Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո, 1922-ից Հայաստանում ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը ապրում են իրենց ծաղկման հերթական ժամանակաշրջանը: Քաղաքական ուժեղ ներազդեցությամբ պայմանավորված՝ հինգամյակների պլանավորման շնորհիվ արմատապես փոխվում է երկրի դիմագիծը. քաղաքաշինական խնդիրներն առաջնահերթ և կարևոր նշանակություն են ստանում: Ընթանում են քաղաքաշինական նշանակալի աշխատանքներ, քաղաքների և գյուղերի վերակառուցումներ և բարեփոխումներ: Սովետահայ ճարտարապետները, լայնորեն կիրառելով բնական քարերի անսպառ հարստությունը, երևան են բերում նրանց պլաստիկ և գեղանկարչական հատկությունները։ Համաշխարհային փորձի կիրառմանը զուգահեռ շարունակվում է պահպանվել ավանդականը. ստեղծվում է միջազգային բարձր չափանիշների և անզուգական ճարտարապետական ժառանգություն:
1923-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողկոմխորհին կից ստեղծվել է Գերագույն տեխնիկական բաժին, որը ղեկավարել է նախագծային և շիարարական աշխատանքները։ Կազմվել են քաղաքների և այլ բնակավայրերի հատակագծեր, ոռոգիչ կառույցների, հիդրոէլեկտրակայանների և այլ շինությունների նախագծեր։ Արդեն 1924-ին Ժողկոմխորհը ( ՀԽՍՀ կառավարությունը) հաստատել է Ա․ Թամանյանի կազմած Երևանի գլխավոր հատակագիծը (150 հազար բնակչի համար), որը հիմք դարձավ մայրաքաղաքի հետագա բոլոր հատակագծերի համար։ Այն խորհրդային քաղաքաշինության առաջին նշանակալի երևույթներից էր։ 1932-ին Ա․ Թամանյանը վերամշակել է հատակագիծը, իսկ 1934-ին սկսել «Մեծ Երևանի» հատակագիծը (500 հազար բնակչի համար), որը մնացել է անավարտ։ 1925 – 1933-ին Ա․ Թամանյանը կազմել է նաև Լենինականի, Վաղարշապատի (էջմիածին), Ախտայի (Հրազդան), Նոր Բայագետի (Կամո – Գավառ) և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերը։ 1930–34-ին կազմվել են Ղարաքիլիսայի (Կիրովական – Վանաձոր) վերակառուցման (ճարտարապետներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազմանյան, Գ․ Քոչար), ինչպես նաև այլ բնակավայրերի ու առողջավայրերի (Արզնի, Դիլիջա) հատակագծեր։
1920-ական թթ. կեսերից ծավալվել է բնակելի տների նախագծումն ու շինարարությունը, իոկ հաջորդ տռասնամյակ շենքերի տիպայնացման առաջին փորձերն են արվել, կառուցվել են մի քանի տիպի 1–2 հարկանի բնակելի տներ, մշակվել են բնակելի տների սեկցիաներ: Այս շրջանիբնակելի տան հիմնական տիպը եղել է սեկցիոն, 3–5 հարկանի տունը։ Կառուցվել են նաև սրահային տներ և առանձնատներ։ Նախագծվել են նաև բազմասեկցիոն բնակելի տներ, որոնցով կառուցապատվել են թաղամասեր։ Ծավալվել է նաև հասարակական շենքերի շինարարությունը։
1920 – 30 – ական թթ․ ճարտարապետության մեջ առկա են կլասիցիզմի ձևերի օգտագործում, հայ ճարտարապետության ավանդույթների ստեղծագործական կիրառություն, մասամբ նաև «մոդեռն» ուղղության, ճարտարապետների նոր խմբավորումների («Ժամանակակից ճարտարապետներ», «Նոր ճարտարապետներ», «Պրոլետարական ճարտարապետներ») ստեղծագործական սկզբունքների ազդեցություններ, որոնք ավելի ցայտուն արտահայտվել են հասարակական շենքերում։ Այս տարիներին նախագծվել են և հետագա տարիներին` կառուցվել Օպերայի ու բալետի շենքը (1930/1939թթ , ճարտարապետ` Ա. Թամանյան), Հայժողկոմատի շենքը (1926–29-ճարտարապետ` Ա. Թամանյան), որը հետո օրգանապես ներգրավվել է Կառավարական տան (1932–41, ճարտարապետ` Ա․ Թամանյան) մեջ։ Երևանում կառուցվել են նաև համալսարանի աստղադիտարանը (1930–33), Անատոմիկումը (1926–33), Հանրային գրադարանը (1932–38) Անասնաբուժական (1928–30), Ֆիզիոթերապևտիկ (1927–38), Պոլիտեխնիկական (1927–32) ինստիտուտները (բոլորը՝ ճարտաչապետ Ա․ Թամանյան), «Ինտուրիստ» հյուրանոցի (այժմ՝ «Երևան», 1926–28), Գյուղատնտեսական բանկի (1928–30), «Սևան» հյուրանոցի (1930–38) շենքերը (բոլորը՝ ճարտարապետ Ն․ Բունիաթյան)։ «Մոդեռն» ճարտարապետության ձևերով են նախագծված Արդարադատության մինիստրության (1929), Պիոներների պալատի (1935–37, այժմ` «Պատանի հանդիսատեսի թատրոն») շենքերը (ճարտարապետ Ն. Բաև)։Իրագործվել են արդյունաբերական կառույցների շինարարության, բարեկարգման աշխատանքները Երևանում, Լենինականում (Գյումրի) և այլուր: 1930-50-ական թվականներին ծավակվել է ֆաբրիկաներիմ գործարանների, բնակելի տների, դպրոցների, մանկական և բուժական հիմնարկների, ակումբների, գրադարանների շինարարությունը, կարևորվել է քաղաքաշինարարական խնդիրների լուծումը: Տրանզիտային շարժումը դուրս էր բերվել քաղաքից։ Գյուղերի և շրջկենտրոնների հատակագծման ծավալուն աշխատանք է տարվել։
1920–30-ական թթ․ ճարտարապետական նախագծային գործը կենտրոնացած էր Ա․ Թամանյանի (1923) և Ն.Բունիաթյանի (1926) ղեկավարած արվեստանոցներում։ 1929-ին ստեղծվել է Պետական նախագծային բյուրո (1932-ից՝ Պետական նախագծային ինստիտուտ)։ 1923-ին ստեղծվել է Հնությունների պահպանության կոմիտե, որը լայն գործունեություն է ծավալել։ Այդ տարիներին Թ. Թորամանյանը շարունակել է ուսումնասիրությունները հայ ճարտարապետության պատմության վերաբերյալ։ 1923-ին ստեղծվել է Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերություն, ուր ներգրավվել են նաև ճարտարապետներ։ 1929-ին Պրոլետարական ճարտարապետների համամիութենական միավորման («ՎՕՊՐԱ») օրինակով Երևանում հիմնվել է Հայաստանի պրոլետարական ճարտարապետների միավորումը («ՕՊՐԱ»)։ Միավորման անդամները ճարտարապետության մեջ կարևոր էին համարում կենցաղային, շինարարա– տեխնիկական խնդիրները, նոր կոնստրուկցիաների կիրառումը։ Մեծ նշանակություն էր տրվում բնակավայրի կոմպլեքսային նախագծմանը։ Միավորումը քննադատում և անընդունելի էր համարում ժամանակի մյուս ճարտարապետական ուղղությունները, մերժում էր ճարտարապետական ժառանգությունը և ավանդույթները, ճարտարապետական ստեղծագործությունը դիտվում էր լոկ որպես շենքի ֆունկցիոնալ և տեխնիկական հատկանիշների միավորման արդյունք։
Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի 1932-ի մայիսի 9-ի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի ճարտարապետների միություն կազմակերպող հանձնաժողով՝ Ա. Թամանյան, Ն․ Բունիաթյան, Գ․ Քոչար (նախագահ), Մ․ Մազմանյան (փոխնախագահ), Ա․ Ահարոնյան, Ռ․ Հակոբյան, Բ․ Արազյան, Հ․ Մարգարյան, Հ․ Մկըրտչյան։
Սովետահայ ճարտարապետները, լանորեն կիրառելով բնական քարերի անսպառ հարստությունը, երևան են բերել նրանց պլաստիկ և գեղանկարչական հատկությունները։ Ուսումնասիրելով ժողովրդական ճարտարապետությունը, քարի զարդաքանդակման վարպետությունը, 1930 – ական թթ․ 2-րդ կեսին ազգային նոր ձևերի ստեղծման փորձեր են արվել։ Կառուցվել են Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը (1937, ճարտարապետներ՝ Տ․ Երկանյան, Գ․ Քոչար), Կենտրոնական հանրախանութը (1936–37, ճարտարապետներ՝ Ա․ Ահարոնյան, Մ․ Մազմանյան, Հ․ Մարգարյան, Գ ․ Քոչար), Բժշկական և Գյուղատնտեսական ինստիտուտները (1934–55, ճարտարապետ Ս․ Սաֆարյան), Ծննդատունը (1938, ճարտ․ Մ․ Գրիգորյան, այժմ՝ Մարգարյանի անվան Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ):
Չնայած նախագծային աշխատանքների աշխուժացմանը, 1930–40-ական թթ․ Հայաստանի քաղաքների հատակագծման գործը դարձյալ ետ էր մնում զանգվածային բնակարանային շինարարությունից։ Երևանում թաղամասերի ներքին խիտ կառուցապատումը դժվարացնում էր քաղաքաշինական առաջադիմական հնարների կիրառումը, թելադրելով «փողոց – միջանցք» հնացած սիստեմի իրագործումը։ Կառուցապատման մասշտաբի խոշորացումը իր արտացոլումն է գտել 1930– 1940-ական թթ․ իրականացված բնակելի համալիրներում, որոնց ճակատային լուծումները արտահայտում են մայրուղուն հարող բնակելի տան ճարտարապետության երկակի ֆունկցիաների միասնությունը՝ իբրև խոշոր անսամբլի բաղկացուցիչ և իբրև բնակելի տան ներքին կառուցվածքի մարդկային մասշտաբի ճշմարտացի արտացոլում։
Հետպատերազմյան շրջանում կառուցվել են հասարակական շենքերի համալիրներ, որոնք արժեքավոր ներդրում են սովետահայ ճարտարապետության մեջ։ Լավագույնը Երևանի Լենինի (այժմ` Հանրապետության) հրապարակի ճարտարապետական անսամբլն է (կառուցապատումը հիմնականում ավարտվել է 1958-ին), ուր հայկական ճարտարապետության նվաճումները մարմնացած են մոնումենտալ շենքերի կերպարներում։ Այս շրջանի ճարտարապետական նվաճումները մարմնավորվել են նև մի շարք այլ հասարակական շենքերում․ Երևանում՝ ՀԿԿ Կենտկոմի շենքը (ներկայիս` Ազգային ժողովի, 1946–50, ճարտ․ Մ․ Գրիգորյան), Կենտրոնական ծածկած շուկան («Փակ շուկա», 1952, ճարտ․ Գ․ Աղաբաբյան, կոնստրուկտոր Հ. Առաքելյան), Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքը (1954, ճարտ․ Ա․ Սաֆարյան), Երևանի երկաթուղային կայարա նի շենքը (1949–55, ճարտ․ է․ Տիգրանյան), Մատենադարանը (1957, ճարտ․ Մ․ Գրիգորյան), «ԿանԱԶ» գործարանի մշակույթի պալատը (1953–54, ճարտ․ Ա․ Մանուկյան), Արզնիում՝ առողջարանի լոգանքների շենքը (1951, ճարտ․ Հ․ Մարգարյան, մասնակցությամբ Ն․ Բաժբեուկի), Բյուրականում՝ աստղադիտարանի համալիրը (1947–56, ճարտ․ Ս․ Սաֆարյան), Ջերմուկում՝ առողջարան (1952– 1962, ճարտ․ է․ Տիգրանյան), ցայտաղբյուրների սրահ (1950–56, ճարտ․ Գ․ Թամանյան), էջմիածնում՝ մշակույթի պալատ (1945–46, ճարտ․ Ս․ Մանուկյան)։ Այս ստեղծագործությունները բնորոշում են սովետահայ ճարտարապետության 1940–50-ական թթ․ ոճական ուղղությունը: 1940–50-ական թթ․ կառուցված արտադրական շենքերին բնորոշ է ազգային ճարտարապետական ձևերի օգտագործումը, երեսպատման համար բնական քարերի կիրառումը:
Զանգվածային բնակարանային շինարարության աճը 1950-ական թթ․ պահանջում էր ծավալել քաղաքների ազատ տարածությունների քաղաքաշինական յուրացում։ Այս իմաստով բնորոշ է Երևանում՝ Բաղրամյան, Ազատության (սկզբնական հատվածը ճարտ․ Տ․ Մարության), Կիևյան (ճարտարապետներ՝ Գ․ Թամանյան, Ֆ․ Մայե) փողոցների կառուցապատումը, ինչպես նաև «Աջափնյակ» շրջանը (ճարտ․ Մ․ Մազմանյան), Կիրովականի «Դիմաց» թաղամասը (սկսվել է 1958-ին, ճարտ․ Մ․ Գնունի), Ալավերդիում կենտրոնի համալիրը (ճարտ․ Հ․ Իսաբեկյան) ևն։ Բնակելի տների, դպրոցների, մանկական հիմնարկների, ակումբների շինարարության ծավալի աննախընթաց աճը պայմանավորել է տիպային նախագծման անհրաժեշտությունը։ 1950-ական թթ․ 1-ին կեսը նշանավորվել է սովետահայ ճարտարապետության նոր վերելքով:
1955 — ից սովետահայ ճարտարապետությունը թևակոխել է նոր, ստեղծագործական ու ոճական առանձնահատկություններով նախորդներից զգալիորեն տարբերվող մի փուլ: Շինարարության հարցերին նվիրված համամիութենական խորհրդակցությունը (1954), ՍՄԿԿ ԿԿ և Մինիստրների խորհըրդի «Նախագծման և շինարարության մեջ ավելորդությունների վերացման մասին» (1955) և «ՍՍՀՄ–ում բնակարանային շինարարության զարգացման մասին» (1957) որոշումները նոր խթան են դարձել ճարտարապետության և շինարարության զարգացման ճանապարհին: Անհրաժեշտ էր հրաժարվել ավելորդ ձևամոլությունից և ճարտարապետյանը վերադարձնել մարդկային գործունեության զանազան միջավայրերը բարձր արվեստով կազմակերպելու ֆունկցիան։ Այդ տարիներից էլ սկսվել են շրջանային հատակագծման, քաղաքների գլխավոր հատակագծերի և առանձին շրջանների կառուցապատման նախագծերի համալիր աշխատանքները։ 1960-ական թթ․ սկզբին մշակվել է հանրապետության բնակեցման կարգավորման սխեման (ղեկավար՝ Պ․ Թումանյան), որտեղ տրված են արդյուանբերության և գյուղատնտեսության զարգացման հիմնական գոտիները, բնակավայրերի զարգացման հեռանկարները։ 1971-ին հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագիծը (ճարտարապետներ՝ Մ․ Մազմանյան, է․ Պապյան, Գ․ Մուրզա, Ց.Չախալյան` 1 միլիոն 100 հազար բնակչի համար մինչև 2000 թ. ժամկետով), կենտրոնի մանրամասն հատակագծման, պատմական հուշարձանների տարածքի գոտեորման և լանդշաֆտի կազմակերպման նախագծերը։
1960-ական թթ․ վերջերից նախագծվում են Լենինականի (Գյումրի), Կիրովականի (Վանաձոր), Հրազդանի, Ղափանի (Կապան), Գորիսի, էջմիածնի, Աբովյանի, Ջերմուկի, Սևանի, Մեծամորի, Ստեփանավանի, Կամոյի (Գավառ), Աշտարակի, Չարենցավանի, Հոկտեմբերյանի (Արմավիր), Իջևանի, Արթիկի, Արզնիի, Դիլիջան ի և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերը։ Քաղաքների գլխավոր հատակագծերի հիման վրա կատարվել են բազմաթիվ բնակելի շրջանների ու միկրոշրջանների մանրամասն հատակագծման նախագծեր, որոնցից են․ մայրաքաղաքում՝ Աջափնյակ (1958), Նորք–1 (1965), Ավան–3 (1974), Ավան–Առինջ (1978), Արևմտյան (1979), «Նորաշեն» (1980), Լենինականում՝ «Երևանյան» (1975) և «Եռանկյունի» (1980), Կիրովականում՝ «Դիմաց» (1960) և «Բազում» (1973), Հրազդանի բնակելի հասարակական կենտրոնը (1978), Ղափանի կենտրոնը (1976), էջմիածնում՝ «Վաղարշապատ» (1978), Դիլիջանում՝ «Կաղնի խաչ» (1974), Գորիսում N 5 թաղամասը (1975–86) են։ Չնայած մի շարք առաջատար սկզբունքների առկայության, 1950– 1960-ական թթ․ թաղամասերի ու բնակելի շրջանների հատակագծերի հիմքում ընկած էր սխեմատիզմը, որն ավելի էր ընդգծվում պարզունակ տիպային նախագծերի կիրառման հետևանքով։Այդ սխեմատիզմի հաղթահարման նշաններն սկսել են երևան գալ 1970-ական թթ․ սկզբին, երբ կատարվել են ճարտարապետա – գեղարվեստական ավելի բարձր մակարդակի որոնումներ։ Նոր նախագծերում առկա են կառուցապատման, ծավալատարածական ու ինժեներական խնդիրների համալիր ըմբռնումները, տպավորիչ կոմպոզիցիաները, տեղանքի, բնական պայմանների ճիշտ օգտագործումը, բնակելի շենքերի տիպերի և կառուցապատման սխեմաների ներդաշնակումը։ Բնակելի և քաղաքացիական համալիրների ճշմարիտ կառուցապատման գործում առավել մեծացել է տիպային նախագծերի դերն ու նշանակությունը:
Տիպային նախագծումների լայն ընդգրկումը, այնուամենայնիվ չի տվել բնակելի զանգվածների հետաքրքիր ու բազմազան կառուցապատումներ։ Միօրինակության ակունքները ոչ միայն քաղաքներում միևնույն շենքերի կրկնության մեջ էին, այլև իրականացման ցածր որակի, միևնույն շինանյութերի կիրառման, ճակատային լուծումների սխեմատիզմի, թաղամասերի բարեկարգման նույն միջոցների։ Շրջադարձը դեպի զանգվածային կառուցապատման գեղարվեստական կերպարի որոնումները տեղի է ունեցել 1970-ական թթ․ կեսերից, երբ իրականացվել են անհատական նախագծերով մի քանի բնակելի տներ և թաղամասեր:
1955-ից բեկում է ապրել նաև հասարակական շենքերի ճարտարապետությունը։ Եթե բնակելի շինարարության մեջ դա պայմանավորված էր շենքերի արտադրության ու կառուցման եղանակի արմատական վերակառուցմամբ, ապա հասարակական շենքերում հախուռն ինդուստրացումը և ճարտարապետական պլաստիկ ձևերից հրաժարվելը հանգեցրել է սխեմատիզմի, որն ի չիք էր դարձնում ճարտարապետական ստեղծագործության գեղարվեստական կերպարի, ոճային ուղղվածության գաղափարներն ու ազգային պատկանելության խնդիրները։
Միայն 1970-ական թվականներին ի հայտ է եկել երկաթբետոնի անդեմ, անհայրենիք տարածված ձևերից ու միջոցներից խուսափելու միտում, այդ ձևերը սեփական ազգային քուրայով անցկացնելու ձգտում:
Այս շարքի աշխատանքներից են «Անի» (1970–72, ճարտ – ներ՝ Ֆ․ Դարբինյան, է․ Սաֆարյան, Ֆ․ Հակոբյան), «Դվին» (1978, ճարտարապետներ՝ Ա․ Ալեքսանյան, է․ Սաֆարյան, Ֆ․ Հակոբյան) հյուրանոցները, «Հրազդան» մարզադաշտը (1971–72, ճարտ–ներ՝ Կ․ Հակոբյան, Գ․ Մուշեղյան, կոնստրուկտոր է. Թոսունյան), «Զվարթնոց» օդանավակայանը (1976–81, ճարտարապետներ՝ Ա․ Թարխանյան, Ս․ Խաչիկյան, ժ․ Շեխլյան, Լ․ Չերքեզյան, կոնստրուկտոր Ս․ Բաղդասարյան), «էրեբունի» օդանավակայանը (1983, ճարտ–ներ՝ Ռ․ Հասրաթյան, Լ․ Քրիստափորյան), Մեծամորի թանգարանը (1969–73, ճարտ․ Մ․ Մանուելյան), մետրոպոլիտենի կայարանները ( ճարտ․ Ա․ Զարյան):Սովետահայ ճարտարապետության նոր փուլին բնորոշ տարրեր է կրում իր մեջ մարզահամերգային համալիրը Երևանում (1984, ճարտ–ներ՝ Կ․ Հակոբյան, Ա․ Թարխանյան, Հ․ Պողոսյան, Ս․ Խաչիկյան, Դ․ Մուշեղյան, բարեկարգումը՝ ճարտ․ Հ․ Բերբերյան, կոնստրուկտորներ՝ Ի․ Ծաուրյան, Դ․ Ազիզյան), որտեղ հաջողվել է հասնել տարածական հորինվածքի, տեխնոլոգիական բազմաբնույթ պահանջների, կոնստրուկտիվ հենքի և ինժեներական հագեցվածության ներդաշնակ լուծման։
Բնակելի և հասարակական շենքերի շինարարությանը զուգընթաց հանրապետության քաղաքներում տարվել են մեծ մասշտաբի բարեկարգման աշխատանքներ։ Մայրաքաղաքը հարստացել է Օղակաձև զբոսայգով (1960–85, ճարտ–ներ՝ Մ․ Հայրապետյան, Ս․ Քյուրքչյան, Ֆ․ Դարբինյան և ուրիշներ), Գլխավոր պողոտայով (շին. սկսվել է 1971-ին, ճարտ․ Ա․ Զարյան), պուրակներով՝ Զեյթունում, Նորքում, Շահումյանի շրջանում, «Հաղթանակ» զբոսայգում, Լենինականում, Կիրովականում, էջմիածնում, Ղափանում, Ստեփանավանում, Դիլիջանում, հանրապետության ավտոճանապարհների բազմաթիվ կետերում:Բարեկարգման աշխատանքների մեջ մայրաքաղաքի օրգանիզմում կարևոր տեղ ունի Ա․Թամանյանի փողոցի առանցքով դեպի Սովետական իշխանության հաստատման 50-ամյակին նվիրված հուշարձան տանող կասկադի համալիրը (շինարարությունը․ սկսվել է 1975-ին, ճարտարապետներ՝ Զ․ Թորոսյան, Ս․ Գուրզադյան, Ա․ Մխիթարյան), որը կավարտի քաղաքի հյուսիսային առանցքի այս հատվածը և հարմար կապ կստեղծի կենտրոնի և Հաղթանակի զբոսայգու միջև (Այժմ այնտեղ տեղակայված է ժամանակակից արվեստի Գաֆեսճյանի թանգարանը): Քաղաքային երթևեկության և հետիոտն շարժման շատ խնդիրներ լուծվում են նաև հետիոտն ստորգետնյա անցումներով, լավագույններից են՝ Լենինի (Մաշտոցի) և Գլխավոր պողոտաների հանգույցում (1978, Ա․ Զարյան), Կորյունի փողոցի, Օղակաձև զբոսայգու հատվածներում, Աբովյան փողոցում (1982, 1985, Է և Ս. Արևշատյաններ) կառուցվածները։
Այս շրջանում կառուցվել են արդի և պատմության նշանավոր դեպքերն ու դեմքերը հավերժացնող հուշարձաններ, որոնցից են Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում, Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում (1965, ճարտ–ներ՝ Ա․ Թարխանյան, Ս․ Քալաշյան), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը (1968, ճարտ․ Ռ․ Իսրայելյան, քանդակագործներ՝ Ա․ Հարությունյան, Ս․ Մանասյան, Ա․ Շահինյան), «Մայր Հայաստան» հուշարձանը (1975, քանդակագործներ՝ Ա․ Սարգսյան, Ե․ Վարդանյան, ճարտ․ Ռ․ Եղոյան)` Լենինականում:
1955-ից բեկում է առաջացելլ նաև արդյունաբերական շենքերի նախագծման և կառուցման ասպարեզում, ուր տեխնոլոգիական հոսքերի ու ժամանակակից սարքավորումների նոր սխեմաները հանգեցրել են շենքերի կազմակերպման նոր տիպերի։
1960-80-ական թվականներին աշխատանքներ են տարվում պատմա– ճարտարապետական, այդ թվում ժող․ ճարտարապետության հուշարձանները պահպանելու, դրանք քաղաքի կամ բնակավայրի կառուցապատման մեջ ներգծելու ուղղությամբ։ Մշակվել են էջմիածնի, Գորիսի, Երևանի Ձորագյուղ թաղամասի պատմամշակութային գոտիների նախագծերը, ստեղծվել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը:
1988-ի Սպիտակի երկրաշարժը մեծ հարված հասցրեց հայկական ճարտարապետության հետագա զարգացմանը` ներազդելով հետագա տարիների ճարտարապետական խնդիրների վրա: Երկրաշարժից տուժեցին ճարտարապետական մեծ, նույնիսկ համաշխարհային արժեք ներկայացնող շատ կոթողներ: