Ամբերդը կառուցվել է X դարի պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 1 կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանի վրա։ Ծովի մակարդակից բարձրությունը 2300 մ է։
Ամբերդի դիրքը չափազանց անառիկ է` խոր ձորերով շրջապատված լինելու պատճառով, և տեղ տեղ շուրջը երևում են պարսպի հետքեր, բացի հյուսիսային կողմից, որը ամբողջովին պարսպապատ է:
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Ըստ Ն. Մ. Տոկարսկու, դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դ., Կամսարականների օրոք։ X դ. պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։
XI դ. 70-ական թթ. սելջուկները գրավեցին այն և դարձրեցին զորակայան։ 1196-ին Զաքարե ամիրսպասալարը հայ–վրացական միացյալ զորաբանակով Ամբերդը ազատագրեց սելջուկներից։ Ամրոցը որպես սեփականություն անցավ նրան։
XIII դ. սկզբին Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։
1236-ին մոնղոլները գրավեցին և գրեթե հիմնովին ավերեցին Ամբերդը:
XIII դ. վերջին Վաչուտյանները վերակառուցեցին ամրոցը։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք–թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք, XIV դ. վերջերին։
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին ՝ 1026-ին։ Դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։
Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ–թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով, տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։
Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։
Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ–թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով, տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։
Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։Արևելյան ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հարավային ճակատից: Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ (ներսում, հյուսիսային պատի վրա): Պահպանվել են Ամբերդ դղյակի և բերդապարիսպների ավերակները, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։
Բերդն ունեցել է անկանոն եռանկյունու ձև։ Խոցելի հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ . ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։
XIII դ. վերջին Վսւչուտյանները դղյակի հյուսիս–արևմտյան մասում ավելացրել են մի նոր մուտք և թշնամու առաջխաղացումը արգելակելու նպատակով Արխաշանի դարպասից հյուսիս կառուցել են պարիսպ, որը կտրում անցնում է բերդն ամբողջ լայնությամբ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ Ամբերդ դղյակը տեղադրվել է համանուն բերդաքաղաքի հյուսիս–արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 մ² մակերես։ XII – XIII դդ. հյուսիսային կողմը լրացուցիչ ամրացվել է կիսաբոլոր բուրգերով հագեցված հզոր պարսպով։
Բերդամեջ նայող դղյակի հարավային ճակատի վրա պահպանվել են վերին հարկերի լուսամուտների բացվածքները։ Ապահովության համար ստորին հարկը լուսամուտներ չի ունեցել, այլ փոքրիկ մի մուտք, որը փակվել է սողնակավոր քարե դռնով։
Ամբորդ դղյակի հարկերը միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Յուրաքանչյուր հարկ ունեցել է հատակագծում սեղանաձև սենյակ:Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X–XI դդ.), որը թաղածածկ քարե շենք է՝ փոքրիկ հանդերձարանով, համեմատաբար ընդարձակ լողասրահով, արևմտյան ծայրի կրկնահարկ բաժանմունքներով, որոնցում տեղակայված են եղել ջուր տաքացնելու կաթսան ու ջրամբարը։ Ջուրը բաղնիք է բերվել կավե փողրակներով, իսկ տաք ջուրը լողասրահ՝ երկաթե խողովակներով։ Հնոցի ծուխն անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով՝ տաքացնելով լողասրահի հատակն ու պատերը։ Ջուրը բերվել է Ամբերդ կավե խողովակներով, 4–5 կմ հեռավորությունից։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ։ Բերդաքաղաքի հարավ–արևմտյան կողմից բացվել է սալածածկ գաղտնուղի (գետնուղի)՝ պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար։
Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։
Ամբերդը պեղվել է 1936-ին, ՀՍՍՀ պատմության և գրականության ինստիտուտի ու Լենինգրադի պետ. Էրմիտաժի միացյալ ուժերով, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ 1963-ից Ամբերդում աշխատանքներ են կատարել ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ ևն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։Հյուսիս-արևմտյան ծայրին պարիսպների շարքի վրա կա մի բրգաշար բերդանման ամրոց, որը նաև ցեղապետական դղյակ է, ներքին սենյակների և այլ նպատակների հատուկ բաժանումներով: Դղյակի արևմտյան ծայրը անդնդախոր ձորի վրա է, իսկ արևելյան ծայրից շարունակվում է հաստատուն մեծ պարիսպը մինչև այնտեղ, ուր Բյուրականի կողմի ձորն անմատչելի է դարձնում մուտքը: Մյուս կողմից պարիսպի վրա է ամրոցի դուռը և ներս մտնելուց հետո, երկու ճյուղի է բաժանվում, մեկը տանում է դեպի դղյակ, իսկ մյուսը դեպի բերդամեջ կամ քաղաքամեջ:
Հին ժամանակ Ամբերդը ընտրել են որպես բերդատեղ` տեղի բնական ամրության պատճառով, որովհետև երկու գետերի խառնման տեղում երևում են պարսպամասեր, որոնք անկասկած նախապատմական շրջանի գործեր են:
Նախաքրիստոնեական շրջանի պարսպամասերը ապացույց են, որ հնում ամբողջ թերակղզին շրջապատված էր պարիսպով, սակայն հյուսիսային կողմի ամրոց-դղյակն իր ներքին սենյակներով և բաժանումներով նման էր Տիգնիսի դղյակին, որը համարվում էր Բագրատունիների սեփականությունը:
Դղյակի և պարիսպի շինարարական ոճը հիշեցնում է Բագրատունի արվեստագործությունը, և ինչպես պատմական հիշատակություններն են հավաստում և այլ հավանական ապացույցներ, այն ևս մի ժամանակ եղել է Բագրատունիների թագավորության սեփականությունը: Պատմական տեղեկություն կա, որ Գագիկ առաջին Բագրատունի թագավորը կտակել է այս ամրոցն իր հաջորդ Հովհաննես Սմբատին: Իսկ հետո, Բագրատունի արքունիին հարազատ Վահրամ Պահլավունիին: Հենց նա էլ կառուցել է Ամբերդ դղյակի փառավոր եկեղեցին:
Ամբերդից դեպի հարավ-արևմուտք, փորված է մի անցք, որը հասնում է մինչև ձորի ջրի սահմանը, պաշարման ժամանակ գետից ջուր հանելու համար: Հին ժամանակ, ամրոցների մեջ պահանջ էր այս ջրի գաղտնի ճանապարհը. Նույնը միչև այժմ կա Անիում և Բագարանում:
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ
1. Դղյակը
2. Ջրամբար
3. Դղյակի մուտքը
4. Բերդամիջի ջրամբարը
5. Մատուռը
6. Բաղնիք
7. Եկեղեցին
8. Հյուսիսային մուտքը
9. Հյուսիս–արևմտյան մուտքը
0. Պատերի և այլ շինությունների մնացորդներ ամրոցի ներսում
Հեռավորությունը (կմ)`
Երևանից՝ 55 կմ
Մարզկենտրոնից (Աշտարակ)՝ 36 կմ
Բնակավայրից (Բյուրական)՝ 5 կմ
Անմիջական տրանպորտ Երևանից չկա
Մոտակա ուղի՝ Երևան – Թալին
Սպասարկում՝ չկա
Պատրաստեց Էլադա Պետրոսյանը