Վեդի քաղաքը (քաղաք՝ 1995-ից) գտնվում է Վեդի գետի աջ ափին, Երևանից 48 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բեյուկ Վեդի, Բեյուք Վեդի, Բոյուք Վեդի, Վեդի Մեծ, Վեդի Վերին, Վետե, Վետի անվանումները: Առաջին անգամ Վեդին հիշատակվում է 13-րդ դարում Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» աշխատության մեջ: Վեդի է վերանվանվել 1946 թ-ին: Ըստ վարկածի՝ անվանումը առաջացել է պարսկերենից և նշանակում է «կիրճ»։ Հանրապետության քաղաքների մեջ 27-րդ է:
Տարածքը 3,5 ք.կմ է: 2016թ. տարեսկզբին բնակչության թիվը կազմել է 11.6 հազար մարդ: Բնակչության նախնիների մի մասը 1915-1920թթ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանի, Շատախի, Մուշի գավառներից, իսկ նոր ժամանակներում` Մարտունու, Սիսիանի և Եղեգնաձորի շրջաններից:
Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որում կարևոր տեղ է զբաղեցնում բնական քարերից երեսպատման նյութերի, էլեկտրական հսկիչ սարքերի ու սարքավորումների, պլաստմասսաներից պատրաստվող շինարարական իրերի արտադրությունը: Հատկապես նկատելի է տրավերտինի քարերի մշակման արտադրամասը իր սալիկների արտադրությամբ: Նրա արտադրանքն իրացվում է ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս:
Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի հիմնական ուղղությունը դաշտավարությունն է:
Գործում են 3 հանրակրթական, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ: