Եղեգնաձոր (XIX դ-ի սկզբից մինչև 1935-ը’ Քեշիշքենդ, 1935-60-ին’ Միկոյան, քաղաք’ 1995-ից) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 122 կմ հարավ-արևելք’ Գլաձոր գետի (Արփայի վտակ) ափին, ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա: Եղել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Վայոց ձոր գավառի կենտրոնը, որի անունով գավառը կոչվել է Եղեգիք: Միջնադարում Օրբելյան իշխանների կալվածքն էր:
Տարածքը՝ 26,9 քառ.կմ է, բնակչությունը՝ 7 606 մարդ (2017թ. տարեսկզբին): Այստեղ բնակվում է մարզի քաղաքային բնակչության շուրջ 43%-ը:
Ղարաբաղյան հակամարտության սկզբին այստեղից հեռացել են ադրբեջանցիները, և բնակվել են Բաքվից և Կիրովաբադից բռնի տեղահանված հայեր:
Եղեգնաձոր քաղաքի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռող ոլորտներն են արդյունաբերությունն ու շինարարությունը:
Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են խաղողի գինու, էլեկտրասարքավորումների արտադրությունները, որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունները:
Քաղաքը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած արդյունաբերական համալիր, որի մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել սարքաշինության, թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերը: Եղեգնաձոր քաղաքի զարգացման խոչընդոտներից է հադիսանում գործազրկությունը: Մարզի պաշտոնապես գրանցված գործազուրկների 15%-ը Եղեգնաձոր քաղաքից է: Քաղաքում գործում են 3 նախադպրոց, հաստատություններ, 3 հանրակրթական, արվեստի և մարզական դպրոցներ, երաժշտական քոլեջ, քաղաքային վարժարան, ՀՊՏՀ-ի մասնաճյուղը, «Գիտելիք» ոչ պետական բուհը, հայրենագիտական թանգարան, գրադարան, հիվանդանոց, պոլիկլինիկա ևն: Քաղաքի տարածքում են «ճոչ-տար» դամբարանաշերտը (մ. թ. ա. I հազարամյակ), կիկլոպյան ամրոցի պարիսպների մնացորդներ (մ. թ. ա. III հազարամյակ), Սուր կամուրջը (XIII դ.) ևն: