Համաձայն քրիստոնեական ավանդության, խաչվելուց և հարություն առնելուց առաջ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ գնաց Երուսաղեմ։ Քաղաքի մուռքի մոտ ժողովուրդը նրան դիմավորեց մեծ ուրախությամբ՝ որպես Փրկչի։ Շատերը նրա առջև ծառերի ճյուղեր և նույնիսկ իրենց զգեստներն էին փռում։ Այս ձևով մարդիկ արտահայտում էին իրենց հավատը Քրիստոսի նկատմամբ։ Այս իրադարձությանն է նվիրված տոնը, որը կոչվում է Ծաղկազարդ, կամ Տիրոջ հազթական մուտքը Երուսաղեմ։ Սակայն Ծաղկազարդի օրվա արարողությունները խորհրդանիշն են նաև Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների:
Պատարագ։ Ծաղկազարդը Հայոց Եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Ս.Հարության տոնին նախորդող կիրակի օրը։ Նախօրեին՝ շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով։
Պատարագի արարողության համապատասխան հատվածում պատարագիչ հոգևորականը, երկու ձեռքով սկիհը բարձր պահած, շրջվում է դեմքով դեպի ժողովուրդը և ասում. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»` Օրհնյալ լինես Տիրոջ անունով եկածդ, սրան նաև ավելացնում է` «Օրհնեալ, որ գալոցդ ես»` Օրհնյալ լինես Դու, որ գալու ես: Նշված առաջին խոսքով հիշատակվում է Քրիստոսի առաջին գալուստը, իսկ մյուսով` երկրորդ գալուստը:
Ուռենու ճյուղեր։ Ծաղկազարդ օրը եկեղեցիները զարդարվում են արմավենու և ձիթենու ճյուղերով` ի հիշատակություն Քրիստոսի Երուսաղեմ մուտքի, երբ մարդիկ Նրա ճանապարհին արմավենու և ձիթենու ճյուղեր էին սփռում: Քանի որ Հայաստանում արմավենիներ և ձիթենիներ չկան, հայաստանյան եկեղեցիներն այդ օրը զարդարվում են ուռենու ճյուղերով: Եկեղեցական մեր Հայրերի կողմից ուռենին պատահականորեն չի ընտրվել Ծաղկազարդին եկեղեցիները զարդարելու համար, այլ հատուկ խորհրդով: Ուռենու կտրված ճյուղը, հողի մեջ տնկվելով, արմատակալում է և աճում: Այդպես էլ քրիստոնյաները կտրվելով նախկին հեթանոսական սովորույթներից արմատավորվեցին ճշմարիտ հավատքին: Ուռենու ճյուղերը ոչ թե վեր են բարձրանում, այլ խոնարհվում են: Սա ցույց է տալիս, որ նույնպես քրիստոնյաները պետք է խոնարհ լինեն: Երբ կտրում են ուռենու գագաթը, այն կրկին առատ շիվեր է տալիս: Այսպես նաև շատ մարտիրոսներ գլխատվեցին և երկնային անթառամ պսակների արժանացան:
Դռնբացեք։ Կիրակի երեկոյան կատարվում է արարողություն, որը կոչվում է Դռնբացեք: Քանի որ եկեղեցու խորանը խորհրդանշում է Երկնքի Արքայությունը, ապա Մեծ Պահքի շրջանում խորանի վարագուրված լինելը ցույց է տալիս Արքայության փակված լինելը մեղավոր մարդկանց համար: Արարողության ընթացքում խորան են բարձրանում երեք հոգևորականներ և ծնկի գալով ու հատակին դրված մի փայտի բարձր թակելով (դռան թակոցներին նմանեցնելով)` խնդրում են Տիրոջը բացել Արքայության դռները: Փակ վարագույրի մյուս կողմում ևս հոգևորականներ են լինում, ովքեր խորհրդանշում են երկնային զորություններին: Նրանց միջև հարցուպատասխանից հետո հայտարարվում է, որ երևում է Տերը, և իրենց մեղքերի համար զղջացած ու ապաշխարած մարդկանց առջև բացվում են Արքայության դռները: Արարողության խորհուրդը ներկայացնում է նաև «Բաց մեզ Տէր» մեղեդին։