Վաղարշապատ (Էջմիածին) (1945-95-ին’ Էջմիածին, քաղաք 1965-ից) գտնվում է մարզկենտրոնից 25կմ հյուսիս-արևելք, Երևանից 20կմ հեռավորության վրա:
Տարածքը 4328.83հա է, մեծությամբ մարզի առաջին և հանրապետության 4-րդ քաղաքն է:
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850-880մ: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմել է 46.7 հազար. մարդ, որը մարզի բնակչության 17.5%-ն է և հանրապետության քաղաքային բնակչության 2.4%-ը:
Քաղաքը նախկինում ունեցել է հզոր արդյունաբերական ենթակառուցվածքներ, որոնք ներկայումս չկան:
Բնակավայրը հիմնադրվել է մ. թ. ա. VI դ-ում, Հայոց Երվանդ Ա Սակավակյաց թագավորի փեսա Վարդգես-Մանուկի կողմից։ Այն կառուցվել է Շրեշ բլրի և Արտեմիդ քաղաքի մոտ։ Հայոց Վաղարշ Ա Արշակունի թագավորը (116-144) վերակառուցել, պարսպապա տել և իր անունով վերանվանել է Վաղարշապատ ու դարձրել երկրորդ գահանիստը: IV դ-ի սկզբից եղել է (ընդհատումներով) Ամենայն հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Կոչվել է նաև Նոր քաղաք (Կայնեպոլիս), Քաղաքամայր ևն:
301- 302-ին այստեղ հիմնադրվել է Կաթողիկե եկեղեցին’ Հայաստանի առաջին քրիստոնեական Մայր տաճարը, V դ-ի սկզբին’ դպրոց, 1771-ին’ տպարան (առաջինը’ Արլ. Հայաստանում): 1441-ի մայիսից Հայոց կաթողիկոսությունը վերահաստատվել է Վաղարշապատում, որտեղ գործում է ցայսօր: Վաղարշապատը’ Մայր աթոռ Սբ էջմիածնով, համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է:
Գործում են 14 հանրակրթական, 2 երաժշտական, գեղարվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական, պետական նախադպրոցական կենտրոններ, քոլեջ, «Գրիգոր Լուսավորիչ» ոչ պետական համալսարանը, Շառլ Ազնավուրի անվան դրամատիկական թատրոնը, Մայր աթոռ Սբ էջմիածնում’ Գևորգյան հոգևոր ճեմարանը (հանրապետության միակ հոգևոր բուհն է, հիմն.’ 1884, բուհի կարգավիճակով գործում է 1996-ից), ՀԱՊ-ի մասնաճյուղը, Խորեն Տեր-Հարությանի անվան պատկերասրահը, Մայր տաճարին առընթեր եկեղեցապատմական Ալեք և Մարի Մանուկյան Գանձատունը (2007-ին թանգարանի բակում են ամփոփվել նրանց աճյունները), Արշիլ Գորկու, Մանուկ Աբեղյանի թանգարանները, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը (1948-ից), ակումբ, հիվանդանոց ևն: Քաղաքում կանգնեցված են Կոմիտասի արձանը (1969, քանդ.’ Երվանդ Քոչար), Մակար Եկմալյանի կիսանդրին (2008, քանդ.’ Լևոն Թոքմաջյան), խաչքարեր, տեղադրված են մի շարք վանքերի ու եկեղեցիների մանրակերտներ: