Արթիկը (քաղաք’ 1938-ից) գտնվում է Երևանից 100 կմ հյուսիս-արևմուտք.’ Գյումրիից’ 20 կմ արևելք’ Արագածի հյուսիս-արևմտյան ստորոտին’ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա:
Տարածքը 35 քառ.կմ է, բնակչությունը’ 18, 4 հզ. (2017):
Տնտեսության մեջ առանձնանում են սննդի (հացի, պանրի), ապակե կաղապարների, մետաղական սարքավորումների, արտադրությունները:
Քաղաքի շրջակայքում կան արդյունաբերական նշանակության շինարարական ավազի, վարդագույն տուֆի, խարամի և պեմզայի պաշարներ: Առավել հայտնի են Արթիկի տուֆը և տուֆ արդյունահանող ձեռնարկությունները: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ:
Արթիկում գործում են 8 հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական հատուկ, մարզական դպրոցներ, 2 քոլեջ, մանկապարտեզ, մշակույթի տուն, հիվանդանոց, պոլիկլինիկա, բուժկետ, կապի հանգույց:
Արթիկը՚ Շիրակի մարզի և ընդհանրապես Հայաստանի այն բացառիկ տեղանուններից է, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին չի ենթարկվել համատարած բնույթ կրած թյուրքական տոպոցիդին (բնիկ հայկական տեղանունների փոխարինումը թյուրքական տարբերակներով): Անվանումը հավանաբար առաջացել է հայկական «այր» և պարսկական «թիկ» (բարձունք) բառերի միավորումից:Բնակիչների նախնիները 1829-1830 թթ.-ին ներգաղթել են Կարսից և Կարինից։
Արթիկի կենտրոնական մասում կիսավեր պահպանվել են Սբ. Աստվածածին (Մարինե, V դ.) և Սբ. Գևորգ (VII դ.) եկեղեցիները: Քաղաքից 2 կմ հվ. Լմբատավանքն է (VI դ.), իսկ 4 կմ արմևմուտք բացվել է ուշբրոնզեդարյան (մ. թ. ա. XIII-XII դդ.) խոշոր դամբարանադաշտ (ավելի քան 1000 դամբարան):