Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասում դեռևս մ. թ. ա. XV դարում կազմավորվել էր Հայասա կամ Հայասա Ազզի ցեղային միությունը։ Այն իր մեջ ընդգրկում էր բավական ընդարձակ տարածքներ, որոնք ընդգկում էին ավելի ուշ շրջանում Փոքր Հայք կոչվող երկրի մեծ մասը և Բարձը Հայքի արևմտյան գավառները։ Այլ կերպ ասած’ Հայասան տարածվում էր Գայլ, Արևմտյան Եփրատ և Ճորոխ գետերի վերին հոսանքներում ընկած շրջաններում և հասնում էր մինչև Սև ծովը ձգվող տարածք։
Հայասա երկիրն իր անվանումը ստացել է հայկական «հայ» ցեղախմբի անունից։ Հայասցիների լեզուն մոտ է եղել նախնական հայերենին։ Հայասան բաժանված էր երկու մասերի’ հյուսիս-արևելյան և հարավ֊արևմտյան։ Դրանցից առաջինը Ազզին էր, ազզի ցեղախմբերի երկիրը, իսկ երկրորդը բուն Հայասան էր՝ հայասա ցեղախմբերի բուն երկիրը։
Հայասա Ազզին ռազմացեղային մի ուժեղ և բավական մարդաշատ միությդւն էր։ Այն ուներ արքունիք, արքունի դիվան, ինչպես նաև բավականաչափ զարդարած տնտեսություն և մշակույթ։ Ռազմադաշտ է դուրս բերել 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևազորից կազմված բանակ: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էին։ Բավականաչափ զարդարած է եղել նաև մետաղագործությունը։
Հայասայում կային մի քանի քաղաքներ և բերդեր։ Նշանավոր քաղաքներից էր Կումմախան։ Ուսումնասիրողների կարծիքով վերջինս համապատասխանում Արևմտյան Եփրատի ձախ ափին գտնվող հին հայկական Անի ամրոցին, որը միջին դարերից սկսած հայտնի է Կամախ անունով և այժմ էլ գոյություն ռւնի նույն անվամբ։
Հայասա Ազզին հաճախակի ընդհարման մեջ էր իր հարևանի’ խեթական թագավորության՝ Խաթթիի հետ։ Մ․թ․ա XIV դարի սկզբներին խեթական թագավոր Տուդխալիա III (մ․թ․ա․1410 — 1390 թվականներ) երկու արշավանք է կատարել Հայասայի դեմ, բայց չի կարողացել հաղթել նրան։ Դարի կեսերին խեթերը կրկին արշավում են Հայասայի վրա և համառ պայքարն ավարտվում է դաշինքով։ Խաթթիի թագավոր Սուպպիլուլիումը (մ․թ․ա․ 1380—1346 թվականներ) իր քրոջը ամուսնացնում է Հայասայի արքա Խուկաննասի (Հուգաննա) հետ։ Վերջինս պարտավորվում է հավատարիմ մնալ Խաթթիին, ռազմական օգնություն ցույց տալ նրան և այլևս ապաստան չտրամադրել խեթական փախստականներին։
Սակայն պայմանագիրը խախտում է Հայասայի նոր արքան՝ Անիան։ Նա գրոհում է Խաթթիի վրա և մեծ ավար տանում։ Խաթթիի Մուրսիլիս II թագավորը (մ. թ. ա. մոտ 1340-20 թվականներ) մեծ զորքով ներխուժում է Հայասա, գրավում նրա քաղաքներն ու ետ ստանում գերեվարված խեթերին։
Մինչև XIII դարի երկրորդ քառորդը Խեթական տերության մեջ են մտել Հայասայի՝ ստորին Արածանիի և Վերին Եփրատի ավազանների գավառները: Խեթական Թուդխալիաս IV թագավորին տիրապետության ժամանակ Հայասային հաջողվել է Եփրատը կրկին դարձնել սահման, բայց խեթական Արնովանդա III թագավորը (մ. թ. ա. XIII դ-ի վերջին քառորդ) վերանվաճել է այդ գավառները:
Մ․թ․ա․ XIII դարի սկզյբներից սկսած, երբ կործանվում է Խեթական թագավորությունը, ընդհատվում են նաև նրա հարևան Հայասայի վերաբերյալ գրավոր տեղեկությունները։
Գիտնականների կարծիքով’ Արմե-Շուբրիայի և Հայասայի բնակիչները նույն արմեն-հայերն են: Պարզապես առաջին անունով նրանք հայտնի են օտարների շրջանում, իսկ հայ անունը նրանց ինքնանվանումն է: