են ունեցել իշխանական երկհարկ դամբարան–եկեղեցիները, ձևավորվելով որպես կենտրոնակազմ վերսլաց կառույցներ (Եղվարդի եկեղեցի, 1301, Նորավանք, 1339, Կապուտան, 1349)։
Հայկական մշակույթը XIII դ․ վերջին – XIV դ․ 1-ին տասնամյակին վերելք է ապրել Վայոց Զորում, որտեղ գործել է Գլաձորի նշանավոր համալսարանը իր բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Այստեղ վեր են խոյացել Արփայի, Եղեգիսի, Սպիտակավորի, Նորավանքի բարձր գեղարվեստականությամբ օժտված կառույցներն ու համալիրները։
Սակայն օտար բռնակալների արյունալի լուծը կործանման եզրին էր հասցրել երկրի տնտեսությունը, ուժեղացել էր ժողովրդի արտագաղթը, կանգ էր առել մոնումենտալ շինարարությունը։