Մարալիկը (1935-ից, մինչև 1925՝ Մոլլա-Գյուկչա, 1925-35-ին’ Կապուտան, քաղաք՝ 1996 -ից) գտնվում է Երևանից 90 կմ հյուսիս-արևմուտք’ Արագածի արևմտյան լանջին:
Տարածքը 3,34 քառ.կմ է, բնակչությունը’ 5, 4 հազար մարդ (2017):
Պարսկական և թուրքական տերությունների տիրապետությունից Արևելյան Հայաստանի վերջնական դուրս գալուց (1826-28 թթ) հետո Մարալիկում ըստ ծխական հաշվառման, բնակություն հաստատեցին Արևմտյան Հայաստանի Մուշ, Տարոն, Խնուս, Վերին Բասեն, Ալաշկերտ, Էրզրում բնակավայրերից տեղափոխված 59 ընտանիք՝ 371 մարդ։
Խորհրդային տարիներին Մարալիկն ակտիվ արդյունաբերական քաղաք էր: Ներկայումս այստեղ զարգացած է տեքստիլ արդյունաբերությունը, շինանյութերի արդյունահանումը և գյուղատնտեսությունը: Այստեղով անցնում են Գյումրի-Թալին-Երևան մայրուղին և Մարալիկ-Արթիկ-Գյումրի երկաթգիծը։
Համայնքում գործում են 2-ական հանրակրթական, երաժշտական և արվեստի, մարզական դպրոցներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, նախադպրոցական հիմնարկ, հյուրանոց, մշակույթի տուն:
Ըստ ավանդության՝ ամեն տարի մի սարի մարալ՝ եղնիկ, իր կամքով եկել է այստեղ, մատաղվելու համար գլուխը դրել Սուրբ Ստեփանոս վանքի դռանը։ Գյուղացիները բռնել են մարալին և մատաղ արել։ Մի անգամ էլ որսորդը հրացանով սպանել է մարալին։ Դրանից հետո մարալները չեն երևացել։ Գյուղի անունն էլ մատաղվող մարալների հիշատակի համար Մարալիկ են դրել:
Մարալիկում պահպանվել են 1903 թվականիի Սուրբ Աստվածածին (Կարմիր վանք) եկեղեցին՝ վերակառուցված (1898-1903) 5-րդ դարի հինավուրց եկեղեցու հիմքի վրա, 19-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակները, և 19-րդ դարում վերակառուցված Սուրբ Ստեփանոսի վանքը: Մարալիկի հյուսիս-արևելքում պապհպանվել են նաև Ք.ա. 2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոց, դամբարանադաշտ և բնակատեղի: «Ղուշի»-ի կոչված մատուռը որը պատկանում է ուշ միջնադարյան շրջանին, գտնվում է Մարալիկից 4.5 կմ հյուսիս-արևելք:
Քաղաքի վարչատարածքում կարելի ե գտնել բազմաթիվ վաղ և ուշ միջնադարյան շրջանի խաչքարեր։