Հայաստանյան շինարվեստի ասպարեզում IV – V դարերում տեղի է ունեցել արմատական հեղաշրջում. լայնորեն կիրառվող անշաղախ (չոր) շարվածքը փոխարինվել է նորատիպ շարվածքով՝ կապակցող միջոցների (կրաշաղախի, կրաբետոնի) օգտագործմամբ: Կառուցման նոր եղանակը, բարձրացնելով շարվածքի ամրությունը, այն օժտելով հակասեյսմիկ հատկանիշներով, նաև հիմք է հանդիսացել թաղային և գմբեթային համակարգերի զարգացման համար, ընդարձակել ճարտարապետության ձևաստեղծման հնարավորությունները՝ համապատասխանաբար վերափոխելով և հարստացնելով կառույցների ծավալատարածական հորինվածքները։
Բացառիկ իմաստավորվածությամբ և ինժեներական խորամտությամբ է կիրառվել քարե պատի նոր տիպի շարվածքը։ Նրանում քարերը լոկ երեսապատման միջոց չեն, այլ կրաբետոնե միջուկի հետ միասին կազմում են մոնոլիտ զանգված, բեռնվածությունը կրող ողջ կառուցվածքի բաղկացուցիչ մասը։ «Միդիս» կոչվող եռաշերտ շարվածքում ներքին կապն ուժեղացնելու նպատակով հաճախ դրվել են «լայնակ» և «երկայնակ», դրսից սրբատաշ, կանոնավոր ձևի քարեր։ Պատի երկու երեսների միջև կապ ստեղծելու նպատակով, առանձին դեպքերում (Երերույք), նրա ողջ հաստությամբ դրվել են թափանց միակտուր քարեր։ Եռաշերտ «միդիս» շարվածքի միջուկը կազմել է կրաբետոնը։ Այն պատրաստվել է հեղուկ կրաշաղախի ու հիդրավլիկական հավելույթի (տուֆի, հրաբխային խարամի կամ պեմզայի կտորտանք) միախառնումով։ Կրաբետոնի հետ ավելի ուժեղ կապակցելու նպատակով մշակվել է ուղղանկյուն քարի միայն արտաքին երեսը։
Վաղ միջնադարում կառուցված պատերին բնորոշ է շարքերում մեծաչափ քարերի կիրառումը (բարձրությունը՝ մինչև 70—80 սմ, երկարությունը՝ մինչև 3—3,5 մ)։ Քարերի տեղադրման ժամանակ անկյունները կոտրվելուց զերծ պահելու նպատակով հորիզոնական եզրերը շեղակի տաշվել են, ստեղծելով զեհեր։ Տաշած քարերի վրա վարպետները հայերեն և հունարեն տառերով կամ տարբեր գծանկարներով իրենց նշաններն են դրել (կատարած աշխատանքի հաշվառման ու վարձատրման համար)։ Կամարների, թաղերի և գմբեթների շարվածքը կատարվել է նախօրոք պատրաստված փայտակերտ ողնարկների վրա՝ սեպաձև քարերով։ Առանձին հուշարձաններում (Մաստարա, Հռիփսիմե, Դառնհովիտ, Թալինի մեծ տաճար) գմբեթը ներսից ջլակամարավոր է։
Այս դարերի շինարարական աշխատանքներին բնորոշ է բացառիկ բարձրորակությունը և ճշգրտությունը, քարի մշակման բարձր վարպետությունը։ Մշակվել է ու հետզհետե բարձր կատարելության հասցվել գմբեթային կառուցվածքի ողջ համակարգը, ներառյալ գմբեթի թմբուկը (ներսից և դրսից), գմբեթատակ քառակուսուց թմբուկի բազմանիստ հիմքին անցնելու կառուցվածքային միջոցները՝ տրոմպներն ու առագաստները։ Գմբեթի արտաքին ծավալաձեերը արխիտեկտոնիկ են և ճշմարտորեն արտապատկերում են ներքին կառուցվածքը։
Վաղ միջնադարյան եկեղեցիներում տանիքները, վեղարը ծածկվել են կղմինդրներով, որոնք շարվել են կրաշաղախի հիմքի վրա, առանձին դեպքերում (Զվարթնոց) երկաթե գամերի միջոցով ամրացվել շաղախին։ Կառուցվածքային դիմադրողականության ապահովումը սեյսմիկ ուժերի նկատմամբ եղել է շինարարների ուշադրության կենտրոնում։ Դրան է նպատակաուղղվել եկեղեցական շենքերի առավել կայուն հորինվածքի ընտրությունը, կառույցը թեթևացնելու տարբեր միջոցների («հայկական խորշեր», թեթև լցանյութեր, գաղտնարաններ, բեռնաթափող կարասներ ևն) կիրառումը, պատերի մեջ գերանների տեղադրումով և այլ հնարանքներով հակասեյսմիկ գոտիներ ստեղծելու սովորությունը։ Հաճախ կառուցվածքային և հակասեյսմիկ միջոցները միաժամանակ ճարտարապետա-գեղարվեստական առումով ակտիվ դեր են կատարել, նպաստելով արտաքին ձևերում ներքին կառուցվածքի բացահայտմանը, ճակատները լուսաստվերով հարստացնելուն (օրինակ, «հայկական խորշերը»)։
Վաղ միջնադարյան հայկական ինքնատիպ ճարտարապետության ամենաբնորոշ հատկանիշներից է հորինվածքային, գեղարվեստական և կառուցվածքային փոխպայմանավորվածությունը։ Այս դարերի ճարտարապետությունը հիմք է հանդիսացել հայկական շինարվեստի զարգացման հաջորդ փուլերի համար։