Շամլուղ (քաղաք՝ 1995-ից) քաղաքը գտնվում է Լալվար սարի ստորոտում՝ Դեբեդի ձախ ափին: Համայնքը շրջապատված է անտառներով և ժայռերով, գտնվում է ծովի մակերևույթից 1200-1300մ բարձրության վրա: Գտնվում է մարզկենտրոնից 75կմ և Երևանից 196 կմ հեռավորության վրա, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
Տարածքը ՝ 65 քառ. կմ է, բնակչության թիվը՝ 800 մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):
Շամլուղը երկար տարիներ ունեցել է բազմազգ բնակչություն` հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հույներ, ռուսներ, օսեր, իտալացիներ, ուկրաինացիներ, բելոռուսներ և այլն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման հիմնական ճյուղը արդյունաբերությունն է, կան կավի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն և արդյունահանվում են: Հ իմնադրվել է 1770 թվականին 1763 թվականին վրաց Հերակլ 2 թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից: Վերջիններս համոզվելով որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան (ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը:Գործում է հանրակրթական դպրոց: Շամլուղի վարչական կազմում է գտնվում Ուչքիլիսա կոչվող հնավայրը: Այստեղ է գտնվում հունական Սուրբ Գեորգի մատուռը։