Դիլիջանը (քաղաք’ 1951-ից) գտնվում է Երևանից 96 կմ հյուսիս-արևելք’ Աղստև գետի հովտում: Քաղաքի հյուսիս-արևելքում են Բազումի, արևմուտքում և հարավ-արևմուտքում’ Փամբակի, արևելքում’ Մուրղուզի, հարավ-արևելքում’ Արեգունի լեռները: Տարածքը, որը գտնվում է 1100-1500 մ բարձրությունների վրա 13 քառ. կմ է. Քաղաքն իր շրջակա տարածքով ներառված է «Դիլիջան» ազգային պարկի մեջ:
Դիլիջանի տարածքն անցյալում կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մաս: Ենթադրվում է, որ Դիլիջանն է եղել պատմ. Հովքը, որն Արշակունի թագավորների ամառանոցն էր և արքունի որսատեղին: Հետագա դարերում հիշատակվել է որպես ավան, եր-բեմն’ գյուղաքաղաք, որի բնակիչներն զբաղվել են գյուղատնտեսությամբ և արհեստներով (կային ճկած աթոռների պատրաստման գործատներ, դարբնոց և սղոցարան):
Առաջին անգամ գրավոր աղբյուրներում «Դիլիջան» անունը հիշատակվել է ֆրանսիացի ճանապարհորդ ժան Շարդենի (1643-1713) ուղեգրություններու: 1826-ի օգոստոսի 30-ին գեներալ Մադաթովը Ղազախի կառավարիչ Ս. Օրբելիանուն հղած գրության մեջ խնդրել է միջոցներ ձեռնարկել Դիլիջանի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: Ներկայիս բնակչությունը շուրջ 17, 5 հազար մարդ է (2017):
Խորհրդային տարիներին Դիլիջանում գործել են արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ: Ամենախոշորն «Իմպուլս» գործարանն էր, որի արտադրանքն առաքվել է ԽՍՀՄ տարբեր շրջաններ, նաև արտահանվել է: Ներկայումս գործում է «Դիլի ջան Ֆրոլովա» հանքային ջրերի գործարանը: Դիլիջանը՝ Գյումրիի և Վանաձորի նման ևս վնասվել է 1988-ի ավերիչ երկրաշարժից:
Դիլիջանը լեռնակլիմայական բալնեոլոգիական հայտնի առողջարան է, որի հիմնական բուժիչ գործոններն են միջին և բարձրլեռնային կլիման, անտառային թարմ օդը, բարենպաստ թթվածնային ռեժիմը, լանդշաֆտային առանձնահատկությունները, ածխաթթվային հիդրոկարբոնատային- նատրիումային բուժիչ հանքային ջուրը, որն իր բաղադրությամբ ու հատկություններով նման է Բորժոմի (Վրաստան) և Վիշիի (Ֆրանսիա) առողջարանների ջրերին: Բնական արժեքավոր հարստություններից է անտառը:
Դիլիջանում բուժվում են թոքերի ու ոսկրի տուբերկուլոզով և ստամոքսա ղիքային համակարգի հիվանդություններով տառապողները: Առաջին հիվանդանոցը (լազարեթ) կառուցվել է 1888-89-ին: 1921-ին հիմնադրվել է Հայաստանում առաջին հակատուբերկուլոզային առողջարանը (այժմ’ Ռ. Գյանջեցյանի անվ.), 1927-ին’ դիսպաներ (Գրիգոր Սաղյանի նախաձեռնությամբ, այժմ’ Հանրապետական հակատուբերկուլոզային հիվանդանոց): Գործում են նաև «Դիլիջան», «Մոր և մանկան» և այլ առողջարաններ, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները, մասնավոր պանսիոնատներ, հանգստյան տներ ևն:
Դիլիջանում առաջին դպրոցը բացվել է 1868-ին: Գործում են 6 նախադպրոցական հաստատություններ, 5 հանրակրթական, 1 հատուկ (սոցիալապես անապահով երեխաների համար), երաժշտ. դպրոցներ, ԿԳ նախարարության Դիլիջանի պետական բժշկական, արվեստի պետական քոլեջներ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի մասնաճյուղերը, մարզահամալիրը, պետական թատրոնը (հիմն.’ 1932), «Դիլիջան» պատմամշակութ. արգելոց-թանգարանը: 2013-ից գործում են նաև Այբ դպրոցի և Թումոյի մասնաճյուղերը, 2014 թվականի սեպտեմբերից՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։
1958 թ.-ից հրատարակվում է «Դիլիջան» թերթը, «Երիտասարդ Դիլիջան» ամսաթերթը, 2016 թվականից՝ «Կորիզ» թերթը: 1993 թ. օգոստոսին հիմնադրվել է տեղական RT-V հեռուստաընկերությունը: Դիլիջանը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական. ու ճարտարապետական հուշարձաններով (մ. թ. ա. I հազարամյակ֊մ. թ. XII-XIII դդ.): Քաղաքամերձ տարածքում են Ռեդկին լագերի, Գոլովինոյի և Խրտանոցի դամբարանադաշտերը, Ջուխտակ վանքը (քաղաքից 3 կմ արևմուտք), Մաթոսավանքը, Հաղարծնի վանական համալիրը (քաղաքից 12 կմ), Մատինովի հուշաղբյուրը: Հուշարձաններից են նաև «Անտառի արքա», Հայրենական մեծ պատերազմում (1941-45) և Արցախյան պաւոերազմում (1991-94) զոհված դիլիջանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանները: 2011-ին տեղադրվել է «Միմինո» արձանախումբը: