OST Armenia
  • Welcome to the official site of the Non – Governmental Organization “Cultural center of the East”.
  • Բարի գալուստ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ:
  • Добро пожаловать на официальный сайт ОО «Центр Культуры Востока».

Արցախի Հանրապետություն

Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ԼՂՀ), կարճ` Արցախ, միջազգայնորեն դեռ չճանաչված հայկական երկրորդ անկախ պետությունն է Արևմտյան Ասիայում, աշխարհաքաղաքական տեսանկյունից` Կովկասի տարածաշրջանում:  Պատմականորեն հանդիսացել է Մեծ Հայքի հյուսիսարևելյան աշխարհներից մեկը` զբաղեցնելով Հայրենիքի միայն 1/20-ը:

X դարից, երբ Առանշահիկները երկրի քաղաքական կենտրոնը տեղափոխել են Խաչենագետի հովիտ, «Արցախ» տեղանունն աստիճանաբար փոխարինվել է «Խաչենով», իսկ XVI-XVII դարերից կրել է օտար’ «Ղարաբաղ» («Սև այգի») անվանումը: «Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988-ից:

Սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է նաև Արձախ, Ծավդեից աշխարհ, Փոքր Սյունիք, Վանի թագավորության (Ուրարտու, մ. թ. ա. IX-VII դդ.) սեպագիր արձանագրություններում’ «Արդախ», «Ուրդեխե», «Ատախունի» անուններով: Հույն աշխարհագետ ու պատմագիր Ստրաբոնը (մ. թ. ա. 64/63 – մ. թ. 23/24) հիշատակել է «Օրխիստինե» ձևով’ նշելով նահանգի ռազմական հզորությունը, «…պատերազմների ժամանակ հանում է մեծաքանակ հեծելազոր»:

  Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ մտնող նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացել է հանրաքվե, որին մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքների հիման վրա դեկտեմբերի 28-ին  ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին:

Ի պատասխան հանրաքվեի արդյուքնների` Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այդ պատերազմը փոփոխական հաջողություններով շարունակվեց մինչև 1994թ. մայիս:1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի և ԱՊՀ Միջխորհրդարանական ժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին այդ նույն կողմերը պայմանավորվեցին կրակի դադարեցման շուրջ, որը գործում է ցայսօր:

1992թ. մարտին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորմանը միացավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության Խորհուրդը (1994թ. դեկտեմբերից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն)։ 1997թ. ընդունվեց Մինսկի խմբի եռանախագահությունը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), որը մինչ այսօր միակ համաձայնեցված ձևաչափն է։

Արևմուտքից Արցախի Հանրապետությունը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Ելք դեպի ծով չունի:

 Տարածքը  11458 քառ. կմ է
Բնակչությունը`  141.հազար.մարդ
Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։
Պատմամշակութային կենտրոնը  Շուշի քաղաքն է:

Վեբ դոմեն` .am,
ISO – ARM,
Հեռախոսային կոդ` +374 47
Ժամանակը` Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ
 
Պետական արժույթը Արցախի դրամն է, բայց փաստացի գործածվում է ՀՀ դրամը (AMD):

Պետական կառուցվածք

 Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ ԼՂՀ Սահմանադրությունն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին ՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2017 թ. փետրվարի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքով Արցախը դարձավ  նախագահական համակարգով հանրապետություն:

ԼՂՀ Նախագահի նստավայր - ostarmenia Պետության ղեկավարը Նախագահն է: Նա հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Հանրապետության նախագահն ընտրվում է ԼՂՀ քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։  Նախագահը ունի օրենսդրական վետոյի իրավունք, ինչը Ազգային ժողովը կարող է հաղթահարել միայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ

 Արցախում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային ժողովը բաղկացած է 33 պատգամավորներից: Այն ընտրվում է  համամասնական ընտրակարգով: ԱԺ մարմիններն են հանդիսանում Նախագահը, նրա տեղակալը, պատգամավորները և մշտական հանձնաժողովները: Պատգամավորների քանակից ձևավորվում են խմբակցություններ, պատգամավորական խմբեր:  Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարել Ազգային ժողովը:

Գործադիր իշխանությունն իրականացնում է ԼՂՀ կառավարությունը։ Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից; պետական նախարարը Հանրապետության նախագահի հանձնարարությամբ վարում է կառավարության նիստերը, համակարգում է Հանրապետության նախագահի կողմից որոշված նախարարների գործունեությունը; Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը հրապարակում է իր ծրագիրը (Հոդված 102):

 Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններից և Գերագույն դատարանից, ինչպես նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից: Գերագույն դատարանը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից: Այն ապահովում է Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառումը: Գերագույն դատարանի նախագահը և մյուս դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից` Հանրապետության Նախագահի առաջարկությամբ:

 Արցախի Սահմանադրության համաձայն Հանրապետությունում գործում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:  Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել մարդու իրավունքների պաշտպան: Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

173-րդ հոդվածով սահմանվում է, որ Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:


Աշխարհագրական բնութագիր
Պետական խորհրդանշաններ և վարչատարածքային բաժանում
Բնակչություն

 ՀԱՅԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 
  ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 

© "Cultural Center of the East" NGO; Yerevan 2014-2018 © «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ, Երևան 2014-2018