Վարսահարդարման արվեստն ունի հազարամյակների պատմություն և հարուստ ավանդույթներ: Հայ վարսահարդարներն իրենց շնորհներով ու ստեղծագործական հարուստ երևակայությամբ գնահատված են եղել ամենուր: Այսօր էլ քիչ չեն այն հայ վարսահարդարները, որոնց մշտական այցելուները աշխարհահռչակ արտիստերն են. նրանց են վստահվում բեմական կերպարների ստեղծման բարդ ու պատասխանատու գործը:…Երիտասարդ վարսահարդար Նարեկ Սիմոնյանը կարճ ժամանակահատվածում ճանաչում է ձեռք բերել մերօրյա ճանաչված հայ երգիչների ու դերասանների շրջանում ու դարձել շատերի բեմական կերպարը ստեղծող լավագույն մասնագետներից մեկը: Հասցրել է հանդես գալ բարեգործական մի շարք նախաձեռնություններով: Ostarmenia.com կայքին տված հարցազրույցում նա պատմել իր անցած ճանապարհի և սպասվելիք բազում ծրագրերի մասին:
-Նարե՛կ, երբավնի՞ց եք զբաղվում վարսահարդարությամբ: Եվ հատկապես ի՞նչը Ձեզ գրավեց այս բնագավառում:
-Ընկերս զբաղվում էր վարսահարդարությամբ: Նա ինձ խորհուրդ տվեց զբաղվել այս գործով: Մի քանի փորձերի հաճախելուց հետո հասկացա, որ սա իմ աշխարհն է: Նորաձևության փոփոխություններն անմիջապես գրավեցին ինձ: Ես ցանկացա այս ասպարեզում իմ ներդրումն ունենալ: Եվ արդեն մեկ տարի է զբաղվում եմ վարսահարդարման արվեստով:
– Արտասահմանյան կինոընկերություններում և թատրոններում քիչ չեն հայազգի վարսահարդարներ, դիմահարդարներ, որոնք մեծ հեղինակություն են վայելում: Երբևէ մտածե՞լ եք շարունակել ու զարգացնել Ձեր գործունեությունն այս ուղղությամբ և հայտնվել այդ հռչակավոր անունների շարքում:
–Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա ձգտում՝ ներդրում բերել նախընտրած բնագավառում և ստեղծել իր ինքնատիպ ձեռագիրը:Այդպես է նաև մեր բնագավառում: Ես նույնպես մշտապես ձգտում եմ լինել այն մասնագետներից մեկը, որն ապագայում կունենա իր ճանաչելի ու յուրօրինակ ձեռագիրը և կհամալրի այդ հայտնի անունների շարքը:
-Մեկ տարին շատ կարճ ժամանակահատված է գտել սեփական տեղն այս խիստ մրցակցությամբ աչքի ընկնող բնագավառում: Բայց Դուք արդեն հասցրել եք աշխատել նաև հայտնի երգիչների ու դերասանների հետ: Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գաղտնիքը:
-Ես աշխատում եմ ազատ ոճով: Ինձ և իմ հաճախորդներին դա է գրավում: Ունեմ բազմաթիվ հրավերներ բազմաթիվ ճանաչված երգիչների ու դերասանների կողմից: Կատարում եմ ոճային փոփոխություններ: Իմ աշխատանքներից մեկն էլ ինձ ճանաչողները տեսան երեկ՝ «Ջոսս» ակումբում տեղի ունեցած համերգի ժամանակ, որի ոճային ձևավորումը ես էի կատարել. հայտնի ռեփ կատարող Տյոմա Յուժնիի գլխավորությամբ հանդես եկան երգիչ- դերասան Համո Ադիյանը և հաղորդավարուհի Յանա Գրիգորյանը:
– Հնում վարսահարդարման գործը եղել է նաև մարդկանց հետ շփումների, զանազան թեմաներ քննարկելու, միմյանց հետ զրուցելու միջոց: Այսօր էլ վարսահարդարն իր աշխատանքի ընթացքում ձեռք է բերում նոր ծանոթներ ու բարեկամներ: Ի՞նչ աշխարհայացք է ձևավորում Ձեր աշխատանքը մարդկանց բացահայտելու և ճանաչելու տեսանկյունից:
– Բոլոր մասնագիտությունների պես վարսահարդարությունը ևս կապված է մարդկային շփումների հետ: Հետևաբար վարսահարդարը պետք է տիրապետի նաև հոգեբանության գաղտիքներին, որպեսզի լիարժեք հասկանա մարդկանց ներաշխարհը, կարողանա գեղեցիկ ու ոճային սանրվածքի միջոցով ընդգծել նրանց անհատականությունը, բնավորության գծերը: Սա ինձ համար ամենակարևոր սկզբունքներից է:
-Ձեր այցելուները, լինելով բազմաթիվ բնագավառների մասնագետներ, ունեն տարբեր նախասիրություններ: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում բացահայտել նրանց կերպարը:
– Մինչև վարսահարդար դառնալը ես աշխատել եմ տարբեր բնագավառներում: Եղել եմ սպա Հայոց բանակում, որը պահանջում է հոգեբանական ուժեղ ու բարձր հատկանիշներ՝ դժվարին պահերին զինվորներին օգնել կարողանալու համար: Աշխատել եմ նաև որպես բարմեն, ապա՝ հյուրանոցի մենեջեր… այս բոլոր բնագավառներում էլ սերտ առնչություններ եմ ունեցել մարդկանց հետ: Եվ ժամանակի ընթացքում ինձ մոտ ձևավորվել է մարդկային ներաշխարհը ճիշտ հասկանալու հատկություն: Այս տեսանկյունից չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ վարսահարդարությունը որոշ չափով նաև մարդագիտություն է: Լինում են դեպքեր, երբ հաճախորդները զարմանում են, թե որտեղի՞ց այդքան տեղեկություններ ունեմ իրենց մասին:Եվ երբ ես զգում եմ, որ կարող եմ իմ խորհուրդներով մարդկանց օգտակար լինել, միշտ պատրաստակամ եմ կատարելու իմ գործը:
– Իսկ ում խորհուրդն է եղել ամենակարևորը Ձեզ համար, որ երբևէ ստացել եք:
-Երբ դեռ փոքր էի, հայրս ինձ միշտ ասում էր. «Պետք է շատ գրքեր կարդաս՝ բազմապիսի ու բազմաթիվ բնագավառներին վերաբերող գրքեր, որպեսզի ունենաս լայն աշխարհայացք, որտեղ էլ աշխատելիս լինես»:Ես հետևել եմ նրա պատգամին: Եվ այս խոսքերն ինձ միշտ ուղեկցել են կյանքի տարբեր իրավիճակներում: Հիմա էլ օգնում են ներկայիս մասնագիտությանս՝ վարսահարդարման գործում:
– Ձեր այցելուների շարքերում կան բազմաթիվ երեխաներ: Դյուրի՞ն է նրանց հետ աշխատելը:
–Երեխաների հետ աշխատելը և՛ դյուրին է, և՛ դժվար: Պարզապես պետք է կարողանաս ստեղծել վստահության մթնոլորտ. մեր փոքրիկ բարեկամները պետք է զգան, որ դու կարողանում ես իրենց ճիշտ հասկանալ և քեզ հետ ապահով է: Երեխաների հետ ճիշտ աշխատելու առաջին նախապայմանը սա է: Ես ինքս իմ հաճախորդներից՝ լինեն նրանք մեծահասակ, թե երեխա, միշտ մի նոր բան եմ սովորում:
– Դուք Ձեր աշխատանքի ընթացքում արդեն ստեղծել եք ոճ ու ձեռագիր: Ձեր հմտություններից մեկն էլ դրսևորվեց ամռանը տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ՝ վարսահարդարում կրակով: Կխոսե՞ք այս մասին:
-Այո… սանրվածքստանալն իմ նախաձեռնությունն էր: Կրակի շնորհիվ մազերի որակն ավելի է բարձրանում, դառնում է էլաստիկ ու փայլուն:
Ես ամռանը որոշեցի Հյուսիսային պողոտայում անցկացնել նորաձևության ակցիա, ու տեսնել երիտասարդության արձագանքն այդ նորամուծության հետ կապված:Եվ արձագանքը շատ դրական էր: Ինձ համար անսպասելի էր, որ ակցիային ակտիվորեն մասնակցեցին նաև օտարազգի երիտասարդներ: Զարմացած էին, թե կրակն ինչպե՞ս կարող է մազերին նոր որկակական տեսք հաղորդել: Նշեմ, որ այդ ակցիան բարեգործական էր:
–Նարե՛կ, ես գիտեմ, որ Դուք՝ ի թիվս մեր բազմահազար հայորդիների, մասնակցել եք Ապրիլյան պատերազմին…Ի՞նչը Ձեզ տարավ ռազմաճակատ:
-Կարող եմ մեկ բառով ասել՝ Հայրենիքը …եթե ապրում ենք Հայաստանում, ուրեմն բոլորս պետք է լծվենք մեր երկրի սահմանների պաշտպանությանը: Միշտ համախմբված՝ պետք է կարողանանք պատվով դուրս գալ նման ծանր իրավիճակներից: Եվ կարող եմ ասել, որ ամեն մի հայորդի ընդունակ է շատ ավելիին, քան ինքը կարող է պատկերացնել: Ապրիլյան պատերազմը վկայությունն էր այն փաստի, որ մենք՝ հայերս, իսկապես հերոսական ազգ եք:
-Ի՞նչ հետք է թողել Ապրիլյան պատերազմը Ձեր կյանքում: Ու՞մ եք համարում Ձեր հերոսը:
– Ապրիլյան պատերազմի բոլոր մասնակցներն էլ իմ հերոսներն են՝ թե՛ զինվորը և թե՛ կամավորը: Բոլորն էլ հերոսներ ու փայլուն անհատականություններ են: Ապրիլյան պատերազմն ինձ սովորեցրեց կյանքը ճիշտ հասկանալ և ապրել ճիշտ:
– Դուք զբաղվում եք նաև բարեգործությամբ: Եվ ինձ հայտնի տեղեկություններով՝ ցանկանում եք աջակցել նաև բազմազավակ ընտանիքներին:Ե՞րբ է Ձեր մեջ հասունացել այս գաղափարը: Կխոսե՞ք Ձեր այս նվիրական ծրագրի մասին:
–Իմ աշխատանքային գործունեության տարիների ընթացքում ուժերիս ներածին չափով իրականացրել եմ բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Հիմա էլ շարունակում եմ նման նախաձեռնությունները: Այդ շարքում կարող եմ նշել նորաձևության շոուն, որն իրագործել եմ իմ միջոցներով: Ունեմ բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու ծրագիր. մեր հարևանների շրջանում եղել են և կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն սոցիալական ապահովության լուրջ խնդիր… Ի սկզբանե որոշել եմ՝ միշտ լինել նման մարդկանց կողքին: Արդեն հասցրել եմ աջակցել երկու ընտանիքների՝ հոգալով դպրոցական պայուսակների, գրքերի և գրենական պիտույքների ծախսերը: Միջոցների սղության պատճառով այս ծրագիրը որոշ ժամանակով ընդհատվել է, բայց լինելու է շարունակական: Կուզենայի լինեին հովանավորներ, որպեսզի կարողանայի այս ծրագիրը լիարժեք ավարտին հասցնել:
-Հայ ժողովուրդը պատմության ընթացքում ունեցել է մեծ բարերարներ, որոնց անունները ոսկե տառերով են գրվել ոչ միայն մեր, այլև այդ երկրների պատմության էջերում: Ու՞մ եք նրանցից Ձեզ համար առանձնացնում:
–Շառլ Ազնավուր և Քըրք Քըրքորյան…Նրանք մարդկային լեգենդներ են: Կուզենայի, որ բոլորը նրանց նման լինեին:
-Անցյալում վարպետ վարսահարդարներն իրենց աշխատանքային գործիքները փոխանցում էին այն աշակերտին, ում համարում էին արժանի իրենց գործը շարունակելու: Ինչպիսի՞ն պետք է լինի այն սանը , որի հետ հետագայոմ կուզենաք աշխատել: Կցանկանա՞ք աշակերտներ ունենալ և Ձեր փորձը սիրով նրանց փոխանցել:
-Յուրաքանչյուր աշակերտ, ինչ բնագավառում էլ ուսանելիս լինի, պետք է ձգտի գերազանցել իր վարպետին՝ իր հմտություններով և նորարարություններով: Կարծում եմ, որ կգա ժամանակը, ես կունենամ նման աշակերտներ և սիրով նրանց միջև կբաշխեմ իմ աշխատանքային գործիքները:
Որպես վարսահարդար՝ ժամանակահատվածում հասցրել եմ բացահայտել մի պարզ բան. յուրաքնաչյուր մարդու ներսում մեծ թաքնված է մի մեծ աշխարհ, բայց ոչ բոլորն են կարողանում ճանաչել իրենց, թե ինչ են ընդունակ: Եղե՛ք ազատ ոճում, ունեցե՛ք վառ երևակայություն, անսահմանափակ մտածողություն, և նորովի կճանաչեք ու կբացահայտեք ինքներդ ձեզ:
Զրուցեց՝ Հասմիկ Պողոսյանը