Տաշիրը (1834-1935-ին’ Վորոնցովկա, 1935-91-ին’ Կալինինո, քաղաք.’ 1983-ից) գտնվում է Տաշիր գետի ափին’ Լոռվա սարահարթում, ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա, ռելեֆը սարահարթային է, խոնավ, տարեկան միջին տեղումների քանակը 800մմ է, ձմեռը ցրտաշունչ է:
Տարածքը 5,84 քառ. կմ է: Հեռավորությունը մարզկենտրոնից 52 կմ է, հեռավորությունը մայրաքաղաքից 156 կմ: Բնակչության թիվը՝ 7,1 հազար մարդ (2019):
Հիմնադրվել է 1834 թ. Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և Կովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա։ 1935 թ այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով։ Մինչև 1988-1989 թթ. քաղաքում բնակվել են նաև ադրբեջանցիներ, որոնք Ղարաբաղյան հակամարտության տարիներին տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն։
Տնտեսության մեջ գերակշռում է կաթի վերամշակման ճյուղը, որի արտադրած կաթնամթերքը (պանիր, կարագ) համային և որակական հատկություններով մեծ համարում ունի ՀՀ-ում:
Քաղաքը տեղակայված է Երևան – Թբիլիսի ավտոճանապարհի վրա:
Գործում են 3 հանրակրթական, երաժշտական և գեղարվեստի, 2 մարզական դպրոցներ: Քաղաքում են Հայ Կաթողիկե Սբ. Աստվածածնի Վերափոխման Եկեղեցին (հիմնադրվել է 1994 թ-ին` նախկին կինոյի շենքում) և Հայ Առաքելական Սուրբ Սարգիս Եկեղեցին (կառուցվել է 2000 թ.)