Հայկական քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը III – IV դարերում թևակոխել են զարգացման նոր փուլ` պայմանավորված քաղաքական, սոցիալ-տնտեսական, գաղափարամշակութային նոր իրավիճակով: Քրիստոնեությունը կյանքի է կոչել նորատիպ պաշտամունքային շենքերի ճարտարապետությունը, որը սկզբնապես սնվել է անտիկ ճարտարապետության ավանդույթներից։ Քաղաքական և տնտեսական պատճառներից անկում է ապրում քաղաքաշինությունը:
Հռոմեա-պարսկական պատերազմների պայմաններում անտիկ քաղաքների մեծ մասը տնտեսական անկում է ապրել, ինչը անդրադառնում է ամբողջ քաղաքաշինության վրա: Քաղաքային կյանքին մեծ հարված հասցրեց IV դ. կեսերին Սասանյան Շապուհ II շահի կողմից հայկական քաղաքներ բնակչության բռնի վերաբնակեցումը Միջագետք:Իրենց նշանակությունը կարճատև պահպանել էին միայն Արտաշատը և Տիգրանակերտը, որոնց փոխարինելու եկան Դվինը և Կարինը։ IV դ․ սկզբին Արշակ II հիմնադրած Արշակավան քաղաքի կառուցումը մնացել է թերավարտ։
Դվինն ու Կարինը (Թեոդոսուպոլիսը) բնութագրվում են քաղաքաշինական հատկանիշների (հատակագծային կառուցվածք, պաշտպանական միջոցների համակարգ ևն) ընդհանրությամբ։ Երկուսն էլ ունեցել են քաղաքաշինական եռամաս կառուցվածք (միջնաբերդ, շահաստան, արվարձան) և ապահովված էին պարիսպների ինքնուրույն համակարգով։ Անտիկ քաղաքների համեմատությամբ միջնաբերդի որոշ ֆունկցիաներ անցել են շահաստանին, ընդգծելով նրա նշանակությունը, որպես գաղափարապաշտամունքային և առևտրաարհեստագործական կենտրոն։ Դվինում և Կարինում իր ժամանակի համար պատշաճ մակարդակով լուծված են եղել քաղաքային բարեկարգման (ջրամատակարարում, ջրահեռացում, կոմունալ շենքեր), ինչպես նաև միկրոկլիմայի բարելավման (շրջապատում արհեստական անտառատարածությունների ստեղծում) հարցերը։
Քրիստոնեությունը կյանքի է կոչել նորատիպ պաշտամունքային շենքերի ճարտարապետությունը, որը սկզբնապես սնվել է անտիկ ճարտարապետության ավանդույթներից։ IV–V դդ․ եկեղեցական շենքերը հիմնականում բազիլիկատիպ են եղել, միանավ կամ եռանավ, արևելքից կիսաշրջան աբսիդով, կողմնային մեկ կամ երկու ավանդատնով։ Մույթաշարով (4–7 զույգ) նավերի բաժանված աղոթասրահի յուրաքանչյուր նավը (միջինը՝ լայն, կողմնայինները՝ նեղ), ծածկված են եղել ինքնուրույն թաղերով, իսկ երեքը միասին՝ ամֆոփված երկլանջ կտուրի տակ (Քասախի, IV–V դդ․, Աշտարակի, V դ․, Աղցի, IV դ․, Եղվարդի, V դ․ եռանավ բազիլիկները)։ Եռանավ բազիլիկների «արևելյան տիպին» պատկանող նկարագրված խմբից բացի, Հայաստանի մի քանի եռանավ բազիլիկներ (Տեկոր, V դ․, Երերույք, IV–V դդ․, Դվինի Ս․ Գրիգոր, 470, Ծիծեռնավանք, IV–V դդ․), ունենալով բազիլիկ կտրվածք, պատկանում են բազիլիկների «արմևմտյան տիպին»։ Անհամեմատ ավելի շատ են պահպանվել միանավ կամ «թաղածածկ դահլիճ» կոչված ոչ մեծ չափերի եկեղեցիները, որոնց աղոթասրահները ծածկված են միասնական թաղով և ամփոփված երկլանջ կտուրի տակ (Կառնուտի, V դ․, Եղվարդի, V դ․, Գառնիի, IV դ․, Զովունիի, V դ․ 1-ին քառորդ, Ծաղկավանքի, VI դ․, Դվինի, 553–557, Թալինի, V դ․, Թանահատի, 491, Զարջառիսի, IV–V դդ․, Լեռնակերտի, IV–V դդ․ և այլ եկեղեցիներ)։
Որոշ եռանավ ու միանավ եկեղեցիներ ունեցել են արտաքին սյունասրահներ (եռանավերը՝ 1–3, միանավերը՝ միայն 1, գերազանցապես հվ․ կողմից)։ Հորինվածքային և արտահայտչամիջոցների կիրառման տեսակետից Հայաստանի բազիլիկ եկեղեցիները որոշ ընդհանրություններ ունեն վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի Սիրիայի և Վրաստանի բազիլիկների հետ։ V դ․ վերջից բազիլիկ եկեղեցիներին փոխարինել են գմբեթավոր եկեղեցիներն իրենց բազմազան տարբերակներով։ Դրանցից՝ գմբեթավոր դահլիճները (Պտղնի, VI–VII դդ․, Արուճ, 661–666), գմբեթավոր բազիլիկները (վերակառուցված Տեկոր, 478–490, Օձուն, VI դ․, Մրեն, 613–640, Գայանե, 630, Բագավան, 631 – 639), ինչպես նաև եռաբսիդ գմբեթավոր բազիլիկները (Դվինի վերակառուցված Ս․ Գրիգոր, 608–615, Թալինի մեծ տաճար, VII դ․) սերում են եռանավ բազիլիկներից։ Առավել հարուստ են ու բազմազան VI–VII դդ․ խաչաձև–կենտրոնագմբեթ տաճարները, որոնց հորինվածքային գաղափարը զարգացման է ենթարկվել Ավանի (588–597), ապա դասական կատարելության հասցվել Հռիփսիմեի (618) և համատիպ տաճարներում (Գառնհովիտ, VI–VII դդ․, Թարգմանչաց վանք, VII դ․, Արամուս, VI դ․ վերջ, Աիսավան, VII դ․ վերջ, Արծվաբեր, VII դ․)։ Դրանցում առավելագույն պարզությամբ և կուռ տրամաբանությամբ են լուծված հատակագծային և ծավալատարածական հորինվածքների փոխկապվածությունը, մեկի պայմանավորվածությունը մյուսով, ողջ հորինվածքի միասնականությունը։
Հռիփսիմեատիպ տաճարներում ներքին խաչաձևությունը ստեղծված է փոխուղղահայաց երկու առանցքներով տեղադրված կիսաշրջան չորս խորաններով։ Առաջացած չորս անկյունները լրացնող քառակուսի (Ավանի տաճարում 4 շրջանաձև) ավանդատների և խորանների միջև անկյունագծային առանցքներով տեղավորված են հատակագծում 3/4 շրջանաձև խորշեր։ Հռիփսիմեատիպ տաճարի ներքին տարածությունը բնութագրվում է հատակագծից բխող ծավալատարածական հետաքրքիր անցումներով, ընդհանուր բարեկազմությամբ։ Այդ հատկանիշները արտահայտված են խորշավոր ճակատներում, համաչափ, հավասարակշռված ու արտահայտչականության պարզագույն միջոցներով լուծված ծավալատարածական ընդհանուր հորինվածքում։
Զորադիրի U․ էջմիածին եկեղեցին (Վասպուրականի Աղբակ գավառ, VI դ․ I-ին կես) դիտարկվող տիպի տարատեսակն է։ Խաչաձև -կենտրոնագմբեթ տաճարների մի այլ տարատեսակ է Մաստարայի (V դ․, ղ․) և համանման՝ Արթիկի մեծ (VII դ․), Հառիճավանքի Ա․ Գրիգոր (VII դ․) և Ոսկեպարի (VI — VII դդ․) քառաբսիդ եկեղեցիների տիպը, որում ի տարբերություն հռիփսիմեատիպ եկեղեցիների, խաչաթևերը կազմող աբսիդներն իրենց հնգանիստ ծավալներով ստեղծում են ծավալատարածական արտաքին ձևերի խաչաձևություն։ Այս տիպի տաճարներում գմբեթի բազմանիստ թմբուկը, որ հենվում է պատերի և գմբեթատակ քառակուսու անկյունների տրոմպերի վրա, խիստ մարմնեղ ծավալ ունի։ Դրա հաղթահարման օրինակ է Բագարանի Ս․ Թեոդորոս տաճարը (624—631), որտեղ (ինչպես էջմիածնի Մայր տաճարում) գմբեթակիր կամարները հենվում են աղոթասրահի կենտրոնական չորս մույթերի վրա։ Խաչաձև-կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածքներ ստեղծելու ձգտումը VII դ․ կեսին պսակվել է դարաշրջանի ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոցով (641—652)։ Այդ տաճարում խաչաձև քառաբսիդ կորիզը ներգծված է ոչ թե ուղղանկյուն, այլ բազմանիստ – շրջանաձև պարագծի մեջ և ամփոփված է եռաստիճան ծավալում։ Դարաշրջանի ընդհանուր առմամբ պարզ ու անպաճույճ ճարտարապետության մեջ Զվարթնոց տաճարով արմատավորվել է դեկորատիվ սկզբունքը։ Նույն դարի 2-րդ կեսին հորինվել է ըստ էության խաչաձև-կենտրոնագմբեթ տաճարներից սերող մեկ այլ՝ բազմախորան (6,8) եկեղեցու տիպը (Եղվարդի Զորավար, 661—685, Իրինդի, VII դ․ 2-րդ կես և Արագածի, VI դ․ եկեղեցիներ)։ V— VI դդ-ից զուգահեռաբար մշակվել է խաչաձև հատակագծով փոքր եկեղեցիների տիպը իր բազմազան աարբերակներոփ VI—VII դդ․ կատարելագործվելով, այս տիպը մարմնավորվել է եկեղեցիների մի ամբողջ շարքով՝ Աշտարակի Կարմրավոր (VI դ․), Թալինի փոքր (VII դ․), Լմբատավանքի Ա․ Ստեփանոս (VI դ․), Բջնիի Ս․ Սարգիս (VII դ), Կոշի Ս․Ստեփանոս (VII դ․), Ագարակի (VII դ․), Ալամանի (637), Ար գնի ի (VI դ․), Ձագավանքի (Գետարգելի) Ս․ Նշան (VII դ․), Օշականի Մանկանոց (Ս․ Սիոն, VII դ․) ևն։
Աշխարհիկ շենքերի ճարտարապետությունն ուշագրավ է զարգացման միանգամայն ինքնուրույն ուղիով, բնակելի տան ճարտարապետությունից սերված հորինվածքային և կառուցվածքային լուծումներով։ Դվինի երկու (V դ․ և VII դ․), Զվարթնոցի (VII դ․) և Արուճի երկու (VII դ․) պալատները ունեն հատակագծային լուծման միասնականություն։ Դրանցում կենտրոնական տեղ են գրավել սյունազարդ դահլիճները՝ քարե սյուների վրա հենվող «հազարաշեն» տիպի փայտե ծածկերի համակարգերով։ ժողովրդական ճարտարապետությանն ազդեցությունն իր արտահայտությունն է գտել հիշյալ պալատական շենքերի նաև ճարտարապետական մանրամասներում, հատկապես քարակերտ խոյակների ձևերում, որոնք հիշեցնում են Հայաստանում ստեղծված փայտե խոյակները (Սևանի վանք)։
Աշխարհիկ հուշարձանների խումբը լրացնում են Դվինում, Զվարթնոցում և այլ տեղերում պեղումներով հայտնաբերված բնակելի սենյակները, բաղնիքները, հասարակական և արտադրական կառույցները, այդ թվում՝ Զվարթնոցում և Հռիփսիմեի տաճարի մոտ բացված հնձանները։ Մեմորեալ, փոքր ձևերի ճարտրապետական հուշարձանները, քարակոթողները, հուշասյուները, դամբարանները, մահարձանները և խաչքարերը, որոնք կապված էին նոր հավատքի պրոպագանդման, թաղման, հիշարժան դեպքերը հավերժացնելու հետ․ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մի ինքնուրույն և հարուստ բնագավառ են կազմում։ Քարակոթողներն իրենց ընդհանուր հորինվածքով շարունակելով Վանի թագավորության և հայկական հելլենիզմի ժամանակաշրջանների ավանդույթները, IV—V դդ․ գաղափարական նոր բովանդակությամբ կերտվել են Հայաստանի տարբեր վայրերում՝ Արարատյան դաշտում (Դվին, Ավան), Արագածոտնում (Արուճ, Թալին), Շիրակում (Արթիկ, Հառիճ) և Գուգարքում (Դսեղ, Դանուշավան, Արդվի, Օձուն, Կողես, Կողբ, Խոժոռնի, Բրդաձոր)։ Դրանք խորանարդաձև կամ աստիճանավոր պատվանդանների վրա կանգնեցված քառանիստ կոթողներ են (1—5 մ բարձրությամբ), որոնց նիստերը (երբեմն նաև խորանարդաձև պատվանդանների կողերը) պատվում էին կրոնական կամ առասպելական բովանդակությամբ բարձրաքանդակներով։
Հուշասյուները (գտնված Դվինում, Օշականում, Ողջաբերդում, Գեղամա լեռների «Ուղտի ակունք» կոչված տեղամասում, Հովհաննավանքում) նույնպես կանգնեցվում էին պատվանդանների (հիմնականում աստիճանաձև) վրա։ Գլանաձև, բազմանիստ կամ փնջաձև սյուները պսակվում էին խոյակներով, որոնք կրում էին քրիստոնեության խորհրդանշանը՝ խաչը: VI— VII դդ․ խաչը պրոպագանդող մոնումենտալ հուշարձանները փոխարինել են փայտակերտ խաչերին, որպիսիք Հայաստանում և Վրաստանում կանգնեցվում էին քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում։ Քարակերտ «թևավոր» խաչերը նշանավորում են հայկական խաչքարերի զարգացման վաղագույն փուլը։
Դամբարանների ճարտարապետության ավանդույթները գալիս են վաղնջական՝ նախնադարյան համայնատիրական, Արարատյան թագավորության և հելլենիզմի ժամանակներից։ Դրա հետ մեկտեղ դամբարանների ճարտարապետական աղերսներ ունի նույն դարաշրջանի վաղ սիրիական և փոքրասիական վկայարանների ճարտարապետության հետ։ Վաղագույններից են Արշակունիների դամբարանը՝ Աղցում (IV դ․) և Գրիգորիսինը (489)՝ Ամարասի վանքում (Արցախ)։ Այդ դամբարաններից առաջինի տապանատունը ստորգետնյա է (հավանաբար ունեցել է նաև վերգետնյա հարկ), իսկ երկրորդինը տեղավորված է հին եկեղեցու (հետագայում վերակառուցված) ավագ խորանի տակ։ Նույնպիսի տեղադրություն ունեն Հռիփսիմե և Գայանե կույսերին վերագրվող դամբարանները VII դ․ կառուցված նույնանուն տաճարներում։ Զովունիի դամբարանը (V դ․) տեղավորված է Ս․ Վարդան փոքրաչափ մատուռի հարավային պատին կից։ VI—VII դդ․ մահարձանների ճարտարապետությունը ներկայանում է Օձունի և Աղուդիի բարձրարվեստ հուշարձաններով, որոնք, ունենալով հորինվածքային որոշ ընդհանրություն, իրենց մանրամասներով էապես տարբեր են։
IV—VII դդ․ ճարտարապետության ֊ գեղարվեստական արտահայտչամիջոցները համահնչյուն են օգտագործված շինանյութին (բնական քար), դարաշրջանի ճարտարապետության իշխող սկզբունքներին, գեղագիտական պատկերացումներին ու հորինվածքային լուծումներին։ Կերպարների մեկնաբանման հիմքում ընկած են եղել հատակագծային և ծավալատարածական փոխկապված լուծումները, ծավալների ու ճակատների պարզ վեհությունը, հավասարակշռությունը, համամասնական ներդաշնակությունն ու արխիտեկտոնիկան ճշմարտացի միջոցներով արտահայտելու միտումը։Հարթ պատի բազմերանգ քարերով շարվածքը, որ կառուցվածքայինից բացի ուներ նաև գեղարվեստական նշանակություն, տվյալ ժամանակաշրջանի ճարտարապետության հիմնական հատկանիշներից է։ Շենքի արտաքին և ներքին պարզությանը հասնելու ձգտումով է պայմանավորվել հարդարման միջոցների զուսպ կիրառումը։ Դրանք կոչված էին ծառայելու շենքի առանձին դրվագների՝ դռների և լուսամուտների բացվածքների ընդգծմանը, պատերի որոշ հատվածների պլաստիկական հարստացմանը, ճակատների հարթությունների պսակմանը։ Նախասիրված էր դռների բացվածքները շեշտել գեղեցիկ շքամուտքով, լուսամուտները պսակել կամարունքերով (թե մեկում և թե մյուսում կիրառելով զարդարվեստի բուսական և երկրաչափական մոտիվներ), իսկ ճակատների, ճակտոնների և գմբեթի թմբուկի հարթությունները ճարտարապետորեն ավարտել տարբեր ձևերի (կամարիկավոր, ատամնազարդ, հյուսվածքազարդ են) քիվերով։ Գրանցում քարի գեղարվեստական մշակման արվեստն իր բազմազան դրսևորումներով հասել է բարձր կատարելության։ Այդ մասին են վկայեմ Մրենի, Թալինի տաճարների, Զվարթնոցի և այլ ճարտարապետական կոթողների քանդակները։
Ճարտարապետական քանդակային հնարանքների հետ միասին շենքերի գաղափարական բովանդակության բացահայտմանն են ծառայել նաև խճանկարչությունն ու որմնանկարչությունը, որի նմուշները, տարբեր պատկերագրությամբ պահպանվել են եկեղեցիների ավագ խորաններում և պատերի հարթությունների վրա։ Խճանկարների բեկորներ են հայտնաբերվել էջմիածնի Մայր տաճարի, Դվինի Ս․ Գրիգոր եկեղեցու և Զվարթնոցի պեղումներից։ Ամբողջական վիճակում VI դ․ հոյակապ խճանկար է պահպանվել Երուսաղեմի Ս․ Հակոբ հայկական եկեղեցու հատակին։ Վաղ միջնադարի որմնանկարներ կան Աղցի դամբարանում, Քասախի, Երերույքի և Աշտարակի Ծիրանավոր բազիլիկներում, էջմիածնի Մայր տաճարում, Տեկորի, Զվարթնոցի (բեկորներով կամ հատվածներով), Արուճի, Թալինի մեծ, Աշտարակի Կարմրավոր, Լմբատի Ս․ Ստեփանոս, Եղվարդի Զորավար, Կոշի և այլ եկեղեցիներում։