Ապարան (մինչև 1935թ. կոչվել է Բաշ-Ապարան, քաղաք՝ 1995-ից) քաղաքի տարածքը 240 հա է: Որպես բնակավայր’ հայտնի է II դ-ից [Պտղոմեոսը (II դ.) հիշատակում է Կասալա (Casala), Զաքարիա պատմիչը’ Քասաղ անունով, X դ-ից’ Ապարան’ Մոկաց Ապարանք գավառի անունից]:Եղել է Մեծ Հայքի Նիգ գավառի կենտրոնը: 1828-30-ին այստեղ բնակություն են հաստատել Մուշից, Ալաշկերտից և այլ վայրերից եկած հայեր: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ունի 6,13 հազար բնակիչ այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության շուրջ 21,65%:
Գտնվում է Քասախ գետի ափին, Երևան մայրաքաղաքից 60 կմ հեռավորությամբ դեպի հյուսիս-արևմուտք, Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր, կլիման բարեխառն լեռնային է։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։
Ապարան քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը գյուղմթերքի վերամշակումն ու սննդամթերքի արտադրությունն է: Քաղաքը ունի նաև հողեր, որոնք հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Համայնքում զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Գործում են «Հայգորգ» ձեռնարկությունը, կենցաղային իրերի, տեքստիլ- գալանտերային արտադրանքի ձեռնարկություններ: Գործում են հանրակրթական 3, արվեստի և մարզական դպրոցներ, պատանեկան ստեղծագործական կենտրոն, տեղական հեռուստաալիք, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց: 1918-ի մայիսի 22-29-ը տեղի է ունեցել Բաշ Ապարանի հաղթական ճակատամարտը, ի հիշատակ որի կառուցվել է «Վերածնունդ» հուշակոթողը (ճարտարապետ’ Ռաֆայել հսրայելյան, 1979), որի տարածքում է ամփոփված զորավար Դրաստամատ Կանայանի (Դրո) աճյունը: Ամեն տարի մայիսի 28-ին այստեղ կազմակերպվում է համաժողեվրդական տոնահանդես: Պատմաճարտարապետական նշանավոր հուշարձաններից է Քասաղի բազիլիկը (Ապարանի Սբ Խաչ եկեղեցին, IV-V դդ.): Քաղաքում տեղադրված են շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանը, Դ. Կանայանի և Սեդրակ Ջալալյանի կիսանդրիները: