Հայերը Մերձավոր Արևելքի հնագույն ազգերից են, պատկանում են մարդկության եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ (առաջավորասիական) տիպին: Այն բնորոշվում է կարճ և կլոր գանգով, ուղիղ, լայն և միջին բարձրության ճակատով, չափավոր մեծության դեմքով, երկար և կոր քթով, թավ հոնքերով, լայն և թուխ (սակավադեպ` ծավի, առավել սակավ` կապույտ) աչքերով, երկար արտևանունքներով, խիտ և թուխ (սակավադեպ`խարտյաշ) մազերով, սպիտակ, (սակավադեպ` թուխ) մաշկով: Զարգացած է երրորդական մազածածկույթը: Հասակը միջինից բարձր է:
Արմենոիդ ռասային պատկանող հայերի հասակը կախված է աշխարհագրական շրջանից. Վանի, Բաղեշի, Կարինի Երևանի հայերն ավելի բարձրահասակ են, քան արևմուտքում ապրող հայերը` Կեսարիայում, Մարաշում և Սեբաստիայում, իսկ Խարբերդից Տիգրանակերտ ընկած հատվածի հայերը միջին հասակի են։ Ամենաբարձրահասկը վանեցիներն են, միջինը` 169 սմ, իսկ Կեսարիայի և Մարաշի հայերը` միջինը 164 սմ։ Հայերն իրենց հասակի համար ծանր են, միջինը 72.5 կգ։
Հայերի համար կեֆալիկ ցուցանիշը 85.4 է; 84` Վանից և Երևանից մինչ 86` Սեբաստիայում և 87` Կարինում։ Գլխի միջին երկարությունը 185 մմ է։ Այն հասնում է 188 մմ արևելքում և 183 մմ արևմուտքում։
Հայերի քթի երկարությունը 60 մմ է և բավական լայն` 38 մմ։ Լայնությունը տատանվում է 37.4 մմ-ից Վանում մինչև 38.4 մմ Կեսարիայում։
Հայերի մաշկի գույնը լինում է վարդագույն – սպիտակ, մուգ սպիտակ և բաց շագանակագույն։ Մուգ սպիտակը հանդիպում է հայերի 85%-ի մոտ։ Բաց-վարդագույն մաշկը, որը հանդիպում է հայերի 8%-ի մոտ, հատկապես տարածված է Վանից գաղթած հայերի մոտ, իսկ բաց շագանակագույնը տարածված է Կեսարիայի հայերի մոտ։ Մազերը սովորաբար մուգ շագանակագույն են, այն հանդիպում է հայերի 58%-ի մոտ, իսկ սևն ու միջին շագանակագույնը ընդհանուր առմամբ 38%-ի մոտ։ Մնացած 6%-ի մոտ հանդիպում են կարմրաշագանակագույն մազեր։ Սև ու մուգ շագանակագույն մազերով տղամարդկանց մորուքները նույն գույնի են; շագանակագույն մազերով տղամարդիկ ունեն կարմիր ու կամ կարմրաշագանակագույն մորուքներ։ Այսինքն հայերի միայն 75%-ն ունի միայն սև գույնի մազածածկույթ։ Շագանակագույն և կարմրաշագանակագույն մազերն ամենատարածվածն են Վանա լճի շրջակայքից գաղթած հայերի, իսկ սև գույնի մազերը հարավում և արևմուտքում` Սիրիային ավելի մոտ տարածքներից գաղթածների մոտ։
Հայերի 73%-ն ունի շագանակագույն աչքեր։ Մուգ շագանակագույն աչքերը ամենաշատը տարածված են արևմուտքում, որտեղ այն կազմում է 36%-ը, և հազվադեպ են Վանա լճի շրջակայքի հայերի մոտ, որտեղ նրանք կազմում են 13%։ Խառը կամ բաց գույնի աչքերը հանդիպում են վանեցիների 34%-ի մոտ, և ընդամենը 11%-ը Կեսարիայի հայերի մոտ։
Մորուքներն ու մաշկի մազածածկույթը բավական առատ են։ Հոնքերը բարակ են, իսկ ճակատներն ի տարբերություն Դինարյան ռասայի ներկայացուցիչների, արաբների ու թուրքերի բավական թեք է։ Ամենախիտ հոնքերը հանդիպում են արևելյան հատվածի հայերի մոտ։ Արմենոիդ ռասային պատկանող հայերի գլխի բարխիկեֆալիկ կառուցվածքն ու երրորդական առատ մազածածկույթը յուրահատուկ են միայն այս ազգի ներկայացուցիչներին։ Օրինակ մարդաբան Ալեկսեևը 1974 թ-ին ասել է, որ արմենոիդներն իրենց մարմնի և դեմքի (տղամարդիկ) մազածածկույթով չեն զիջում երկրագնդի ամենաառատ մազածածկույթ ունեցող ժողովուրդներին` այաներին և Ավստրալիայի աբորիգեններին, նույնիսկ երբեմն գերազանցում նրանց։
Հայ տղամարդկանց առնանդամի միջին երկարությունը 13,5 սմ է, առավելագույնը`21 սմ: Իր ցուցանիշներով այն երրորդն է նախկին ԽՍՀՄ տարածքում, և համարվում է միջինը ամբողջ աշխարհի ռեյտինգով:
Լինելով հնագույն ազգերից մեկը` հայերին բնորոշ է պարբերական հիվանդությունը կամ Միջերկրածովյան ընտանեկան տենդը, որը երբեմն անվանում են նաև «երևանյան հիվանդություն»: Այն ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը գլխավորապես, բայց ոչ բացառապես, հանդիպում է այն ազգերի ներկայացուցիչների մոտ, որոնց նախնիները բնակվել են Միջերկրական ծովի ավազանում, հատկապես հայերի, սաֆարդյան հրեաների (շատ ավելի քիչ, աշքենազի հրեաների), թուրքերի, և Հյուսիսային Աֆրիկայի արաբների մոտ։
Հայկական սփյուռում ընթանում են խառն ամուսնություններ տեղացիների հետ և մարդաբանական գծերը որոշակի փոփոխվում են: