Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ապրիլի 2-ին մուտք է գործում Մեծ Պահքի վերջին շրջանը, որը կոչվում է Ավագ շաբաթ: Այն անվանում են նաև «չարչարանաց», որովհետև հիշատակում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին կարևոր դեպքերը: Շաբաթվա բոլոր օրերին ընթերցվում են Աստվածաշնչի համապատասխան դրվագները, իսկ յուրաքանչյուր օր կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի: Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով:
Ավագ Երկուշաբթի. Այդ օրը նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Բոլոր եկեղեցիներում հիշատակվում է Անպտուղ թզենու պատմությունը: Ըստ Աստվածաշնչի, Քրիստոս, քաղց զգալով, մոտենում է մի թզենու, բայց դրա վրա տերևւներից բացի ոչինչ չի գտնում: Եվ անիծում է թզենուն. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»։ Եվ նույն պահին թզենին չորանում է։ Պտուղը խորհրդանշում է մարդկանց բարի գործերը: Անպտուղ են համարվում նրանք, որոնք միայն արտաքնապես են բարեպաշտ և չունեն իսկական հավատք և բարի գործեր: Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուսը մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առևտուր էին անում:
Ավագ Երեքշաբթի. Ավետարանից ընթերցվում է Տասը կույսերի առակը: Լապտերները վառած՝ կույսերը սպասում են փեսայի գալուն: Նրանից 5-ն իմաստուն են և իրենց հետ հավելյալ ձեթ են վերցրել, որ լապտերները չհանգչեն, և իրենք, արթուն մնալով, կարողանան տեսնել փեսային, իսկ 5 հիմարները չեն հոգացել այդ մասին: Ձեթը խորհրդանշում է մարդկանց բարի գործերը, ողորմությունները, որոնցով պետք է պատրաստվել փեսայի՝ Քրիստոսի գալստյանը: Այս օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում, կույսերին խորհրդանշող 10 աղջիկներ կամ դպիրներ, վառվող մոմերով եկեղեցու ատյան են մտնում: Նախապես վիճակ են գցում՝ որոշելու 5 իմաստուններին և 5 հիմարներին: Վերջում եկեղեցու ավագ հոգևորականը հանգցնում է հիմար կույսերին խորհրդանշող մոմերը:
Ավագ Չորեքշաբթի. Այս օրը հիշատակում են Հիսուս Քրիստոսի օծումն ու մատնությունը: Ընթերցվում է Աստվածաշնչի այն դրվագը, որում մի կին Քրիստոսի գլուխն օծում է թանկագին յուղով, որը խորհրդանշում է Նրա մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»: Դրանից հետո 12 առաքյալներից Հուդան Քրիստոսին մատնելու որոշումն է կայացնում: Հրեա կրոնական առաջնորդները, որպես մատնության գին, Հուդային 30 արծաթ են խոստանում:
Ավագ Հինգշաբթի. Ծիսական առումով եկեղեցու ամենահագեցած օրն է: Առավոտյան կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, և Մեծ պահքը պահած հավատացյալները, զղջալով իրենց մեղքերի համար, թողություն են ստանում: Հետո Վերջին ընթրիքի խորհրդով՝ մատուցվում է սուրբ Պատարագ: Աստվածաշունչն ասում է, որ խաչվելուց առաջ աշակերտների հետ ընթրելիս՝ Քրիստոս վերցնում է հացն ու գինին, օրհնում ու տալիս աշակերտներին. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը» և «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար»: Այսպիսով հաստատվում է Հաղորդության խորհուրդը: Հետո Քրիստոս, որպես սիրո և խոնարհության օրինակ, լվանում է աշակերտների ոտքերը:
Այդ խորհրդով, Ավագ Հինգշաբթի եկեղեցիներում կատարվում է Ոտնլվայի կարգ: Եկեղեցու ավագագույն հոգևորականը Քրիստոսի օրինակով ծնկաչոք լվանում է ավելի խոնարհ աստիճան ունեցող 12 սսպասավորների կամ հավատացյալ տղամարդկանց ոտքերը և օծում յուղով: Հիսուս աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է Հիսուսի ոտքերին պոռնիկ կնոջ թափած անուշահոտ յուղը: Ներկա հավատացյալներին բաժանվում է օրհնված կարագ, որն օգտագործում են կերակրի մեջ կամ որպես դեղ՝ հիվանդությունների դեպքում:
Վերջին ընթրիքից հետո Հուդան շտապում է կատարել իր խոստումը, Քրիստոսին մենակ են թողնում նաև մյուս աշակերտները: Այս խորհրդով, երեկոյան կատարվում է Խավարման կարգ: Խորանին՝ փակ վարագույրների դիմաց, աշակերտներին և Քրիստոսին խորհրդանշող 13 մոմ է դրված: Հուդայի մոմը սև է և չի վառվում: Արարողության ընթացքում ընթերցվում են Քրիստոսի մատնության, ձերբակալության, չարչարանքների, Պետրոսի ուրացման հատվածները և մոմերը հերթով մարվում են: Մինչև վերջ շարունակում է վառվել միայն Քրիստոսին խորհրդանշող մոմը:
Ավագ Ուրբաթ. Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է: Կեսօրին կատարվում է խաչելության, իսկ երեկոյան թաղման կարգ: Ծաղիկներից և ծառի ճյուղերից պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը: Երեկոյան ժամերգության ավարտին այն դուրս են բերում եկեղեցուց և հանդիսավոր թափորով պտտում եկեղեցու շուրջ: Ժողովրդական սովորության համաձայն, մարդիկ անցնում են գերեզմանի տակով՝ հավատալով, որ այդպես ազատվում են մեղքերից: Ծաղիկներով պատված Քրիստոսի գերեզմանը մահվան նկատմամբ հաղթանակի խորհրդանիշն է, որովհետև թաղումից 3 օր անց գերեզման եկած աշակերտներն այն դատարկ գտան:
Ավագ Շաբաթ կամ Հարության Ճրագալույց. Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի պատարագ և տրվում է սպասված ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Այս օրը Պատարագից հետո մարդիկ խորանից իջեցված մոմերից վառում են իրենց ճրագները, և որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ՝ լուսավորում նաև իրենց տները:
Զատկի` Ս. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:
Հարության տոն կամ Զատիկ. Այս օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական Պատարագ: Ավարտվում է պահեցողության շրջանը և մինչև Հոգեգալուստ մարդիկ ողջունում են միմյանց «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Պատևաստեց Բագրատ Մովսեսյանը