Հայկական սփյուռքը հայերի համայնքներն են, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններից դուրս։ Հայերի ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում նվազագույնը կազմում է շուրջ 13 միլիոն մարդ։ Հայկական սփյուռքի քանակը կազմում է մոտ 8-9 միլիոն մարդ: Դարերի ընթացքում հայերի, ինչպես և այլ ժողովուրդների արտագաղթը հայրենիքից պայմանավորված է եղել երեք հիմնական գործոններով՝ տնտեսական, կրոնական և քաղաքական, որոնք, ինքնուրույն պետականության բացակայության պայմաններում, մշտապես ուղեկցվել են օտարազգի իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումներով և հալածանքներով։
Դեռևս 3–4-րդ դարերում Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի քաղաքականությունը, երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք՝ կայսրության տարբեր շրջաններ, այդ թվում Բալկաններ՝ Թրակիա, Մակեդոնիա և այլն։ Հայ ազնվականության և զինվորականության շարունակական արտագաղթի արդյունքներից էր նրանց հայտնվելը բյուզանդական պետական կառուցվածքի ամենաբարձր օղակներում, ընդհուպ մինչև Մակեդոնական կամ Հայկական դինաստիայի հիմնումը (867-1057)։
Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափեր է ընդունել 7–14-րդ դարերում, երբ տարբեր քոչվոր ժողովուրդների (արաբներ, սելջուկներ, մոնղոլներ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված էին գաղթել Ասորիք, Միջագետք, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Կիևյան Ռուսիա, Փոքր Ասիայի ծովամերձ շրջաններ՝ ամենուրեք հիմնելով համայնքներ։
Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալի երևույթ էր հայերի զանգվածային տեղափոխումը Կիլիկիա։ Սկիզբ առնելով դեռևս Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ այն առավել մեծ չափեր ընդունեց 10–11-րդ դարերում, երբ սելջուկների ներխուժման հետևանքով Կիլիկիա տեղափոխվեցին նաև որոշ թվով խոշոր ավատատերեր, իշխանական տոհմեր՝ իրենց վասալների հետ, սպարապետներ՝ իրենց զորքերով։ Որոշ ժամանակ անց հայերը Կիլիկիայում ոչ միայն գերիշխող դիրք գրավեցին ամենատարբեր ասպարեզներում, այլև հիմնեցին նախ իշխանություն, ապա և՝Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, որի մայրաքաղաք Սիս տեղափոխվեց (մինչև 1441 թվականը) նաև Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսությունը։ Թեև Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր գաղթեցին Իտալիա, Սիրիա, Ֆրանսիա և այլուր, հայ ժողովրդի մի զգալի հատվածի կենսագործունեությունը Կիլիկիայում շարունակվեց հետագա դարերում (ընդհուպ մինչև 1921 թվականը), և Կիլիկիան հայերի համար դարձավ նրանց հայրենիքի կարևոր բաղկացուցիչ մասը։
Միջին դարերում հայերի տարածմանը տարբեր երկրներում մեծապես նպաստել է նաև այն, որ սկսած 16-րդ դարից՝ հայ վաճառականները Արևելքի և Արևմուտքի միջև ընթացող առևտրի հիմնական կազմակերպիչներից էին։ Նրանց գործունեության շառավիղը ձգվում էր Հնդկաստանից և Պարսկաստանից մինչև Պորտուգալիա և Ֆրանսիա, իսկ Ռուսաստանի հարավային շրջաններում (Աստրախան, Նոր Նախիջևան և այլն) հաստատված հայերը խոշոր դեր են խաղացել ռուս-պարսկական առևտրական հարաբերությունների հաստատման, Ռուսաստանով տարանցիկ առևտրի կազմակերպման գործում։ Բոլոր այդ վայրերում նրանք հիմնել են վաճառականական ընկերություններ ու տներ, որոնց հիման վրա ձևավորվել են հայկական նոր համայնքներ։
Հայ ժողովրդի պատմության մեջ հատկապես ճակատագրական եղավ սելջուկ թուրքերի քոչվոր այլևայլ ցեղերի ներխուժումը, որոնք, հաստատվելով այդ տարածաշրջանում, ձեռնամուխ եղան սեփական պետության ստեղծմանը։ Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքներում՝ Եվրոպայում և Ասիայում, թուրքերը սկսեցին հետևողականորեն իրականացնել տեղի բնիկ, քրիստոնյա ժողովուրդների (հայեր, հույներ, բուլղարներ և այլն) հալածման և բռնի թրքացման՝ իր ծավալով աննախադեպ քաղաքականություն։ Այդ ժամանակաշրջանում հայերն ստիպված էին արտագաղթել ինչպես Հայաստանից, այնպես էլ թուրքերի գրաված այլ երկրներից, որտեղ նրանք հաստատվել էին նախորդ ժամանակներում։ Թուրքերի կողմից 1475 թվականին Ղրիմի գրավումից հետո մեծ թվով ղրիմահայեր գաղթել են Ռուսաստան, Լեհաստան և այլուր։ 16-17-րդ դարերում Պարսկաստանի արքաները, և հատկապես շահ Աբբաս I-ը, իրենց երկրի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով, Պարսկաստան են բռնագաղթեցրել հարյուր հազարավոր հայերի, որտեղ նրանք հիմնել են նոր քաղաքներ (Նոր Ջուղա) կամ ստվարացրել հին հայկական համայնքները։
1826–1829 թվականներին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո սկսվել է Արևելյան Հայաստանի վերաբնակեցումը հայերով։ Ռուսաստանին միացված հայկական տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, զարգացնելու և սահմանամերձ շրջաններում վստահելի բնակչություն ունենալու նպատակով Ռուսաստանը կազմակերպել է թուրքական և պարսակական տիրապետության տակ մնացած հայ բնակչության մի մասի (շուրջ 150 000) ներգաղթը Արևելյան Հայաստան։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց տեղի հայ բնակչության թիվը, Արևելյան Հայաստանը վերածվեց հայ ժողովրդի համախմբման կենտրոնի։
Մինչդեռ Օսմանյան կայսրությունում ավելի էր խստանում հայերի սոցիալ – տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հայերի ազատագրական շարժմանը վերջ դնելու նպատակով Թուրքիայի իշխանությունները սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք 1894–1896 թվականներին կազմակերպեցին շուրջ 300 000 հայերի սպանությունը Արևմտյան Հայաստանում և երկրի այլ վայրերում։ Դրա անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը հայրենիքից՝ այս անգամ նաև դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տարբեր երկրներում (Եգիպտոս, Իրան, Լիբանան, Սիրիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլն) ապրող հայության ազգային գործունեությունը կազմակերպվում ու կարգավորվում էր համայնքային հաստատությունների մի ամբողջ համակարգով՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքա- կան և զանազան այլ կազմակերպություններ։ Հատկապես կարևորվում էին Կոստանդնուպոլիսը և Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական և ֆինանսական կենտրոնները։ Գաղթաշխարհի խոշոր մշակութային կենտրոններից էին նաև Զմյուռնիան, Մոսկվան, Վենետիկը, Բաքուն, Կալկաթան։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտել են վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և վերջ տալ Հայկական հարցի լուծմանն ուղղված միջազգային դիվանագիտության ջանքերին։ Այդ նպատակով նրանց կողմից 1915 թվականին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և երկրի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության և բռնագաղթի քաղաքականության արդյունքում սպանվեց շուրջ 1,5 մլն հայ։
Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո (1918) բռնագաղթը վերապրած հայությունը սկսեց վերադառնալ հայրենիք, նախ և առաջ ազատագրված Կիլիկիա։ Սակայն երբ 1921 թվականի վերջին Ֆրանսիան, դուրս հանելով իր զորքերը Կիլիկիայից, հանձնեց այն Թուրքիային, հայերը հարկադրված եղան վերջնականապես հեռանալ այնտեղից։
Հայ ժողովրդի պատմության մեջ 1915–1922 թվականներից հետո առաջին անգամ էր, որ հայկական ազգային տարածքների հիմնական հատվածում՝ Արևմտյան Հայաստանում և Հայկական Կիլիկիայում, հայ բնակչությունը գրեթե ամբողջովին վերացավ: Բացի այդ` հայ ժողովրդի հիմնական զանգվածն սկսեց ապրել պահպանված ազգային տարածքի՝ Արևելյան Հայաստանի (որտեղ և ձևավորվեց Հայաստանի Հանրապետությունը) սահմաններից դուրս: Ինչպես բռնագաղթածները, այնպես էլ նրանց ժառանգները ցայսօր էլ զրկված են հայրենիք վերադառնալու հնարավորությունից։
Հայ գաղթականները, զրկվելով հայրենիքում ապրելու հնարավորությունից, սփռվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Հայ ժողովրդի կողմից կատարվածի ճակատագրական նշանակության գիտակցման արտահայտություններից է գաղթաշխարհի այդ՝ որակապես նոր տեսակի անվանումը «սփյուռք» (անգլ.՝ diaspora) հասկացությամբ, որը հայերենում մինչ այդ չէր կիրառվել սեփական պատմության, տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքների նկատմամբ։
Սփյուռքահայության հավաքական և նպատակաուղղված ազգային գործունեությունն իրականացվում է բազմաթիվ և բազմապիսի կազմակերպությունների միջոցով, որոնցում հարկ է տարբերակել համասփյուռքյան (գրեթե բոլոր համայնքներում գործող) և զուտ տեղական բնույթի կազմակերպություններ։ Սփյուռքի բոլոր համայնքներում գործող ազգային հաստատությունների շարքում հատկապես կարևոր է Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որի հետևորդն է սփյուռքահայերի գերակշիռ մեծամասնությունը: Սփյուռքահայ համայքներում մեծ թիվ են կազմում նաև կաթոլիկները և բողոքականները, մասնավորապես` ավետարանչականները, ինչպես նաև ուղղափառ հայերը:
Ներկայումս հայերի խոշոր համայնքներ կան Ռուսաստանում (շուրջ 2,3 մլն), ԱՄՆ-ում (շուրջ 1,5 մլն), Վրաստանում (350 հզ), Ֆրանսիայում (900 հզ), Իրանում (շուրջ 120 հզ), Արգենտինայում (135 հզ), Կանադայում (մինչև 100 հզ), Թուրքիայում (75-80 հզ)։ Վերջին տասնամյակների ընթացքում ստվարացել են հայ համայնքներն Ուզբեկստանում (75 հզ), Ուկրաինայում (մոտ 130 հզ), Ավստրալիայում (60 հզ), Բրազիլիայում (շուրջ 44 հզ), Գերմանիայում (50-60 հզ), Իսպանիայում (50 հզ), Մեծ Բրիտանիայում (շուրջ 19 հզ), Բուլղարիայում (շուրջ 30 հզ), Ռումինիայում (շուրջ 3 հզ), Հունաստանում (շուրջ 35 հզ), , Կիպրոսում (մոտ 4 հզ), Նոր Զելանդիայում, Ուրուգվայում (շուրջ 19 հզ), Վենեսուելայում (շուրջ 4 հզ), Շվեդիայում (շուրջ 8 հզ), Շվեյցարիայում (շուրջ 7 հզ), Քուվեյթում (շուրջ 5 հզ), ԱՄԷ-ում (շուրջ 3 հզ), Իտալիայում (3 հզ), Հոլանդիայում (շուրջ 7 հզ), Եթովպիայում և այլ երկրներում։ XX դարի սկզբին Սիրիայում հայերի թիվը հասնւոմ էր մոտ 150 հազարի, Լիբանանում՝ մոտ 250 հազարի, Եգիպտոսում՝շուրջ 9 հազար, սակայն 2011 թվականից Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի արյունքում տեղի հայ համայնքի մեծ մասը հեռացավ երկրից, վերաբնակեցվելով նաև Հայաստանի Հանրապետություն և Արցախ: Եգիպտոսում քաղաքացիական պատերազմից հետո երկրում մնացած հայերի ստույգ թիվը հայտնի չէ:
2008-2019 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում գործում էր Սփյուռքի նախարարությունը: Այն գործադիր իշխանության հանրապետական մարմին էր, որը մշակում և իրականացնում էր Հայաստան – Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի հայկական դպրոցների հանրակրթական և մեկօրյա դպրոցների զարգացմանը, աջակցում էր հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը և տարածմանը, այլալեզու և այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը, նրանց «հայադարձությանը», աջակցում աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը և Սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Հայաստան։
“Genealogy” խումբը, որը ներկայացել է Eurovision միջազգային մրցույթին` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակին նվիրված “Dont deny” երգով (Պաշտոնական տեսահոլովակ)