Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում: Այն Հայաստանի ամենաբարձր բնակեցված մարզն է, բայց տարածքով՝ ամենափոքր: Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 4.2 %-ը, իր մեջ ընդգրկում է Արմավիրի, էջմիածնի և Բաղրամյանի տարածաշրջանները: Մարզկենտրոնը Արամավիրն է:
Տարածքը 1242 քառ. կմ է
Բնակչությունը` 265.8 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբ)
Արմավիրի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին:
Անցյալում ընդգրկել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Երևանի նահանգի էջմիածևի գավառի մաս:
1918 – 1920 թթ Հայաստանի Հանրապետության՝ Էջմիածնի նահանգը, ՀՍԽՀ տարիներին այստեղ էին Հոկտեմբերյանի (1930-ից, մինչև 1935 թվականը՝ Ղուրդուղուլիի). Բաղրամյանի (1983 -ից) և Էջմիածնի (1930-ից, մինչև 1945 թվականը՝ Վաղարշապատի) շրջանները:
Մարզը ներառված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի կազմում, առաջնորդանիստը էջմիածնի Սբ Աստվածածին եկեղեցին է:
Սահմանակից է Երևանին (արևելքում), ՀՀ Արագածոտնի (հյուսիսում), Արարատի (հարավ-արևելքում) մարզերին, պետական սահմանով’ Թուրքիային (հարավում և արևմուտքում):
Աշխարհագրություն
Արմավիրի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (800-1000մ բացարձակ բարձրությունները)՝ հյուսիս – արևմուտքից հարավ-արևելք ընդհանուր թեքությամբ ընդգրկում է Արարատյան գոգավորության հյուսիս-արևմտյան, Արաքսի ձախափնյա մասերը և Արագած լեռնազանգվածի հարավ-արևմտյան նախալեռնային ստորոտները: Մարզի ռելիեֆը տափարակ, գետալճային, չոր նստվածքներից կազմված, տեղ-տեղ ալիքավոր մակերևույթով տարածք է:
Բնական լանդշաֆտը կիսաանապատային և լեռնատափաստանային է: Բնորոշ են չորասեր ու աղասեր բույսերը: Տարածված է որդան կարմիր միջատի հատկապես արարատյան տեսակը, որի և աղասեր բույսերի պահպանման համար ստեղծվել է «Որդան կարմիր» արգելավայրը (200 հա):
Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով, առանձնապես հարուստ չէ նաև ջրային ռեսուրսներով: Այստեղ է գտնվում հանրապետության ամենացածրադիր լիճը՝ Այղր (Ակնա) լիճը, որը զբաղեցնում է 50 հա մակերես, ունի 2մ խորություն, ձագարաձև ուրվագիծ և ստորերկրյա սնում։
Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում Մեծամորն է (Սևջուրը), որը սկիզբ է առնում Այղր լճից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասախն է: Թուրքիայի հետ սահմանը անցնում է Արաքս գետով: Ռեսուրսների պակասը հիմնականում լրացվում է ստորջրյա ռեսուրսներով: Գործում են Ստորին Հրազդանի, էջմիածնի, Մեծամորի և այլ ջրանցքներ:
Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։ Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42°C։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ (հունվարին օդի միջին ջերմաստիճանը 10-20°C ցուրտ)։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։
Բնակչություն
Արմավիրի մարզը Հայաստանի ամենաբարձր բնակեցված մարզն է, բնակչության խտությունը կազմում է 215 մարդ/1 քառ.կմ: Մարզում բնակվում է շուրջ 265.8 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 8.9 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 3 քաղաքներով, կազմում է 84.0 հազար մարդ կամ 31.6 %:
Գյուղական բնակչությունը կազմում է 181.8 հազար մարդ կամ 68.3%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.8%, իսկ կանայք` 51.5%-ը: Բնակչության տարիքային կազմը մոտ է միջին հանրապետական ցուցանիշին. 51%-ը կազմում են 0- ից 34-ամյա տարիքային խումբը:
Առավել խիտ է բնակեցված Արարատյան դաշտավայրը: Արմավիրի տարածաշրջանում բնակչության թիվը կազմում է մարզի բնակչության 42.2%-ը, Էջմիածնի տարածաշրջանում՝ 50.3%-ը, Բաղրամյանի տարածաշրջանում՝ 7.5%-ը:
Արմավիրի մարզը բնակչությամբ միատարր է, հիմնականում բնակեցված է հայերով՝ 93%, ազգային փոքրամասնություններից մարզում ապրում են եզդիներ՝ 6,6%, ասորիներ՝ 0,1%, քրդեր՝ 0,1%, ռուսներ՝ 0,2%:
Քաղաքային համայնքների թիվը` 3 համայնք / Արմավիր, Վաղարշապատ (Էջմիածին) և Մեծամոր/
Գյուղական համայնքների թիվը` 93 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 94 բնակավայր
Արմավիրի տեսարժան վայրեր
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով, այստեղ հաշվառված է 430 հուշարձան:
Եզակի են նեոլիթյան բնակատեղին (մ.թ.ա VIII-V հազարամյակներ՝ Արատաշեն գյուղ), Մեծամորի հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը, նեոլիթ-էնեոլիթյան (Թեղուտ), վաղբրոնզեդարյան (Մոխրաբլուր), բրոնզեդարյան (Մեծամոր), ուրարտական (Արագած), հելլենիստական (Փարաքար) ժամանակաշրջանների կառույցներ ու բնակատեղիները:
Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը: Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են Երվանդաշատի փլատակները:
Այստեղ են նաև սբ. Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղրլիճը, Մուսալեռ և Սարդարապատ հուշահամալիրները:
Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ
Բագարան
Արգիշտիխինիլի հնավայր
Մեծամորի հնադարյան մետաղաձուլարան
սբ.Էջմիածին
սբ.Գայանե
սբ.Հռիփսիմե
Շողակաթ
Զվարթնոց
Թարգմանչաց վանք ( VII դ )
Էջմիածնի Սբ Աստվածածին (XIX դ.) եկեղեցի
Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը
ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բոստանաբուծությունը: Հիմնականում մշակվում են հացահատիկաընդեղենային և բանջարաբոստանային մշակաբույսեր:
Արդյունաբերությունը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում: այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 53.1%-ը: Աղքատության մակարդակը մարզի բնակչության 34.3% է: Գործազրկության խնդիրը ավելի խիստ է քաղաքային համայնքներում:
Մարզի զբոսաշրջային ներուժը հիմնականում ներկայացվում է հարուստ պատմամշակութային արժեքներով:
Արմավիրի մարզում գործում են հանրակրթական 123 դպրոց, 2 հատուկ (օժանդակ) դպրոց, 1 վարժարան, 9 մարզադպրոց, որոնք ունեն մասնաճյուղեր մարզի տարբեր համայնքներում:
Էջմիածին քաղաքում գործում է 1 արհեստագործական ուսումնարան: Արմավիր և Էջմիածին քաղաքներում գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող 6 ուսումնական հաստատություններ, գործում է մեկ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն` Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը:
Այստեղ գործում են 58 բուժհաստատություններ, որոնցից 3-ը բժշկական կենտրոններ են, որոնց կազմում գործում են պոլիկլինկական ծառայություններ, 1-ը՝ առողջության կենտրոն, 1-ը՝ հիվանդանոց և 1-ը՝ մարզային արյան կայան:
Արմավիրի մարզում գործում է 85 մշակույթի տուն, որից՝ 82-ը գյուղական համայնքներում, 8 թանգարան: Մարզի բնակչության համար մատչելի են նաև Երևան քաղաքի մշակութային օջախները: Գործում է 4 տիկնիկային թատրոն և 5 թատերախումբ:
Տրանսպորտ և կապ
Արմավիրի մարզն ունի զարգացած տրանսպորտային ցանց, մարզի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 613 կմ, որից` միջպետական նշանակության` 123.2կմ, հանրապետական նշանակության՝ 91.6 կմ: մարզի բնակչության 99%-ը ապահովված է մշտական երթուղային տրանսպորտային կապով:
Մարզի տարածքով է անցնում «Հարավկովկասյան» երկաթուղու Երևան-Թբիլիսի 70կմ երկարությամբ հատվածը: Առկա է նաև տեղական նշանակության 35կմ երկարությամբ երկաթուղի, որից գործում է Արմավիր-ՀԱԷԿ 12կմ երկարության հատվածը:
Մարզի տարածքում տեղակայված Զվարթնոց միջազգային օդանավակայանը օդային երթևեկության կառավարման ծառայություններ է մատուցում 6 խոշորագույն միջազգային օդային երթուղիների համար, որոնք անցնում են Հայաստանի օդային տարածքով:
Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) գտնվում է Երևանից մոտ 36կմ արևմուտք, Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Կայանի արտադրանքը բավարարում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 40%-ը։
Մարզի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից՝ բնակավայրերը 100%-ով ապահովված են օպտիկամանրաթելային և եթերային-շարժական ծածկույթով, ինտերնետի որակը բավարար է:
Լարային հեռախոսակապ առկա է մարզի 2 քաղաքային և 18 գյուղական համայնքներում: Մարզի բնակավայրերում գործում են «Հայփոստ» ՓԲԸ-ի 111 փոստային բաժանմունքներ:
Մարզի բոլոր համայնքների բնակչությունը հնարավորություն ունի բավարար որակով ընդունելու 10-ից ավելի հեռուստաալիք: Գործում են մարզային երեք՝ հեռուսատաընկերություններ: Մարզի ամբողջ տարածքը ընդգրկվել է թվային հեռուստահաղորդումների ծածկույթում: Հեռարձակվում է նաև Հանրային ռադիոն, որը հասանելի է մարզի բոլոր բնակավայրերում:
Հեռախոսային կոդեր՝
Էջմիածին -231
Զվարթնոց -231
Բաղրամյան -231 90
Վաչե – 231 91
Նորակետ 231 95
Ջրառատ – 231 98
Խորոնք – 231 99
Արմավիր – 237
Մեծամոր – 237
Բաղրամյան – 233
Մյասնիկյան 233 74
Քարակերտ – 233 75
Դալարիք – 233 76
Փոստային ինդեքսներ — 0901-1149
Արմավիրի մարզպետարան
Հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 71
էլ հասցե՝ armavir.mtad.am
էլ փոստ՝ armavir@mta.gov.am
Հեռ.` /+374 237/ 2-37-16; 2 42 62
Ֆաքս՝ /+374 10/ 28 06 46