Ախթալա (միջնադարում կոչվել է Ագարակ, XII-XIII դդ-ում’ Պղնձահանք, քաղաք’ 1995-ից) քաղաքը տեղադրված է Դեբեդ գետի ձախ ափին, Լալվար լեռան ստորոտում: Ծովի մակարդակից գտնվում է 740 մ բարձրության վրա: Գտնվում է մարզկենտրոնից 62 կմ, Երևանից 186 կմ հեռավորության վրա: Տարածքը՝ 299 քառ.կմ է: Բնակչությունը՝ 7 423 մարդ:
Արդյունաբերության հիմնական ճյուղը հանքագործությունն է (արտադրվում է պղնձի խտանյութ): Շրջակայքում կան պղնձի, կապարի, արծաթի հանքավայրեր, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն և շահագործվում են:
Գործում են 2 հանրակրթական դպրոցներ: Քաղաքի շրջակայքում գտնվում է Ախթալայի հնավայրը, որի մեջ մտնում է Ախթալայի վանքը: Ախթալայի եկեղեցական համալիրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ ժառանգության ցանկում:Պղնձահանքի վանքը միջնադարում դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոնական կենտրոն, հայ-վրացական կրթարան, հավասարապես ուսումնասիրվել են հայկական. և վրացական. մատենագրություններ:
Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը կառուցվել է 10-րդ դարում:1763 թվականին վրաց Հերակլ II-րդ թագավորը Պոնտոսի Գյումուշխանա բնակավայրից հույն հանքագործ-կապարագործներ է հրավիրում, որոնք սկսում են արծաթի ու պղնձի արդյունահանումն ու ձուլումը: Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահան: