Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները օգոստոսի 10-ին «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հյուրընկալել են «History» երաժշտական խմբին:
Երաժիշտների հետ կիթառի նվագակցությամբ նրանք կատարել են սիրված երգեր, ներկայացրել իրենց երաժշտական ունակություները:
Ցերեկույթի շրջանակներում հնչել են ինչպես հայրենասիրական, այնպես էլ էստրադային հայտնի երաժշտական եղանակներ, երաժշտական կատարումներ սիրված մուլտիպլիկացիոն կինոնկարներից:
Ինչպես Ostarmenia.com-ին հայտնեց խմբի ղեկավար Միքայել Նշանյանը, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար համերգային ծրագրով ներկայանալը յուրատեսակ միջոց է՝ կիսելու նրանց հետ իրենց առօրյան և պարգևելու ջերմ տրամադրություն:
– Մենք ընտրել ենք այս մանկատունը, քանի որ այս երեխաները կարիք ունեն մեծ ուշադրության, սիրո և ջերմության, որը չպետք է սահմանափակվի միայն մեկ օրով և մեկ ներկայացմամբ: Կջանանք նման այցելությունները պարբերական դարձնել՝ պարգևելով նորանոր ժպիտներ և բարձր տրամադրթություն, – նշել է նա:
Բացի երաժշտական կատարումներից, խումբը երեխաներին նաև նվերներ էր բերել: Ակնկալվում է, որ այցելություններ կկազմակերպվեն նաև հայաստանյան այլ նմանատիպ հաստատություններ:
Ինչպես նշեց «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսեսյանը, երաժշտական խմբի այցելությունը ևս մի քայլ էր ներառելու մանկատան սաներին առօրյաին, կիել իրենց հետ օրն ու պարգևել սերն ու ջերմություն:
«Մենք երբեք չպետք է մոռանանք այն մարդկանց, ովքեր կարիք ունեն մեր սիրո, ջերմության: Մենք պետք է պարբերաբար պարգևենք նրանց պայծառ ու հիշարժան պահեր, որպեսզի նրանք երբեք չսգան իրենց օտարված ու խորթ», -ասաց նա, հօիշեցնելով, որ կազմակերպությունն ևս մեկ անգամ պայծառ ու գունեղ հիշողություններ է պարգևել մանկատան սաներին 2010 թվականին՝ «Արևելք- Հայաստան» բարեգործական երեկոյի ժամանակ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը ստեղծվել է 1950թ. որպես սոցիալբուժառողջապահական հաստատություն, որտեղ իրականացվում են կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող 6 տարեկանից բարձր հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամքը: Ներկայում մանկատանը խնամվում է ավելի քան 200 սան:
«History» երաժշտական խումբը գործում է 2015 թ.-ից: Ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալել 2018-ի փետրվարից: Ջութակներից, կիթառից և դաշնամուրից կազմված քառյակը ներկայանում է հայտնի և սիրված բազմաժանր երաժշտական գործերով, այդ թվում` նաև հեղինակային: Խմբի կազմում են Միքայել Նշանյանը (դաշնակահար և վոկալիստ), Տիգրան Ավետիսյանը (կիթառ), Մարիամ Թարոյանը (1-ին ջութակ) և Հարություն Թիլիքյանը (2-րդ ջութակ):