Հայաստանը VII դարում Մերձավոր Արևելքի մյուս երկրների նման ընկավ արաբական տիրապետության տակ: Շուրջ երկու դարի ընթացքում հայ ժողովուրդը շարունակում էր պայքարը ոչ միայն պետականության համար, այլ նաև՝ ազգային նկարագիրն ու հավատը պահելու, ձուլումից զերծ մնալու: Միաժամանակ արաբական տիրապետությունը հնարավորություն տվեց հաղթահարել պարսկա – բյուզանդական պատերազմների ժամանակներից եկած երկփեղկվածությունը, վերականգնել ազգային միասնականությունը, իսկ դրա հիման վրա՝ վերականգնել անկախ պետականությունը:
VII դ-ի սկզբին Արաբական թերակղզում համախմբվելով մահմեդական (իսլամական) կրոնի ներքո, արաբական ցեղերը ստեղծել են հզոր պետութուն (խալիֆություն), և արդեն 630- 640-ին խորտակել են Սասանյան տերությունը, ջախջախել բյուգանդական զորքերին և իրենց տիրապետությունը հաստատել Մերձավոր Արևելքում:
Արաբական խալիֆության նվաճումների հետևանքով խարխլված պարսկա – բյուզանդական գերիշխանությունից հետո Հայոց սպարապետ (628-ից) ու մարզպան (634-ից) Թեոդորոս Ռշտունին 639-ին վերամիավորել է Հայաստանի արմևմտյան. (բյուզ.) և արլ. (պարսկ.) մասերը’ որպես ինքնուրույն իշխանապետություն’ դառնալով առաջին Հայոց իշխանը (նստավայրը’ Աղթամար կղզի): Հայաստանում ազդեցությունը վերջնականապես չկորցնելու նպատակով բյուզանդական արքունիքը 640-641 ֊ին Թեոդորոս Ռշտունուն շնորհել է պատրիկի և կյուրապաղատի բարձրագույն տիտղոսներ ու ճանաչել նրա իշխանապետությունը:
640-643-ին հակահարված հասցնելով Հայաստան ներխուժած արաբական զորքերին՝ Թեոդորոս Ռշտունին ամրապնդել է երկրի սահմանները: Բյուզանդական արքունիքի հետ դավանաբանական և քաղաքական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Ռշտունին 652-ին ընծաներով մեկնել է Դամասկոս և Ասորիքի (Սիրիա) ու Վերին Միջագետքի կառավարիչ (հետագայում’ խալիֆ) Մուավիայի հետ կնքել է հայ-արաբական պայմանագիր, որի համաձայն՝ խալիֆության գերիշխանությունը պահպանելու պայմանով հայերը 3 տարի հարկ չէին վճարելու, ապա վճարելու էին՝ որչափ կամենային: Պահպանելու էին 15- հազարանոց այրուձին (ի հաշիվ գանձվող հարկի) և ինքնուրույնությունը կառավարման բոլոր ոլորտներում: Հայաստանում արաբական զորք չէր լինելու, իսկ բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆությունն օգնող ուժ էր ուղարկելու:
Շուտով Թեոդորոս Ռշտունին արաբական մի զորամասի օգնությամբ ջախջախել է Հայաստան խուժած բյուզանդական զորքերին, ազատագրել երկրի հյուսիս-արևմտյան շրջանները’ հասնելով մինչև Տրապիզոն: Այնուհետև Մուավիան արտոնել է նրան իշխելու նաև Վիրքի ու Աղվանքի վրա’ մինչև Ճորա պահակ (Դերբենդ) ընկած տարածքը: Սակայն 654-ին արաբները, խախտելով հաշտության պայմանագիրը, ասպատակել են Հայաստանը և գերեվարել Թեոդորոս Ռշտունուն (վախճանվել է 656-ին):
Հայոց իշխան ճանաչված Համազասպ Մամիկոնյանը (654-661) Հայաստանը շուրջ հինգ տարի զերծ է պահել արաբական, հարձակումներից: Նրա հաջորդի՝ Գրիգոր Մամիկոնյանի (661-685) օրոք խաղաղությունը (շուրջ երկու տասնամյակ) պայմանավորված էր նաև արդեն խալիֆ դարձած Մուավիայի քաղաքականությամբ. կրկին ուժի մեջ է մտել 652-ի հայ – արաբ. պայմանագիրը: Խալիֆությանը վճարած հարկն ընդամենը 500 դահեկան էր, որը Մուավիայի մահից (680) հետո դադարեցվել է:
Գրիգոր Մամիկոնյանին հաջորդած Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (686-689) զոհվել է արաբա-բյուզանդականնվաճողների դեմ մարտում: Նրան հաջորդել է Ներսեհ Կամսարականը (689-693), ապա’ Սմբատ Բագրատունին (693-726): VII դ-ում Հայաստանում աշխուժացել է առևտուրը, կառուցվել են համաշխ. նշանակության ճարտարապետական մի շարք հուշարձաննեը (Հռիփսիմե, Զվարթնոց տաճարները Լւն), զարգացել է գիտությունը:
701-ին խալիֆի եղբայր Մուհամմադ իբն Մրվանը վերջնականապես նվաճել է Հայաստանը, սկսվել է արաբական բուն տիրապետության շրջանը’ 701-862: Հայաստանը, Վիրքը, բուն Աղվանքն ու Մերձկասպյան շրջանները (մինչև ճորա պահակ) 701-ին միավորվել են մեկ վարչաքաղաքական միավորի՝ Արմինիայի մեջ, որը կառավարում էր արաբ ոստիկանը (կառավարիչ), իսկ Հայաստանը՝ Հայոց իշխանը: Ոստիկանի նստավայրն սկզբում Դվինն էր, իսկ 789-ից’ նաև Պարտակը: Ատրպատականի, Վերին Միջագետքի և երբեմն այլ նահանգների հետ Արմինիան կազմում էր խալիֆության հյուսիսային փոխարքայությունը:
Առաջին ոստիկան Աբդալլահը ծանր հարկեր է դրել բնակչության վրա, կրոն, հալածանքներ սկսել: Հայ նախարարներին ժառանգական իշխանությունից ղրկելու, նրանց զորական ուժը ոչնչացնելու ոստիկանի ձգտումը պատճառ է դարձել 703-ին հակաարաբական առաջին ապստամբության’ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ: Ձմռանը Երասխի ափին’ Վարդանակերտի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները ջախջախիչ պարտություն են կրել (սպանվել է նաև Աբդալլահ ոստիկանը): Սակայն խալիֆը, ըստ Ղևոնդ Վարդապետ պատմիչի, «խորհում է մեր Հայոց աշխարհից վերացնել նախարարական տոհմերը՝ իրենց հեծյալների հետ միասին»: 705-ին Նախճավանի արաբ, զորքերի հրամանատար Կասըմը այրուձիու հաշվառման և ռոճիկ վճարելու պատրվակով իր մոտ է հրավիրել հայ նախարարներին, զինաթափել է նրանց, փակել Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում և ողջակիզել: Սմբատ կյուրապաղատն ու մի քանի նախարարներ հեռացել Են Եգերաց աշխարհ: Սակայն Աբդ ալ Ազիզ ոստիկանը հայերի նոր ընդվզումները կանխելու նպատակով վերադարձրել է վտարանդի նախարարներին և վերականգնել նրանց ժառանգական իրավունքները:
Հայաստանում իրավիճակը բարդացել է Հայոց իշխանի պաշտոնում Աշոտ Բագրատունուն (732-748) հաջորդած Մուշեղ Մամիկոնյանի կառավարման տարիներին (748-753), երբ իշխանության եկած Աբբասյանները ճնշել են ազատագրական շարժումները, վերստին ծանրացրել հարկերը, սաստկացրել բռնություններն ու հալածանքները: Այդ պատճառով 748-750-ին Հայաստանում բռնկվել է նոր զինված ապստամբություն, որը, սակայն, ճնշվել է: Մուշեղ Մամիկոնյանը պաշտոնազրկվել է, և Հայոց իշխան է ճանաչվել Սահակ Բագրատունին (753-775), սպարապետ’ Սմբատ Բագրատունին:
Խալիֆության գերիշխանության դեմ առավել հզոր էր 774-775-ի ապստամբությունը, որը Շիրակի Կումայրի գյուղից սկսել է Սրտավազդ Մամիկոնյանը, այնուհետև ղեկավարել է Մուշեղ Մամիկոնյանը, որին հետո միացել է նաև սպարապետ Սմբատ Բագրատունին: 2 ճակատամարտում Մամիկոնյանների և նրանց հարող իշխանների ուժերը ջախջախել են արաբ, զորքերին: Սակայն 775-ի ապրիլի 25-ին Արձնիի ճակատամարտում (Բագրևանդ գավառ) արաբ. 30-հազարանոց բանակը պարտության է մատնել հայկական զորքերին, զոհվել են Մուշեղ Մամիկոնյանը, Սմբատ Բագրատունին և այլ երևելի իշխաններ: Ծանր կորուստներ կրած Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Գնունիները, Ռշտունիները և այլ նախարարական տոհմեր գաղթել են Բյուզանդիա: Հայաստանում նորից հզորացել են Բագրատունիները, Արծրունիները, Սյունիները: Բագրատունիներին են անցել արտագաղթած իշխանատոհմերի տիրույթների մեծ մասը’ Մոկքը, Տարոնը, Սասունը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Տաշիրը, Տայքը, Կղարջքը ևն:
Բագրատունիների ամրապնդված դիրքերը և Ատրպատականում Բաբեկի գլխավորած տևական ապստամբությունն Աբբասյաններին ստիպել են ճանաչել Բագրատունիների իշխանությունն Արմինիայում: 826-ին Աշոտ Մսակերի որդի Բագարատ Բագրատունին ճանաչվել է իշխանազ իշխան, իսկ նրա եղբայր Սմբատը’ Հայոց սպարապետ: Սակայն Մութավաքիլ խալիֆը (847-861), կամենալով վերացնել Հայաստանի ինքնավարությունը, 849-ին այնտեղ է ուղարկել Աբու Սաիդ (Աբուսեթ) ոստիկանին’ տալով հարկային մեծ լիազորություններ: Աղձնիքի Ձորի պահակի մոտ նրան դիմավորել է Բագարատ Բագրատունու գլխավորած պատվիրակությունը, հանձնել է հարկերը և թույլ չի տվել մտնել Հայաստան:
851-ին Աբու Սաիդը վերադարձի ճանապարհին մահացել է: Նրան հաջորդել է որդին’ Յուսուֆը, որը, գալով Խլաթ, խաբեությամբ կալանավորել է Բագարատ Բագրատունուն և ուղարկել խալիֆի նստավայր’ Սամառա, իսկ ինքը գնացել է Մուշ’ ձմեռելու: Այդ շրջանում Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ որդիները զինել են Սասունի և Խութի հայ լեռնականներին, որոնց առաջնոր- դել է Խութեցի Հովնանը: 851-852-ի ձմռանը ապստամբները, թշնամուն հան- կարծակիի բերելով, ներխուժել են Մուշ, կոտորել արաբներին և սպանել Սբ Փրկիչ եկեղեցում թաքնված Յուսուֆին: Այս իրադարձությունները հետագայում դարձել են «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը:
Ապստամբությունն աստիճանաբար ծավալվել է ոչ միայն Հայաստանում, այլև Արմինիայի մյուս երկրներում: Խալիֆը 852-ի գարնանը Հայաստան է ուղարկել թուրք զորավար Բուղային, որը հայտնի էր իր նենգությամբ ու դաժանությամբ: Նա նախ խուժել է Աղձնիք, ապա’ Սասուն – Խութ, գերեվարել Աշոտ ու Դավիթ Բագրատունիներին, Խութեցի Հովնանին և ուղարկել Սամառա:
Հաջորդ տարվա գարնանը Բուղան ասպատակել է Սյունիքը, անցել Հյուսիսային Հայաստան, ապա գրավել Տփղիսը: Այնուհետև գերեվարել և Սամառա է ուղարկել Գարդմանի, Լեռնային Ուտիքի ու Խաչենի հայ իշխաններին և պաշարել Հարավային Արցախի Գտիչ (Քթիշ) ամրոցը, որտեղ պատսպարվել էր Եսայի Աբու-Մոաե Առանշահիկ իշխանը:
Վասպուրականում ծագած նոր ապստամբության ժամանակ Գուրգեն Ապուպելճ Արծրունին կոտորել է Բուղայի թողած արաբական զորքը և ազատագրել երկիրը: Բուղան ստիպված ճանաչել է Արծրունիների իրավունքները, իսկ Գուրգեն Ապուպելճ Արծրունուն ընդունել որպես Վասպուրականի իշխան: Դրանով նա նպաստել է նաև Հայաստանի ներքին ինքնավարության փաստացի վերականգնմանը: 855-ին խալիֆը Բուղային հետ է կանչել: Սամառա աքսորված (855) Սմբատ Բագրատունի Աբլաբասին հաջորդել է որդին’ Աշոտ Բագրատունին, որն էլ վերականգնել է Հայաստանի անկախ պետականությունը:
Արաբական տիրապետությունը շուրջ մեկ ու կես դարով կասեցրել է երկրի բնականոն զարգացումը, տնտեսական կյանքն անկում է ապրել, խիստ տուժել է առևտուրը, գրեթե ընդհատվել են շինարարական աշխատանքները: