Հարգելի ընկերներ, բարեկամներ, հարազատներ
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը արդեն 10 տարեկան է
Հանրային կառույցն անցել է զարգացման բարդ ճանապարհ՝ դիմագրավվելով մի շարք մարտահրավերների: Չնայած այդ ամենին, կառույցը հաջողել է այդ գործում, շնորհիվ իր ամենակարևոր ձեռքբերման՝ իր թիմի: Նրանցից յուրաքանչյուրը, լինելով վառ անհատականություն՝ իր ներդրումն ունեցավ կազմակերպության զարգացման գործում:
Ոմանք զբաղեցրին կարևոր պետական պաշտոններ, մյուսները՝ զբաղեցնում են նաև այսօր: Չնայած հասարակական ծավալուն աշխատանքներին, այնուամենայնիվ թիմից շատերը արտաաշխատանքային հաջողություններ ևս արձանագրեցին` անձնական գործերում: Մենք կիսում ենք մեր թիմակիցների ուրախությունը և հպարտանում ենք նրանց հաջողություններով, քանի որ միայն առողջ մթնոլորտում է զարգացումը հնարավոր դառնում:
Կազմակերպությունը Հայաստանում եզակիներից է, որ չծախվեց քաղաքական նոմենկլատուրային, չընկավ ֆինանսավորման տարաբնույթ աղբյուրների հետևից, և, չնայած դժվարությունների, դրանով պահպանեց իր մշակութային, միջազգային և հոգևոր էությունը:
Թեև այսօր կառույցի անդամների թիվը խիստ պակասել է, այն շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը և բոլոր ուժերը կենտրոնացնում է նոր ծրագրերի կյանքի կոչմանը:
Լիահույս ենք, որ կազմակերպության առջև բացվում է նոր ու հետաքրքիր ապագա, որը մտադիր ենք անցնել մեր ընկերնրի, բարեկամների, գործընկերների հետ:
Շնորհակալ եմ կազմակերպության բոլոր անդամներին, համախոհներին, կամավորներին, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին, մեր կողքին և օգնում էին մեզ մեր կայացման և զարգացման ճանապարհին:
Շնորհավոր մեր կազմակերպության 10-ամյակը:
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն»
Հասարակական կազմակերպության նախագահ
Բագրատ Մովսեսյան
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» Հասարակական կազմակերպություն
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009թ.-ի օգոստոսին մի խումբ կամավորների կողմից, իրավաբանական գրանցում ստացել նույն թվականի սեպտեմբերի 1-ին:
Կազմակերպության առաքելությունը միտված է պահպանել, զարգացնել և հանրայնացնել հայկական մշակույթը, խորացնել արդյունավետ մշակութային համագործակցությունը` Արևելքի երկրների և Հայաստանի միջև: Իր գործունեությամբ` այն ծանոթացնում է Հայաստանի հանրությանը արևելյան երկրների մշակույթի հետ, ներկայացնում հայկական մշակույթը` Արևելքում:
Կազմակերպությունը հասանելի է այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք պատրաստ են աջակցել հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը, արևելյան երկրների հետ Հայաստանի հոգևոր կապերի կայացմանը:
Հասարակական կազմակերպության ղեկավարման բարձրագույն մարմինն է Համաժողովը: Կազմակերպության բարձրագույն մարմնի ժողովների միջև ընկած ժամանակահատվածում նրա ոչ բացառիկ իրավասություններն իրականացնում է Համաժողովի կողմից ընտրվող Խորհուրդը: Կազմակերպության գործադիր կառավարումն իրականացնում է Նախագահը: Իր գործունեությունը Կազմակերպությունն իրականացնում է ՀՀ օրենսդրության և իր Կանոնադրության համաձայն: