Թալին (նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները, Թալին է վերանվանվել 1978-ին, քաղաք՝ 1995-ից) քաղաքի տարածքը 4,4 ք.կմ է: Պտղոմեոսը հիշատակում է «Թալինա» անունով բնակավայր: 1828-30-ին այստեղ բնակություն են հաստատել Կարսից, Նախիջևանից, Բայազետից, Ալաշկերտից եկած, հետագայում’ Մեծ եղեռնից փրկված, Սասունից և Արևմտյան Հայաստանի այլ վայրերից տեղահանված հայեր: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ունի 4,5 հազար բնակիչ այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության շուրջ 16,49%:
Գտնվում է Արագած լեռան հարավ-արևմտյան լանջին, Արտենի լեռան մոտ, ծովի մակարդակից ունի 1585 մ բարձրություն, կլիման չափավոր ցամաքային է, մակերես՝ 4,4 կմ2, Երևան քաղաքից 65 կմ հեռավորության վրա:
Ինչպես և մարզի այլ քաղաքներում, քաղաքի տնտեսության առաջատար ճյուղն է հանդիսանում սննդամթերքի և ըմպելիքի արտադրություննը: Քաղաքի համախառն արտադրանքի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի գյուղատնտեսությունը։ Հիմնականում զարգացած է անասնապահությունը, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Հողահանդակների ոռոգման համար օգտվում են Թալինի ջրանցքից։
Գործում են 2 հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական և մարզական դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց, երկրագիտական թանգարան:
Պատմաճարտարապետական հուշարձաններից ուշագրավ են Կաթողիկե (VII դ.) և Սբ Աստվածածին (1866, շինարարության մեջ օգտագործվել են Կաթողիկեի քանդակազարդ քարերից) եկեղեցիները: Թալինից Դաշտադեմ տանող ճանապարհին է միջնադարյան (XII-XIII դդ.) նշանավոր կարավանատներից մեկը: