Աշտարակ (նախկինում՝ Աշտարակաց գյուղ, քաղաք՝ 1963-ից) քաղաքի տարածքը 42,33 ք. կմ է: Անվանումը կապում են ասուրա-բաբելոնական Իշտար աստվածուհու անվան և «աշտարակ» հասկացության հետ: Վարչական սահմանների մեջ է՝ մտնում նաև Մուղնի գյուղը: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ունի 17 հազար բնակիչ, այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության շուրջ 61,86%։
Քաղաքը գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, և զարգացել է որպես Երևան քաղաքի արբանյակ քաղաք: Այն մարզի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային կենտրոնն է:
Քաղաքի տնտեսության առաջատար ճյուղը սննդամթերքի և ըմպելիքի արտադրությունն է կան խաղողի վերամշակման և գինու հումքի ստացման կետեր: Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։
Նախկինում հանդիսացել է Հայաստանի գիտագետազոտական կենտրոններից մեկը, այստեղ են գործել բազմաթիվ գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություններ, որոնց մեծ մասը ներկայումս չի գործում: Ներկայումս քաղաքի տնտեսությունում էական դեր ունի գյուղմթերքի վերամշակող արտադրությունը։Աշտարակի, որպես Երևանի արբանյակի հիմնական աճը պայմանավորված է լինելու Երևան քաղաքի աճով, այստեղ արդեն իսկ նկատվում են Երևանում սպասարկում, իրացում իրականացնող ձեռնարկությունների առկայությունը, որոնք օգտագործում են առկա գնային տարբերությունները, տեղափոխելով որոշ գործառույթներ:
Գործում են 5 հանրակրթական, գիշերօթիկ, գեղարվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, մարզադաշտ, թանգարան, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց, ՀՀ Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի և Ֆիզիկական հետազոտությունների գիտահետազոտականիստիտուտները, Պերճ Պռոշյանի, Գրիգոր Ղափանցյանի, Նորայր Սիսակյանի տուն-թանգարանները ևն:
Հնագույն հուշարձաններից են Քասաղի ձորի քարանձավները, «Ականատեսի առու» ջրանցքը: Պահպանված հուշարձաններից են Ծիրանավոր (V դ.), Կարմրավոր (Սբ Աստվածածին, VII դ.), Սպիտակավոր (XII-XIV ղդ.), Սբ. Մարինե (1281) եկեղեցիները, Սբ. Սարգիս (XIII դ.) և Թուխ Մանուկ (XIII դ.) մատուռները, Մուղնիի Սբ. Գևորգ վանքը (XVII), եռաթռիչք կամուրջը (1664, կողքին ավելի հին, միաթեք կամրջի ավերակներն են) ևն: Քաղաքում կանգնեցվել են կաթողիկոս Ներսես Աշտարակեցու հուշարձանը, ակադ. Նորայր Սիսակյանի կիսանդրին ևն: