Մարտունին (քաղաք’ 1995-ից) գտնվում է Սևանա լճի հարավ-արևմուտքում՝ Երևանից 126 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 33 կմ: Սյունյաց աշխարհի Սոդք գավառի նախկին Կզնուտ գյուղն է, որը 1832թ-ին վերանվանվեց Ներքին Ղարանլուղ, իսկ 1926-95-ին կոչվել է պետական և քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի «Մարտունի» ծածկանունով:
Պարսկական տիրապետության ժամանակ մտել է Երևանի կուսակալության, ապա՝ 17-18-րդ դարերում մտել է Երևանի խանության Գյոգչայի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Մարտունին կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մասը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Մարտունու շրջանը Նոր Բայազետի գավառի Մարտունի գավառամասն էր։
Քաղաքը տեղակայված է Սևանա լճի հարավ-արևմտյան ափին’ Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիային. ստորոտին: Զբաղեցնում է 4514.14 հա տարածք:
Ըստ ավանդության՝ Մարտունու տեղում աղբյուր է եղել, և բնակիչները շատ խնայողաբար են օգտագործել ջուրը։ Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս պատահաբար բաց է թողնում ջրի ծորակը, և մինչև լույս աղբյուրի ջուրը հոսելով՝ լիճ է դառնում։ Առավոտյան աղբյուր այցելող առաջին կինը տեսնում է լիճը, անիծում ջուրը բացողին, և հարսը քարե արձան է դառնում։ Այդպես ստեղծվում են լիճը և փոքրիկ գյուղը լճի ափին
Մարտունիի բնակչության թիվը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է՝ 12200 մարդ, ըստ բնակչության քանակության հանդիսանում է հանրապետության 25-րդ քաղաքը, այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության շուրջ՝ 17,6%-ը:
Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը նախկինում եղել է մշակող արդյունաբերությունը, որի մեջ առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել մեքենաշինության, շինանյութերի, քիմիական և սննդի արդյունաբերության ճյուղերը: Համայնքի ներկայիս տնտեսության առաջատար ճյուղն առևտուրն է, բնակչության մի մասը զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ: Մարտունի քաղաքի վարչական տարածքով անցնում է Սելիմի և Երևան–Վարդենիս մայրուղիները:
Գործում են 3 հանրակրթական դպրոցներ, քոլեջ, արհեստագործ, ուսումնարան, ոչ պետական բուհ:
Մարտունիում և շրջակայքում պահպանվել են հնագույն բնակատեղի (մ. թ. ա. II—I հազարամյակ), կիկլոպյան ամրոցի (մ. թ. ա. I հազարամյակ) մնացորդներ, խաչքարեր (XV-XVII դդ.), Սբ Աստվածածին եկեղեցին (վերակառուցվել է 1886 – ին), վանք – սրբատեղի (վերակառուցվել է XX դ-ում) ևն:
Մարտունի – Եղեգնաձոր ճանապարհին է Սելիմի լեռնանցքը (2500 մ): 1332-ին իշխան Չեսար Օրբելյանն այստեղ կառուցել է Սելիմի իջևանատունը: