Գավառ (1850-1959-ին’ Նոր Բայազետ, քաղաք 1938-ից, 1959-96-ին՝ Կամո՝ ի պատիվ հեղափոխական Կամոյի (Տեր – Պետրոսյան Սիմոն) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 92 կմ հյուսիս-արևելք՝ Գավառագետի ափին’ Գեղամա լեռնաշղթայի արևելյանլանջին: Հեռավորությունը Սևան երկաթուղային կայարանից ՝ 36 կմ է: Տարածքը 10,4 ք. կմ է: Գավառի շրջագծում են Արծվաքար և Հացառատ գյուղերը:
Համայնքի բնակչության թիվը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 19500 մարդ: Ըստ բնակչության քանակության հանդիսանում է հանրապետության 15-րդ քաղաքը, այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության շուրջ՝ 28,2%: ՀԽՍՀ արդյունաբերական կենտրոններից էր, սակայն 1991-ից մի շարք գործարանների փակման հետևանքով արդյուանբերական. արտադրանքն էապես կրճատվել է:
Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է: Կան նաև մեքենաշինության, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում են 9 հանրակրթական, երաժշտական, գեղարվեստի, մարզական դպրոցներ, Գավառի պետական համալսարանը (հիմնադրվել է 1993), Ալեքսանդր Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, պատկերասրահ, հայրենագիտական թանգարան ևն: Գավառ քաղաքի տարածքում ու շրջակայքում կան բրոնզեդարյան, անտիկ հուշարձաններ [մ. թ. ա. II հազարամյակի դամբարաններ, մ. թ. ա. I հազարամյակի ուրարտական Խալդի աստծուն նվիրված կիկլոպյան ամրոցի (Բերդի գլուխ) ավերակներ] և միջնադարյան [խաչքարեր, տապանաքարեր (IX-XIV դդ.)] ևն: Գերեզմանատան դիմաց Սբ. Կարապետ (X դ.) եկեղեցին է, դեպի Արծվաքար ելքի մոտ’ Սբ Հովհաննեսը (IX դ.): Գավառում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Աստվածածին եկեղեցին (1848):