Հայկական կերպարվեստն անցել է զարգացման ուրույն ուղի` ներդաշնակեցնելով ազգային ավանդույթները և համաշխարհային մշակույթի ձեռքբերումները: Կրելով հարևան քաղաքակրությունների մշակութային ազդեցությունը, այն կարողացել է վերամշակել և ազգային դարձնել որոշ տարրեր, միաժամանակ` թողնել իր ազգային ներկապնակի ազդեցությունը: Անզուգական է հայկական մանրանկարչությունը և քանդակագործությունը, եզակի են որմնանկարչության և կիրառական արվեստի նմուշները, անգնահատելի՝ հայ նկարիչների ներդրումը համամարդկային ժառանգության գանձարանում:
Հայկական կերպարվեստի զարգացումը ընթանում էր պատմական մի քանի փուլերով` հնագույն (մ.թ.ա IV-I հազարամյակներ), հին (մ. թ. ա. VI – մ.թ. III դարեր), վաղմիջնադարյան (IV–VII դարեր), զարգացած միջնադարյան (IX – XIV դարեր), ուշմիջնադարյան (XVII–XVIII դարեր), նոր ( (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) և նորագույն (1918 թվականից):
Հայկական լեռնաշխարհում արվեստի առաջին նմուշները հայտնվում են նոր քարի դարում` նեոլիթում: Դրանցից հնագույնները շուրջ 10-հազարամյա վաղեմություն ունեն, պատկանում են քարայրային գեղանկարչությանը: Վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ IV—III հազարամյակներ) կիրառական արվեստը ներկայանում է գերազանցապես խեցեղենով, իսկ առավել նշանակալից զարգացման է հասել ուշ կամ զարգացած բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանում` մ․ թ․ ա․ XIV— IX դդ․։ Ստեղծագործական աշխատանքի հմտությունը արհեստի մեջ խորացել է, առաջ են եկել արհեստի նոր ճյուղեր, մեծացել են վարպետների փորձն ու գիտելիքները և արվեստի բնագավառում գործադրվել են նորանոր տեխնոլոգիական միջոցներ ու հնարներ։
Արվեստի նշանավոր ստեղծագործություններ են մ․ թ․ ա․ XI—IX դդ․ դրվագման տեխնիկայով պատրաստված իրական և երևակայական խիստ ոճավորված կենդանիների, թռչունների, մարդկանց, երկրաչափական, արևի, երկնային լուսատուների, ջրի պաշտամունքի հետ կապված խորհրդանշական պատկերները, առասպելական բնույթի բարդ հորինվածքներով որսի, պտղաբերության և տիեզերածնական տեսարանները։Մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբներին՝ հինավուրց արվեստի աչքի ընկնող հուշարձաններ են։
Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. IX—VII դդ. գեղարվեստական մշակույթը զարգացել է Արարատյան թագավորության (Ուրարտու) ձևավորման և հզորացման, ինչպես նաև հայկական ցեղերի տերիտորիալ-քաղաքական համախմբման և հայ ժողովրդի կազմավորման պայմաններում։ Ուրարտական արվեստի հուշարձաններն աչքի են ընկնում ինքնատիպությամբ՝ որոշակիորեն տարբերվելով նույն ժամանակաշրջանի ասորեստանյան մշակույթի հուշարձաններից։
Արարատյան թագավորությունում մոնումենտալ քանդակագործության հետ բարձր մակարդակի է հասել նաև մանր պլաստիկան և դեկորատիվ-կիրառական արվեստը։
Արարատյան թագավորության մշակույթը զգալի ազդեցություն է ունեցել մի կողմից սկյութացիների, մյուս կողմից՝ Աքեմենյան Իրանի մշակույթների վրա։ Ուրարտական արվեստի ազդեցությունը շոշափելի է նույնիսկ միջերկրածովյան մշակույթում:
Ուրարտական պետության անկումից հետո նախորդ դարաշրջանների ավանդույթները հիմք դարձան հայկական մշակույթի զարգացման նոր փուլի համար: Մ.թ.ա. VI— IV դդ․ հայկական արվեստը, որը ներկայացված է առավելապես իշխող վերնախավին պատկանող իրերով և զարդերով, երևան է բերում ակնհայտ կապեր հինարևելյան և աքեմենյան ժամանակաշրջանի իրանական արվեստների հետ։ Այս փուլում շարունակվել են նախորդ շրջանի ձեռքբերումները, ստեղծվել են գեղարվեստական տարբեր ձևավորումներով մետաղե, խեցե, ապակե իրեր, զարդեր, քանդակներ ևն:
Մ.թ.ա. III դ. սկսած` հելլենիզմի ազդեցության տակ բազմաթիվ քաղաքների առաջացումը, արհեստների և առևտրի զարգացումը մեծապես նպաստեցին հին հայկական մշակույթի և արվեստի առաջընթացին նոր ուղիով: Հելլենիստական մշակույթի և տեղական ավանդույթների փոխլրացման շնորհիվ ստեղծվում են մշակութային փառահեղ գոհարներ: Հելլենիստական ոճի արտակարգ բարձրարվեստ քանդակներ են Գառնիի հեթանոսական տաճարի բարձրաքանդակներն ու հարթաքանդակները:
Արվեստի նոր բնագավառ էր նաև ապակեգործությունը։ Հայաստանում ապակի արտադրվել է դեռես մ.թ. ա. II—I դդ., բայց նոր զարկ է ստացել, երբ հին և նոր թվագրությունների սահմաններում հայտնագործվել է փչելու եղանակով ապակեղենը պատրաստելու տեխնիկան։ Հելլենիստական ժամանակաշրջանի նորույթ էր մոնումենտալ գեղանկարչության մյուս ճյուղի՝ խճանկարչության առաջացումը Հայաստանում։
Հին հայկական մշակույթը և արվեստը զարգանում էին երկու հիմնական ուղղություններով, որոնցից առաջինը տեղական ավանդական ժողովրդական ուղղությունն էր, մյուսը նոր առաջացած հելլենիստական ուղղությունը, որոնք խաչավորվում և փոխադարձաբար հարստանում էին։ Երկրորդ ուղղությունը հասարակության վերնախավի և քաղաքային բնակչության մշակույթն էր։ Հին հայկական հարուստ, բազմակողմանի, բազմաբովանդակ մշակույթը և արվեստը խոր արմատներ էին նետել հայկական հասարակության մեջ և խոշոր նշանակություն ունեցան տվյալ բնագավառների հետագա զարգացման համար։
Միջնադարյան հայկական կերպարվեստը ունի զարգացման իր ուրույն ուղեգիծը, իր մեջ ներառելով թե հին ավանդույթները, թե` բյուզանդականը: Միջնադարյան Հայաստանի կերպարվեստում գերիշխել են կրոնական թեմաներն ու սյուժեները: Հայ մատենագրչության ձևավորումն ու ծաղկումը հանդես է բերում համաշխարհային նշանակության գոհարներ, իսկ հայ մատենագիրներն ու նկարիչները հայտնի են դառնում ամբողջ աշխարհում (Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ): Միջնադարյան մագաղաթյա կամ թղթե մատյանները եզակի են իրենց գեղարվեստական լեզվով, բարձր մակարդակի ինքնուրույն պատկերային մտածողությամբ:
Վաղ միջնադարում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կողմից պատկերամարտ լինելը բացառեց այդ ժամանակաշրջանում որմնանկարչության բուռն զարգացումը, ինչը, թեևս, չխանգարեց քանդակագործությանը: Հայկական որմնանկարչության բուռն զարթոնք է սկսվում զարգացած միջնադարում՝ Բագրատունիների ժամանակաշրջանումը, ինչը պայմանավորված է նաև հարևան ուղափառ քաղաքակրթությունների հետ կապերի սերտացման հետ:
Միջնադարյան Հայաստանի քանդակագործությունը հիմնականում հայտնի է ճարտարապետական հուշարձանների պատկերաքանդակներով, հուշակոթողների փոքր ձևերով: Այն բնորոշվում է հարթապատկերային և գծագրաֆիկ ոճով, որը պատմական իրադրության արգասիք էր և բխում էր նախաքրիստոնեական մշակութային ժառանգության բնույթից։ Անտիկ արվեստի նշանակությունն ու ազդեցությունը, որ այնքան մեծ է վաղ քրիստոնեական մշակույթում, Հայաստանում արմատապես վերաիմաստավորվելով հասցվել է նվազագույնի և նկատելի է միայն առանձին հուշարձաններում: IV դ․ սկզբում տեղական քանդակագործական ավանդույթները օրգանապես ներհյուսվել են Հայաստանի վաղ քրիստոնեական քանդակարվեստին։ Զգալի փոփոխություններ չկրելով, դրանք դարձել են երկրի IV–VI դդ․ կերպարվեստի կազմավորման բաղադրիչներից։ Մյուս բաղադրիչը՝ Ասորիքի, Պաղեստինի, Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների, Իրանի քրիստոնեական համայնքների վաղ քրիստոնեական արվեստի ներթափանցումն էր։ Վերջինս էապես հարստացրել է վաղ միջնադարյան հայկական քանդակի պատկերագրական ցանկը, որ նպաստել է մի քանի տեղական ինքնատիպ դպրոցների առաջացմանը։
Ազգային կերպարվեստի բացառիկ գանձերից են խաչքարերը, որոնցից յուրաքանչյուրն ինքնատիպ է: Հայաստանում առաջին խաչքարերը կերտվել են IX դ` արաբական լծի թոթափումից հետո։ Այդ բարձրաքանդակ խաչերով սալերը դարձան միջնադարյան Հայաստանի արվեստի առավել տարածված կոթողները։ Չնայած նրան, որ խաչքարերը հեռավոր կերպով արձագանքում են Եվրոպայի և Առաջավոր Ասիայի ռելիեֆային և թևավոր խաչերին, այնուհանդերձ հատկանշական են միայն Հայաստանի IX – XVIII դդ. արվեստին: Միայն հայկական խաչքարերին է հատուկ ուղղաձիգ սալի տարածական ծավալաձևը, կենտրոնական խաչի տակ քանդակված վարդակը կամ այլ դեկորատիվ զարդ, ծավալի վերին մասում քիվանման ելուստավոր ավարտը։
Հատուկ և բարձր զարգացման են հասել գեղարվեստական ջուլհակությունն ու կարարվեստը, ոսկերչությունը, դրվագումը, խեցեգործությունը։ Գրքի ձևավորման արվեստը եղել է առաջատար ընդհուպ մինչև XIX դ. և, մեծապես ազդելով այլ արհեստների վրա: Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ – կիրառական արվեստի գրեթե բոլոր ճյուղերը էական ներդրում են կատարել համաշխարհային մշակույթի զարգացման մեջ՝ մասնավորապես կենցաղի գեղաձևավորման ասպարեզում՝ ինչպես պաշտամունքային–պալատական, այնպես էլ ժողովրդական։
Միջնադարյան պայմանական ձևերը հետզհետե տեղի են տվել նոր, ռեալիստական ձևերին ու գեղարվեստական արտահայտչամիջոցներին։ Դա անցման շրջանի արվեստ էր։ Նկարչության մեջ ուժեղացել է իրական աշխարհի զգացողությունը։ Մանրանկարչությանը և որմնանկարչությանը զուգընթաց զարգացել են կերպարվեստի նոր տեսակներ և ժանրեր՝ հաստոցային գեղանկարչություն, դիմանկարչություն, կենցաղային թեմաներով պատկերներ, ռեալիստական բնանկարներ։ Այս ժամանակաշրջանում ազգային կերպարվեստի զարգացումը գլխավորապես ընթացել է Հայաստանի սահմաններից դուրս՝ հայկական գաղթավայրերում։
XVIII դ․ կեսից հայերեն գրքի գրաֆիկայում կիրառվել է նաև մետաղի, գլխավորապես պղնձի վրա կատարվող փորագրությունը՝ գրավյուրան։ Տպագիր գրքի արագ զարգացման հետ հետզհետե թուլացել է պահանջը ձեռագիր գրքի նկատմամբ։ Թեև ստեղծվել են գեղարվեստական արժեք ներկայացնող շատ, սակայն դրանց նկարազարդումները իրենց արվեստով նկատելիորեն տարբերվում են նախորդ շրջանի մանրանկարներից։
XIX դ. սկզբին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին արգասավոր պայմաններ է ստեղծել ազգային նոր կերպարվեստի ծավալման ու զարգացման համար։ Ռուսական մշակույթի ազդեցության տակ հայկական կերպարվեստը սկսեց եվրոպական արվեստի հետ համաչափ քայլել: Զարգացում է ապրում մինչ այդ խորթ դիմապատկերների ժանրը:
XX դ․ սկզբից արտասահմանյան հայ արվեստի գլխավոր կենտրոնը դառնում է Ֆրանսիան, որտեղ հաստատվել և ստեղծագործել է մի ստվար շարք տաղանդավոր հայ արվեստագետներ: Իրենց ստեղծագործություններում եվրոպական կրթություն ստացած նկարիչներն առաջնորդվել են գեղանկարչության դասական, մանավանդ XIX դ․ ռեալիզմի սկզբունքներով։
Միաժամանակ, բազմաթիվ նկարիչների ստեղծագործություններում դրսևորվել են իմպրեսիոնիզմի և հաջորդող ուղղությունների գեղարվեստական մտածողությունն ու արտահայտչամիջոցները։ 1910-ականներին ժամանակաշրջանի հայ արվեստում նկատելի տարածում է գտել սիմվոլիզմը:
Հայկական երգիծանկարչության սկզբնավորումը և առաջին հաջողությունները կապված են Կ․ Պոլսի XIX դ․ հայկական մամուլի, հատկապես Հ․ Սվաճյանի և Հ․Պարոնյանի հրատարակած պարբերականների հետ։ Արևելահայ երգիծանկարչական վաղ նմուշները հրապարակ են եկել 1880-ական թթ:
Հայաստանի անկախության հռչակունից հետո երկրում ստեղծված սոցիալ – տնտեսական ճգնաժամը կասեցրել է նաև կերպարվեստի բնականոն զարգացումը. «կատվածահար» քաղաքաշինությունն ու ճարտարապետութունը չէին կարող ապահովել մոնումենտալ – դեկորատիվ նկարչության և քանդակի նույնիսկ նվազագույն զարգացումը, տպագրական տնտեսության քայքայումը խաթարել է է գրքարվեստի (գրքի գեղարվեստական ձևավորում, պատկերազարդում) առաջընթացը, թատրոններում սակավաթիվ ներակյացումներ բեմադրելու պատճառով ընկել էր բեմանկաչության գեղարվեստական մակարդակը:
Վերջին տասնամյակում արվստի ոլորտում նկատվում է որոշ աշխուժացում: Հայաստանն ինտեգրվում էմիջազգայիւն տարբեր ծրագրերում, հայ նկարիչները ցանկալի հյորեր և մանսակիցներ են տարբեր փառատոններում: Երկրի կյանքում շարունակվում են ստեղծագործական խմորումներն ու իրարամերժ ձգտումները:
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը
Հնագույն կերպարվեստ
Ուրարտական կերպարվեստ
Անտիկ կերպարվեստ
Միջնադարյան քանդակագործություն
Միջնադարյան դեկորատիվ — կիրառական արվեստ
Միջնադարյան որմնանկարչություն և մանրանկարչություն
Հայկական դասական կերպարվեստ
Հայկական կերպարվեստը նոր ժամանակներում
Սովետահայ կերպարվեստ
Հայ արդի կերպարվեստ