Հունիսի 8-ին Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Փոքր դահլիճում կայացավ «Երաժշտական խճանկար» խորագրով դասական երաժշտության համերգ` հայաստանցի տաղանդաշատ երաժիշտների մասնակցությամբ՝ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության «OST» նախագծի շրջանակներում:
Նախագիծը ծնունդ է առել այս տարվա գարնանից, որի մեկնարկը տրվել էր դեռ ապրիլին՝ Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում: Այս անգամ օրվա հերոսները ոչ միայն բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր երաժիշտներն ու կատարողներն էին, այլև Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի շնորհալի սաները:
Համերգային ծրագիրն իր կառուցվածքով և հարուստ բովանդակությամբ քաղաքակրթությունների երկխոսության դրսևորում էր: Հնչում էին հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Ռոմանոս Մելիքյան, Գեղունի Չթչյան, Նիկոլայ –Ռիմսկի Կորսակով, Կլոդ Դեբյուսի, Ձյորձ Լիգետի…Իսկ երաժշտության այս մարգարիտներն իրենց գեղեցիկ կատարումներով մատուցում էին Լիլիթ Մարտիրոսյանը (դաշնամուր), Անի Բոստանչյան (դաշնամուր), Արև Մելքոնյան (ջութակ), Ռոբերտ Խաչատրյան (քսիլոֆոն), Սոֆի Ստեփանյան (թավջութակ), Մարիամ Բաբայան (սոպրանո), Մարիամ Մկրտչյան (սոպրանո), Դավիթ Բախշիյան (դաշնամուր):
Ռիխարդ Շտրաուս. Ձոն Ռիսմկի-Կորսակով. Մեղվի թռիչքը
«Երաժշտական խճանկար» նախագիծը նոր էջ է բացում մեր մշակութային կյանքում: «OST» նախագծի նպատակն է աշխուժացնել ու հանրայնացնել հայկական ու Արևելքի երկրների մշակույթը, կազմակերպել զանազան միջոցառումներ՝ ընդգրկելով շահագրգիռ անձանց ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ արտերկրից: Նախագծի հեղինակները համոզված են, որ ծրագրի զարգացումը տարիների ընթացքում ևս մի ճանապարհ է բացելու Հայաստանի համար՝ մշակութային նոր կապեր ստեղծելու և մեր երկիրը միջազգային հարթակներում ներկայացնելու համար:
Բաբաջանյան. Կապրիչիո Մելիքյան. Շափաղ կուտաս
«Երաժշտական խճանկար» համերգաշարը կոչված է հանրայնացնել համաշխարհային դասականների երաժշտական ժառանգությունը և ամրապնդել սերը դրա նկատմամաբ: Ըստ այդմ ՝ համերգաշարի ծրագիրը մշտապես հագեցած է լինելու հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով , որոնք կատարելու են «OST» նախագծի շրջանակներում միավորված երիտասարդ երաժիշտները,- ասում է «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսիսյանը:
Գ. Չիթչյան, Աղավնիներ Կամիտաս. Ծիրանի ծառ
Համերգի ավարտից հետո կազմակերպիչներն ու երաժիշտ- կատարողները քննարկեցին հետագա ծրագրերը: Խոսվեց այն մասին, որ «Երաժշտական խճանկար» համերգաշարի միջոցով հարկավոր է մշակութային արժեքները հասցնել նաև մարզեր, որտեղ տաղանդավոր երեխաների և երիտասարդների պակաս չկա, ինչպես նաև կազմակերպել երաժշտական միջոցառումներ Հայաստանի պատմական հուշարձանների տարածքում, թանգարաններում ՝ այդպես նպաստելով նաև մեր մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Իսկ քննարկումը ևս տեղի էր ունենում երաժշտական գեղեցիկ մթնոլորտում:
Հասմիկ Պողոսյան