Ջերմուկը (քաղաք 1967-ից) գտնվում է Երևանից 175 կմ հարավ-արևելք.’ Արփայի գետա հովտում’ 2070 մ բարձրության վրա: Առաջին անգամ հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը (XIII դ.): Քաղաքի անվանումը կապված է հանքային տաք աղբյուրների` ջերմուկների հետ: Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը: Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու:
Զբաղեցնում է 137,37 քառ.կմ տարածք, բնակչությունը՝ 4 324 մարդ (2017թ. տարեսկզբին): Այստեղ բնակվում է մարզի քաղաքային բնակչության շուրջ 24.8%-ը:
Համայնքի մեջ ընդգրկվել են Ջերմուկ քաղաքը և Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ և Հերհեր գյուղերը:
Ըստ մի լեգենդի, մի որսորդ այս վայրի անտառներում նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և… ի հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։
Որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:
Մեկ այլ լեգենդ կապված է քաղաքի տարածքում շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող ջրվեժի հետ, որը ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր»:
Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի քաջարի ու գեղեցիկ որդուն։ Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում պարանի ծայրը, որով հովվի որդին կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ։
Իշխանը շուտով իմանալում է այդ մասին՝ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա։ Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը։ Բայց նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ:
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, և այժմ էլ ժողովրդի կողմից լողավազանը կոչվում է «Պրիստավի գյոլ»:
Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։ Խորհդրային տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։ 1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։Ջերմուկի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1945 թ.-ին (ճարտարապետ՝ Պ․ Մսրյան), 1952 թ.-ին՝ երկրորդը (ճարտ․ Փ․ Մանուկյան), վերամշակվել Է՝ 1960–1962 թթ.-ին, որով և սկսվել է Ջերմուկի կառուցապատման նոր փուլը։ Արփայի կիրճի վրա կառուցված մեծ կամուրջը (1975) հնարավորություն է տվել բնակելի շինարարությունը կենտրոնացնել ձորի ձախափնյակում (երկու միկրոշրջաններ 6000 և 9000 բնակչի համար, Կեչուտ գյուղի նոր թաղամասը)։
Ներկայումս քաղաքի արդյունաբերության հիմնական ճյուղերն են հանքային ջրի շշալցման արդյունաբերությունը և ձկնաբուծությունը: Հանքային ջրերն ածխաթթվային, հիդրոկարբոնատ-սուլֆատ-քլորիդային, նատրիում-կալցիում- մագնեգիումային ջրերի շարքից են:
Զարգանում է նաև սպասարկման ոլորտը` Ջերմուկն այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում առողջարանների, հյուրանոցների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, հասարակական սննդի օբյեկտների և սրճարանների և ճոպանուղու բարելավված ծառայություններ:
Ջերմուկը ճանաչված է որպես բալնեոլոգիական առողջարան, հիմնված 1935 թվականին: Իր հանքային ջրերի կազմությամբ և բուժիչ հատկություններով, այն չափազանց մոտ է չեխական հեղինակավոր Կառլովի Վարի առողջարանային քաղաքին: 1970 թվականից Ջերմուկը համամիութենական նշանակության է ունեցել և տարեկան ընդունել է ավելի քան 20000 զբոսաշրջիկների:
Խորհրդային Միության փլուզմամբ պայմանավորված` ռուսական և նախկին խորհրդային հանրապետությունների շուկան կորցնելու հետ, Ջերմուկ այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազեց հասնելով 6000-ի: ՀՀ Կառավարության 2008թ. որոշմամբ Ջերմուկը հայտարարվեց «Զբոսաշրջային կենտրոն»:
Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է հանքայինտաք ջրի ներքին ու արտաքին օգտագործումը, քայլաբուժությունը, կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, առողջարանային ռեժիմը: Ունի նաև օդաարևաբուժւսրան: Ջերմուկում բուժվում են ստամոքսաղիքային համակարգի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները:
Ջերմուկը նաև սպորտային կարևորագույ կենտրոններից է: 2006 թվականից Ջերմուկում են անցկացվում շախմատի միջազգային պատանեկան մրցաշարերը: 2007-ին կառուցվել է Ջերմուկի ճոպանուղու առաջին հատվածը (1000 մ), որն էապես մեծացրել է առողջավայրի գրավչությունը: Ունի ջրէկ և պահուստային օդանավակայան:
Համայնքում գործում են 2 նախադպրոցական հաստատություններ, 3 հանրակրթական, 2 գեղարվեստի, մարզական և շախմատի դպրոցներ, ՀԱՊ-ի Ջերմուկի մասնաճյուղը, ակումբ, գրադարան, մարզահրապարակներ, հյուրանոցներ’ «Անուշ», «Լայֆ» և «Օջախ», 2007-ից’ Սբ Գայանե եկեղեցին:
Քաղաքի տարածքում է նաև կիկլոպյան հին ամրոցի և VIII դ-ի եկեղեցու ավերակներ: Ուշագրավ է «Հայ ֆիդայիներ» քանդակախումբը (1988-92, բազալտ, քանդ.’ Հովհաննես Մուրադյան):