Սևանը (մինչև 1935-ը’ Ելենովկա. 1842-ին հիմնադրել են Ռուսաստանից աքսորված մոլականները, քաղաք’ 1967-ից) տեղակայված է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, Երևանից 66 կմ հյուսիս-արևելք: Տարածվում է Լճաշեն գյուղից մինչև Սևանի թերակղզին, ընդգրկում է նախկին Գոմաձոր և Ցամաքաբերդ գյուղերը: Տարածքը 7,5 ք.կմ է: Քաղաքի բնակչության թիվը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է՝ 19200 մարդ, ըստ բնակչության քանակության հանդիսանում է հանրապետության 16-րդ քաղաքը, այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության՝ շուրջ 27,7%-ը։
Երևան-Դիլիջան, Երևան-Գավառ ավտոմայրուղիների հանգույց է, երկաթուղով կապված է Երևանի և Սոթքի հետ:
Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջության, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է։ Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով։
Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունները եղել է մշակող արդյունաբերությունը, որի մեջ առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել շինանյութերի, քիմիական, սննդի և մեքենաշինության արդյունաբերության արտադրությունները: Տարածքում է Սևանի ստորգետնյա ջրէկը:
Գործում են 10 հանրակրթական, երաժշտական և արվեստի, գեղարվեստի, 2 մարզական դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, քոլեջ, բժշկականուսումնարան, «Սևան» ազգագրական, «Սևան» ազգագրական պարկի թանգարանները ևն:
Սևանի թերակղզում է Սևանի վանքը: Լճաշենի մերձակայքում է նախաուրարտական շրջանի հուշարձան-համալիրը