Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ ընդերք, ինչը պայմանավորված է հրաբխային բարձրավանդակի առկայությամբ։ Լայն տարածում ունեն ինչպես մետաղային, այնպես էլ՝ ոչ մետաղային օգտակար հանածոները։
Լեռնաշխարհի տարածքում առկա են պղնձի, կապարի ու ցինկի հսկայական պաշարներ։ Արևելքում՝ Լեռնային Անդրկովկասի Էվգեոսինկլինալի սահմաններում, հայտնի են պղինձ – մոլիբդենային (Քաջարան, Ագարակ, Լիճք, Հանքավան, Ելփին, Վարդենիս, Դալիդաղ, Պարագա), պղնձի (Մառ նեուլի, Ալավերդի, Շամլուղ, Կապան, Գետաբեկ), ոսկու (Զոդ, Մեղրաձոր, Լիճքվազ, Քաջարան, Հասանկալա, Վանա լճի ավազան), ոսկի -բազմամետաղային (Արմանիս, Շահումյան), երկաթի սկառնային-հիդրոթերմալ (Դաշքեսան, Հրազդան, Կողբ) և օրթո -մագմատիկական (Սվարանց, Աբովյան), կապարի ու ցինկի (Ախթալա, Ղազմա, Գյումուշլուղ, Գյումուշխանե, Պրիվոլնոյե, Մոշևանի), սնդիկի հիդրոթերմալ (Քյասաման, Խոսրով, Բերդ, Քաշաթաղ, Հասանկալա) հանքավայրեր: Վերը նշված օֆիոլիտային գոտիների հետ կապված են քրոմիտի, ասբեստի, մագնեզիտի մի շարք փոքր հանքավայրեր և ֆորստերիտային հրակայուն հումքի ու յաշմաների հանքավայրեր, որոնցից առավել արժեքավոր է Սևանի ավազանի ֆորստերիտային հրահումքի ու յաշմաների հանքավայրը:
Հայկական լեռնաշխարհի արևմուտքում գտնվող մետաղական հանքավայրերից իրենց պաշարներով ու արդյունաբերական արժեքով առաջնակարգ տեղ են գրավում Արղանան (էրգանի մադեն պղնձի հանքավայրերը Տավրոսի օֆիոլիտային ֆորմացիայի մեջ) և Մուրղուլ քրոմիտների հանքավայրերը: Պատմական տվյալներով անագի (կասիտերիտի) հանքանյութ արդյունահանվել է Վանա լճից արևելք ընկած շրջանում, իսկ մկնդեղի հանքանյութ՝ Հասանկալայում:
Ոչ մետաղային օգտակար հանածոներից Հայկական լեռնաշխարհում կարևոր նշանակություն ունեն քարաղը (Երևանի, Նախիջևանի ու Կողբի ավազանները), բենթոնիտները (Իջևանի և Նոյեմբերյանի հանքավայրերը), դիատոմիտները (Միջին Արաքսի ավազան), տուֆերն ու տուֆա- լավաները, բազալտային, անդեզիտային ու դացիտային լավաները (Եփրատի, Տիգրիսի, Կուրի ու Արաքսի հովիտներում), մարմարները (Ուրմիայի շրջան, Աղստևի, Միջին Արաքսի վտակների. Ողջի և Որոտան գետերի միջին հո սանքներում):
Քարածխի տեղական նշանակություն ունեցող պաշարներ հայտնի են Օլթի, Ադստև, Դեբեդ ) և Վեդի գետերի ավազաններում, Ուրմիայի ու Վանի ջրբաժանում: Հայտնի են նավթի և գազի բազմաթիվ մանր երևակումներ՝ հիմնականում Արաքսի, Եփրատի, Տիգրիսի ու Վանա լճի ավազաններում:
Լեռնաշխարհում հայտնի են հանքային ջրերի հազարից ավելի ելքեր (Ջերմուկ, Դիլիջան, Սևան, Արզնի, Բջնի, Իջևան, Արարատ, Մարալիկ, Արագած, Հանքավան): Այդ ջրերի որոշ տեսակներ հարուստ են բորով, լիթիումով, յոդով և օգտագործվում են բորատների ստացման համար:
Հայկական լեռնաշխարհի միջլեռնային իջվածքներում պահպանված լճային ու գետային նստվածքները սովորա բար հանդիսանում են քաղցրահամ ջրերի արտեզյան շտեմարաններ (Շիրակի, Նալբանդի, Սիսիանի, Միջին և Վերին Արաքսի, Արևելյան Սևանի, Տիգրիսի, Եփրատի ու Կուրի վերին հոսանքների մի շարք օվալաձև իջվածքների լճային շերտախմբերը): Ջրամատակարարման կարևոր աղբյուրներ են հանդիսանում լավային հոսքերի ու ծածկոցների ընդերքում գտնվող ինֆիլտրացիոն ծագման սուբարտեգյան բնույթի բարձրորակ ջրերը, ինչպես և գետերի արտաբերման կոների, ենթահունային ալյուվիի և ապա լեռնազանգվածների խախտումների հետ կապված քաղցրահամ ջրերը: