ՀԱՅԱՍՏԱՆ

 Հայաստանը Արևմտյան Ասիայի հյուսիսում գտնվող պատմա – աշխարհագրական տարածաշրջան է, որտեղ ստեղծվել, ձևավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ազգը։ Այն իր մեջ ամբողջությամբ ներառում է Հայկական լեռնաշխարհը՝ Արևմտյան Ասիայի խոշորագույն բարձրավանդակներից մեկը։

Տարբեր գնահատականների համաձայն ՝ Հայաստանը զբաղեցնում է 290,000 / 300,000 – 360,000 քառ․ կմ  տարածք: Լեռնաշխարհը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական հայտնագործությունները վկայում են, որ հնադարյան մարդը (Homo erectus) բնակվել է այստեղ դեռ 1,8 մլն տարի առաջ։ Մարդակերպների /Hominidae/ թողած հետքերը ներկայացնում են Քարե դարի բոլոր փուլերը:

Իր պատմության ընթացքում տարածաշրջանը մաս էր կազմում մեծ թվով պետությունների և ամբողջությամբ միայն կարճ ժամանակով էր գտնվում մեկ կառավարչի վերահսկողության տակ:

Ամբողջ պատմաաշխարհագրական Հայաստանի սահմանները մեծամասամբ համընկնում են Մեծ Հայքի և Փոքր Հայքի պատմական պետությունների սահմանների հետ:

 Բնիկների՝ հայերի կողմից երիրն անվանվում է Հայաստան կամ Հայք։ Հին շրջանում շումերներն անվանում էին Արատտա, աքքադացիները ՝ Armani կամ Armanum: Խեթերը օգտագործում էին Հայասա և Արմատանա անունները, իսկ ասորիները` Ուրուատրի կամ Ուրարտու և Արմի: Պարսիկները կոչում էին Արմինիուա, էլամացիները՝ Հարմինույա, իսկ եգիպտացիները ՝ Էրմենեն: Վրացիները երկիրն անվանում են სომხეთი (Սոմխեթի): Եվրոպական լեզուներով երկրի անվանումը գալիս է լատինական Armenia անունից, որը եկել է հունական Ἀρμενία անվանումից։

Հայաստանի մասին ամենավաղ հիշատակումը սկսվում է մ.թ.ա. 2237-2200 թվականներին։ Պարսից արքա Դարեհ I- ը Բեհիստունյան գրության մեջ (մ.թ.ա. VI դար) երեք լեզուներով Ուրարտուի երկիրն անվանում է «Արմինա» (հին պարսկերեն) և «Արմինուա» (էլամերեն) տեղանուններով: Հին հունական լեզվում Αρμένιοι բառը հայտնվել է մոտավորապես նույն ժամանակաշրջանում։ Այն առաջին անգամ օգտագործվել է Հեկատեոս Միլետացու կողմից մ.թ.ա. մոտ 476 թվին:

Արշակունիների թագավորական դինաստիայի ժամանակ Մեծ Հայքը բաժանվում էր 15 նահանգի, կամ «աշխարհի», որոնք հանդիսանում էին առանձին բնապատմական և տնտեսական միավորներ՝ իրենց սովորություններով, տարազով ու բարբառներով։

Փոքր Հայքը տարածվում էր Եփրատից դեպի արևմուտք մինչև Անտիտավրոս լեռնաշղթան։ Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Փոքր Հայքը բաժանվում էր երեք վարչական մարզերի՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք։

©2013-2021, ostarmenia.com, “CULTURAL CENTER OF THE EAST” NGO