Վարդենիսը (հնում’ Գեղամաբակ, IX դ-ից’ Վասակաշեն, XVI-XVII դդ-ում’ Ոսկեշեն, XIX դ-ի սկզբից մինչև 1969-ը’ Բասարգեչար, քաղաք’ 1995-ից) գտնվում է մարզի հարավարևելյան մասում, Մասրիկ գետի հովտում, համանուն արտեզյան ավազանի տարածքում, Երևանից՝ 170 կմ, մարզկենտրոնից 75 կմ հեռավորության վրա:
Համայնքի վարչական տարածքը կազմում է 3761.2 հա, բնակչության թիվը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 12600 մարդ: Ըստ բնակչության քանակության հանդիսանում է հանրապետության 24-րդ քաղաքը, այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության շուրջ՝ 18,2%-ը:
Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել մեծ տեսակարար կշիռ ունի սննդի արդյունաբերությունը: Տնտեսության առաջատար ճյուղը ոսկու հանքանյութի արդյունահանությունն է:
Գործում են 4 հանրակրթական, գեղարվեստի, 2-ական մարզական և երաժշտական դպրոցներ, քոլեջ, վարժարան ևն:
Վարդենիսում է բանասեր Համազասպ Համբարձումյանի (1879-1965) տուն-թանգարանը:
Շրջակայքում կան մ. թ. ա. III-I հազարամյակների դամբարաններ, XV-XVIII դդ-ի խաչքարեր: XIX դ-ում կառուցվել է Սբ. Աստվածածին Եկեղեցին: