Հայկական ճարտարապտության վերածննդի ժամանակաշրջան են համարվում IX – X դարերը: Ծաղկում են միջնադարյան քաղաքները, հանդես են գալիս ճարտարապետական նոր լուծումներ: Հանդես են գալիս հայկական ճարտարապետության նոր կենտրոնները, որտեղ հին ավանդույթների վրա ձևավորվում են նորերը: Միաժամանակ` ավելի է ակտիվանում միջմշակութային փոխներգործությունը: Կատարելագործվում են նախորդ դարերի ճարտարապետական ոճական լուծումները, հանդես են գալիս նորերը:
VIII դ․ սկզբին արաբական խալիֆաթի տիրապետության հաստատման պատճառով Հայաստանում գրեթե կանգ առավ շինարարությունը։ Որոշ կառուցումներ կատարվում էին առանձին իշխանական տիրույթներում (Արտավազդ Կամսարականի ստորգետնյա դամբարանը), նաև ժողովրդական ճարտարապետության բնագավառում։ Ըստ մատենագրական տվյալների, շինարարություն են ծավալել նաև կաթողիկոսները (Դավիթ Ա Արամոնեցին իր հայրենի գյուղում կա ռուցել է եկեղեցի և պալատ)։ Դվինում կառուցվել է միջնաբերդի պալատական շենքը և Կաթողիկեի արևմտյան կողմին գրեթե կից աշխարհիկ մի շենք։ Այս ժամանակաշրջանում է սաղմնավորվել, իսկ IX դ․ արդեն որոշակի հորինվածքով երևան եկել խաչքարը։
885-ին Բագրատունիների գլխավորությամբ հայկական պետականության վերականգնումից հետո քաղաքների աճը, աշխարհիկ մտածողության վերելքը պայմանավորեցին աշխարհիկ ճարտարապետության առաջատար դերը։ Թագավորանիստ քաղաքներում կառուցվել են IV—VII դդ․ ճարտարապետական հորինվածքներն ընդօրինակող նոր շենքեր։ Այս շրջանում Հայաստանի քսղաքների բաղկացուցիչ մասերն էին միջնաբերդը, նրան հարող բուն քաղաքը` շահաստանը և արվարձանները:
Քաղաքային ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից են Անիի պաշտպանական կառույցները, կամուրջները, հյուրատները, բնակելի տները ևն: Բագրատունիների պալատական համալիրը` իր հանդիսավոր դահլիճներով, բնակելի, կենցաղային և օժանդակ սենյակներով, մայրաքաղաքի աշխարհիկ ճարտարապետության պսակն է: Անիում արգասաբեր գործունեություն է ծավալել Տրդատ ճարտարապետը, որի ստեղծագործությունները` Անիի մայր տաճառը, Գագկաշենը, Արգինայի կաթողիկոսարանը և եկեղեցին, հայկական ճարտարապետության նշանավոր ստեղծագործություններից են: 989-ին Տրդատը վերականգնել է նաև Կ.Պոլսի Սբ. Սոֆիայի տաճարի` երկրաշարժից ավերված գմբեթը: Անիի մայր տաճարի ներսի հորինվածքն իր ազդեցությունն է թողել նույնիսկ եվրոպական ` գոթական ճարտարապետության վրա: Ինքնատիպ հորինվածքով աչքի է ընկել Անիի Սբ Առաքելոց 5-գմբեթային եկեղեցին:
Անիի օրինակով զարգացել են մեծ թվով քաղաքներ և խոշոր ավատատիրական կենտրոններ` (Աղթամար, Ամբերդ, Լոռիբերդ, Տիգնիս, Բջնի), որոնք ամրացվել և շրջափակվել են բարձրարվեստ պարիսպներով:
Քաղաքաշինական բարձր մշակույթի և սկզբունքների իրագործման լավագույն օրինակներն են առանձին թագավորությունների` մայրաղաքաքները: Ոճով միասնական ճարտարապետական մշակույթի հիման վրա առանձին թագավորություններում առաջացել են Սյունիքի, Վասպուրականի, Անի – Շիրակի, Տաշիր – Զորագետի ճարտարապետական դպրոցները, որոնցից յուրաքանչյուրն անցել է զարգացման իր ուղին։
Քաղաքներից զատ, ճարտարապետունը զարգացել է առանձին իշխանական տիրույթներում, ամրոցներում և հատկապես, վանական համալիրներում, որոնք արագորեն աճելով վերածվել են ժամանակի կարևոր մշակութային կենտրոնների։ Վանական համալիրների կրթամշակութային աշխույժ գործունեությամբ էր պայմանավորված դրանց մեծ մասում (Սանահին, Հաղպատ, Գոշավանք, Սաղմոսավանք, Տաթև, Գլաձոր, Դադիվանք, Գտչավանք) գրատուն` մատենադարանների, հոգևոր դպրոցների, համալսարանների գոյությունը: Արաբական լծից աստիճանաբար ազատագրվող երկրում սկզբում կառուցվել են ոչ մեծ չափերի շենքեր, որոնցից առավել վաղը հանդիսանում են լեռնային Սյունիքի, հատկապես Սևանի ավազանի առափնյա շրջանների, Զանգեզուրի կառույցները։
VIII – XI դարերում Հայաստանի հուշակառույցներն աչքի են ընկել ձևերի բազմազանությամբ: Վաղմիջնադարյան հուշասյունների հորինվածքը դարձել է ինքնատիպ կոթողների` Տաթևի վանքի (906թ), և Որոտնավանքի (Xդ.) ճոճվող սյուների ստեղծման հիմքը:
IX – X դդ-ից կիրառվել են նախկինում մշակված հատակագծային և ծավալատարածական հորինվածքների բազմաթիվ ձևեր`միանավ դահլիճները (Մաքենյաց վանք), քառաբսիդ կենտրոնագմբեթ հորինվածքները (Հայրավանք), ինչպես նաև` գմբեթավոր բազիլիկաները (Անիի Մայր տաճար, 989-1001, Տաթևի Պողոս – Պետրոս, 895-906), բազմախորան կենտրոնագմբեթ (Աբուղամրենց Սբ. Գրիգոր, X դ, Փրկչի, 1036, Հովվի, XI դար) այլ հորինվածքի եկեղեցիները: Համեմատաբար ավելի բարդ հորինվածքով են Սևանի կղզու տաճարները (874) և Շողազավանքը (877— 885), որոնք արդեն դրսևորում են ստեղծագործական նոր մոտեցումներ։ Աղոթատեղիների ավելացման ձգտումը բերեց եկեղեցու արևմտյան կողմի սենյակների ավելացմանը, հանգամանք, որն իր անմիջական ազդեցությունն ունեցավ ճարտարապետության նոր տիպի հորինվածքների մշակման համար։
IX—X դդ․ սահմանագծին մշակվել է ուղղանկյուն ծավալում պարփակված՝ ներքուստ քառաթև, չորս անկյուններում սենյակներ ունեցող գմբեթավոր կառույցի տարածական հորինվածքը (Կոթավանք, Մաքենյաց վանք, Քարկոփ), որը և դարձել է հետագա դարերի պաշտամունքային կառույցների տարածված հիմնական տիպը։
Այս ժամանակահատվածում լայն տարածում են գտնում գավիթները, որոնք ստանում են կրոնական և աշխարհիկ նշանակություն, միաժամանակ դառնալով նաև տապանատներ: Վաղ շրջանի գավիթներն առավելապես կիսագլանաձև թաղով ծածկված երկարաձիգ դահլիճներ են (Վահանավանք, Գնդեվանք, Քարկոփի վանք):
Նույն ժամանակաշրջանում հայ ճարտարապետները համարձակորեն ձեռնարկել են վաղ միջնադարյան բարդ հորինվածքների վերարտադրումը, ընդ որում այս կարգի հուշարձանները վեր են խոյացել թագավորական նստոցներում կամ նշանավոր վանական համալիրներում: IX— X դդ․ սահմանագծին Սյունիքում վերարտադրվել է նաև Հռիփսիմեի տիպը (Արծվանիստ) և գմբեթակիր մույթերով, խաչաձև-գմբեթավոր հորինվածքը (Տաթև, 895 — 906)։
Ռազմագիտական մտքի ու կառուցողական արվեստի բարձր իմացություն են դրսևորում Հայաստանի ամրոցները (Տիգնիս, Ամբերդ, Մաղասբերդ ևն), որոնց ձևերը պայմանավորվել են տեղանքի առանձնահատկություններով, իսկ տեղաբաշխումը՝ երկրի ռազմավարական հանգույցների անվտանգությունն ապահովելու նկատառումներով։